Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային նախագծի տապալումը

Փետրվար 05,2021 10:00

Ներկա իշխանություններին կարծես թե հաջողվել է համոզել մեր բնակչության մեծամասնությանը, որ «հայկական կարգավիճակով» Արցախ ունենալն այնքան էլ կարեւոր չէ, եւ եթե անգամ մնացած մասն էլ մենք հանձնենք Ադրբեջանին (որի վտանգը, համաձայնեք, իրական է), դրա մեջ էլ ոչ մի սարսափելի բան չկա: Դա իբր չի խանգարելու Երեւանում կամ Գյումրիում մեր ապահով եւ բարեկեցիկ կյանքին: Ավելին՝ այն, որ Հայաստանը փաստացի կորցնում է իր անկախ կարգավիճակը, դա էլ, ըստ այդ տրամաբանության, խնդիր չէ. ամենայն հավանականությամբ, մենք կշարունակենք ունենալ դրոշ, նախարարներ եւ դեսպաններ:

Եթե այդ մտայնությունը գերիշխող է, ապա դա նշանակում է միայն մի բան. այն նախագիծը, որով ստեղծվել է Երրորդ հանրապետությունը, տապալվել է: Եկեք մի պահ մոռանանք, թե ով է դրանում մեղավոր եւ փորձենք պատասխանել մեկ այլ հարցի՝ արդյոք գոյություն ունի՞ որեւէ այլ ազգային նախագիծ: Այլ կերպ ասած, արդյոք պատմական երկարատեւ հեռանկարում հնարավո՞ր է հայկական ինքնության պահպանումը՝ առանց հայկական պետության: Ինձ թվում է, այն չափով, որով, ասենք, ասորիները պահպանել են իրենց ինքնությունը, մենք էլ կպահպանենք: Որպես թանգարանային նմուշ ներկայացող հնագույն մի ազգ, այո՝ կպահպանվենք: Հնարավոր է անգամ, որ Կրասնոդարում կամ Գլենդեյլում դարեր շարունակ գործեն «Շուշի» եւ «Հադրութ» անունով քյաբաբնոցները: Եթե դա է մեր հավակնությունների նշաձողը, ապա ամեն ինչ իսկապես OK է:

Բայց եթե ներկայումս առկա հասարակական միտումները շարունակվեն, ապա մենք չենք կարողանա ավելի մեծ հավակնություններ ունենալ՝ ի հակադրություն այն տեսլականի, որը, կարծես թե, ունեցել ենք 1991 թվականին: Բանն այն է, որ պատմական մոտ ապագայում Երեւանում կամ Գյումրիում բարեկեցիկ ու ապահով կյանք ունենալը պատրանք է: «Ինչո՞ւ եք կարծում, որ թուրքերը չեն հարձակվի Սյունիքի վրա», – հարցնում եմ ես նման պատրանքներ ունեցողներին: «Ռուսը չի թողի», – պատասխանում են նրանք: Մոտակա ամիսներին, այո, չի թողի: Մոտակա 5 տարիներին՝ կասկածելի է: Դրանից հետո՝ ոչ ոք չի կարող ասել:

Ռուսը «թողեց», որ Աղդամում, հայկական բնակավայրերից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, միանգամայն «լեգիտիմ» հիմունքներով տեղակայվեն 60 թուրք զինծառայողներ՝ «մոնիտորինգի կենտրոնի» անվան տակ: Դա, իհարկե, պատերազմի եւ ներկայիս իշխանությունների «իմաստուն» քաղաքականության արդյունքն է: Բայց դա նաեւ՝ Ռուսաստանի թուլության նշան է: Վերջին տարիներին՝ ի հեճուկս կայսրապաշտական հռետորաբանության, այդ երկիրը կորցնում է իր քաշը: Եթե մարդիկ ասում են՝ «ռուսը չի թողնի», ոչ թե՝ «մենք չենք թողնի», ուրեմն նրանք փրփուրներից են կախվել: Եվ, ի դեպ, փաստ չէ, որ մոտակա տարիներին նույն ռուսներն ու թուրքերը թույլ տան մեզ դրոշի, նախարարների եւ դեսպանների տեսքով «խաղալիքներ» ունենալ:

Այդ ամենը, սակայն, մեր բնակչության մեծամասնության հետաքրքրություններից դուրս է: Նրանք գուցե հոգու խորքում հասկանում են, որ իմ նկարագրած հոռետեսական սցենարն իրական է: Բայց, հավանաբար, մտածում են՝ «ոչինչ, այդ դեպքում կգնանք Կրասնոդարում քյաբաբ կուտենք»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (13)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Թիւրիմացութիւնը այնքան խորունկ ու էական է, որ փաստօրէն, այս խմբագրականին մէջ՝ «ազգային» եւ «պետական» բառերը գործածւում են որպէս հոմանիշներ: «Ազգային նախագիծ» եւ «հայկական պետութիւն», որպէս հիմնականօրէն նոյն իմաստ ունեցող բանաձեւեր:

    Մէկդի դնելով աշխարհի տարածքին այլ օրինակներ, Հայոց Պատմութեան մէջ, 1830-ական թուականներից սկսեալ, ծագում առաւ՝ Հայ Ազգի յղացքը, ու այդ «ազգային նախագիծը» աճեցաւ, զարգացաւ, առանց որե՛ւէ «հայկական պետութեան»: Մինչե՜ւ՝ 1918 :

    1918-էն 1921, «ազգային նախագիծ»ը ծնունդ տուաւ «հայկական պետութեան», ու երկուքը միաձուլուեցան:

    1921-էն 1991, «ազգային նախագիծ» ը առկախուեցաւ – չասելու համար՝ անէացաւ -, մինչ կար՝ «հայկական պետութիւն» մը, իր խորհրդային տարբերակով:

    1991-ի առնչութեամբ, ճիշդ էք ասում, որ՝ «ազգային նախագիծ»ի վրայ հիմնուեցաւ Անկախացումը: Անկախութեան Հռչակագիրը ուղղակի, բառացիօրէն, այդ կը հաստատէ ու կը փաստէ:

    Ու անկէ եղաւ – կամ չեղաւ-, ինչ որ եղաւ – կամ ինչ որ չեղաւ -: Այս պահին, ես ձանձրացած եմ այդ անիմաստ վիճաբանութենէն: Անիմաստ, քանի որ Արցախը գնաց:

    Սակայն, վերեւ պարզուած տարրական տուեալների լոյսին տակ, ասկէ ետք, շատ ել հնարաւոր է որ գոյութիւն ունենայ «հայկական պետութիւն» մը, առանց ազգային բաղադրիչին, առանց «ազգային նախագիծ»ի:

    Ատիկա այլեւս որոշեցէք դուք, Հարաւային Կովկասի բնիկ հայերդ (ներառեալ մի քանի սերունդներէ ի վեր արդէն այդտեղ հաստատուած, հեռաւոր անցեալի արեւմտահայերը, որոնք, սովետական հնոցին ընդմէջէն, նոյնացած են սոյն բնիկներին) :

    Միայն թէ, ասկէ յետոյ, պաշտօնապէս՝ գոնէ վերջ թող դրուի այն նախնական կեղծիքին, թէ այժմու այս Հայաստանը իբրեւ թէ հիմնուած է «ազգային նախագիծ»ի վրայ: Զինանշանն ու օրհներգն ալ արդէն կը փոխէք, այդ մասին շատոնց է որ ծրագիրներ կային: Դրօշակն ալ… դեհ, թող մնայ ձեզի նուէր, ոչինչ: Յիշատակ:

    Մ. Հայդուկ Շամլեան
    https://haytougchamlian.blog/
    https://www.facebook.com/Blog-H-368796210632940

    • Հ.Շ. says:

      Յ.Գ. Ասացի մէկդի դնենք ուրիշները, բայց նորէն ալ, ահա մի քանի օտար օրինակներ ժողովուրդներու որոնք իրենց էական ինքնութեան մէջ ունին «ազգային նախագիծ», ուր որ ել լինեն աշխարհի տարածքին, առանց որեւէ ինքնիշխան պետականութեան՝ քիւրտերը, չէչէնները, ԱՄՆի եւ Քանատայի բնիկ հնդիկները, Քէպէքցիները, Փուերտո-Ռիկոցիները, Թիպեթցիները, պաղեստինցիները, եւ այլն. եւայլ. շարքը իսկապէս շա՜տ երկար է… (պարզապէս Կուկըլեցէք՝ stateless nations…)

      Իսկ անխուսափելի օրինակը նշելու համար՝ Իզրայէլը անհրաժե՞շտ է, որ Հրէաները ըլլան… ինչ որ են… ու մնալու են… ինչ որ եղել են, առանց որեւէ պետութեան, Մարդկութեան ծագումէն ի վեր… ու այս պարագային ոչ միայն առանց պետականութեան, այլ առանց ոչ իսկ «ազգային նախագիծի»… կրօնական ինքնութեամբ, միայն…

      Հայութեան պարագային կ’արժէ մատնանշելը որ, մենք ախպարներս, որ դուք նաեւ «թրքահայեր» կը կոչէք, վերջին հաշւով՝ անհամեմատօրէն նուազ (եթէ, որեւէ) կապ պիտի ունենանք թուրքերի եւ թրքութեան հետ, քան թէ անցեալում «Ռուսահայաստան» կոչուող տարածաշրջանի հայերը…

      Իսկ, դեռ պետականութիւնն ալ մէկդի դրած… Հո՛ղը, հո՛ղը, հողը՜՜ ըսելով, երեսուն տարի վրանիս քալեցուցիք որ՝ ամենակարեւորը, էականը, այ՛դ է: Սակայն ահա հիմա անհերքելի փաստը՝ Անդրկովկասի հայերը այդ որքա՜ն հեշտօրէն հաշտուեցան այդքա՛ն հողերի կայծակնային կորուստին հետ, որքան հեշտօրէն յարմարուեցան այս կացութեան, մոռցան արդէն, նայում են արդէն դէպի – կարծեցեալ – ապագան: Ոմանք նոյնիսկ սփոփանք ենք զգում, ըստ երեւոյթին…

      Եթէ այ՛ս աստիճան չէիք ուզէր այդ հայկական հողերը, շատ աւելի շուտ ըսէիք մեզի, մենք ալ պարապ տեղը այսքան ժամանակ եւ միջոցներ չէինք վատներ: Ու հիմա ալ, այս անհանդուրժելի, անբուժելի ցաւին չէինք մատնուեր:

      Առանց Արցախի «Հայաստան»ը՝ ձեզի կը պահէք, մերսի: Բարի վայելում: Յաջողութիւն:

  2. Սարգիս Զեյթունյան says:

    Ծրագիր կա՛: Ապազգային է, ճիշտ է, բայց՝ կա: Ասված է՝ «Ամեն մի փլուզում, որքան էլ դա դաժան հնչի, զրոյական կետ է, նորը ստեղծելու հնարավորություն…» (https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2020/12/19/Nikol-Pashinyan-message/): Սա վերաբերում է նաև հին ծրագրին: Այո, այն տապալված է: Փոխարենը՝ նորն է հաջողությամբ իրականացվում: Առաջին փուլն ատելության հիման վրա հասարակության ապուշացումն էր (թող ինձ ներեն ապուշացածները): Երկրորդը՝ կամակատար թափթփուկներով պետական ապարատն ու ուժային կառույցները լցնելը: Երրորդը՝ Արցախից՝ որպես բալաստ, ազատվելը: Սրան զուգահեռ ընթացքում է ապուշացման երկրորդ փուլը՝ իր ու բաղլոյանների հայտարարությունների միջոցով: Իմ կարծիքով, ժամանակն է, որ այս ամենը ոչ թե վերագրվի ապաշնորհությանն ու մոլագարությանը, այլ նախապես մտածված ծրագրի հաջող իրականացմանը: Համաձայն եմ, որ պետականաշինության համար անհրաժեշտ ունակություններից բացարձակ զուրկ է: Փոխարենն ունի պետականակործան ունակությունների փունջ, ապուշացրածների ու կամակատարների մեծ բանակ, որոնց միջոցով էլ խաղում է իր խաղը (https://www.youtube.com/watch?v=yLj-mnn_YXk), ճիշտ է՝ ոչ սեփական:

    • Ruben says:

      2018 թվականից մինչ օրս պետական բյուջեից որքա՞ն գումար է հատկացվել Աշոտ Բլեյանին և Լեւոն տեր Պետրոսյանին: Քանի՞ հարյուր միլիոն…

  3. Ruben says:

    Ես անսահման ուրախ կլինեի, եթե Նիկոլ Փաշինյանը լիներ Ադրբեջանի Նախագահ, իսկ Լեւոն Տեր Պետրոսյանը՝ Թուրքիայի:
    Միայն այդ դեպքում մենք կկարողանանք հաղթել թուրքերին:
    Իսկ թավշյա ուսապարկերի համար Ղուկասյանի շրջանում (Աշոցք) կառուցել ստերիլիզացման կլինիկա:

  4. Լավատես says:

    Երեկ էլ էինք բողոքում, այսօր էլ ենք բողոքում, բայց երեկ ավելի լավ էր, քան այսօր եւ ըստ օրինաչափության, եթե շարունակենք բողոքելով լցնել այսօրը, ուրեմն վաղը կլինի ավելի վատ, քան այսօր է:
    Հայի ամենահզոր, ամենադաժան, ամենաանհաղթահարելի թշնամին ո՞վ է.. Հայի թուլություննե՛րն են: Եթե մենք հայերով ջախջախենք մեր իսկ միջի այդ զարհուրելի անհաղթելի թշնամուն՝ թուրք-մուրքը կդառնան խաղուպար: Մենք պետք է զավթենք, գրավենք ու ջախջախենք մեր յուրաքանչյուրիս միջի ներքին թշնամուն եւ դա կարող է անել միայն խստաբարո, բայց եւ արդար Ուսուցիչը, մենք ազգովին սովորելու ու դաստիարակվելու մեծագույն պահանջ ունենք, մենք զարգանալու եւ դրա հետ մեկտեղ պատասխանատու դառնալու մեծագույն պահանջ ունենք: Մեր անմահացած ջահելությունը այդ բոլոր բարձր հատկանիշներն ունեին, նշանակում է մենք էլ ապրողներս շանս ունենք նման հատկանիշներ ձեռք բերելու, նրանք ընտանիքում եւ բանակում ճիշտ Ուսուցիչներ ունեին եւ ճիշտ դաստիարակություն ու գիտելիք են ստացել, մեր ազգը ունի հայտնի Ուսուցիչներ, խնդրենք ազգովին նրանց դառնան մեր քաղաքացիական հրամանատարները եւ երդում տանք, որ անձեռնմխելիորեն կկատարենք նրանց հրամանները եւ կկառուցենք մեր հզոր քաղաքացիական բանակը, որն էլ որակով ռազմական բանակի գրավականն է: Զարգացումը արարելու հետեւանք է, դե Արարիչն էլ արարչագործների բարեկամն է, ներդաշնակ լինենք մեր Արարչի հետ:

  5. Armen says:

    Երրորդ հանրապետության նախագծի տապալման սկիզբը մեկնարկել է 1999թ-ի հոկտեմբերի 27-ին: Վերոնշյալ գործողության սցենարիստների ու ռեժիսորների հավանական ցանկի վերաբերյալ պետության այդ տարիների ողջախոհ բնակչության զգայի մասը լավ պատկերացում ունի….

  6. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Շնորհակալ եմ հետաքրքիր քննարկման համար: Եթե մարդիկ կան, որոնք մտածում են, որ մեր պետության եւ, մասնավորապես, անվտանգության վիճակը նույնն է պատերազմում կրած ծանր պարտությունից հետո եւ առաջ… ինչ արած, դա էլ է տեսակետ: Գուցե տեսակետ է, որը կիսում է մեր քաղաքացիների զգալի մասին:

    • Հ.Շ. says:

      Սակայն «տեսակէտ» բառին առաջին լեզուաբանական արմատը կը վերաբերի՝ «տեսնելու»…

      Իսկ քանի որ արդէն այդպէս կարծողները՝ կարդալ շատ չեն սիրեր, թերեւս պէտք է որ պարզապէս տեսնեն՝ պատերազմէն ետք հաստատուած Հայաստանի քարտէզին նկարը. նային միայն այդ պատկերին. (մէկդի դնենք Արցախի լման շրջապատուած մնացորդացը, քանի որ փաստօրէն այդ տեսակի հայաստանցիների համար, դա կարեւոր չէ… չեն իսկ ըմբռնած որ այդ տարածաշրջանի կապը Հայութեան հետ…) :

      Հայաստանի լման ու լրի՛ւ արեւելեան սահմանին վրայ այժմ բացուեցաւ ամբողջովին նոր, թրքական սահման մը: Ամենավերից մինչե՜ւ ամենավարը:

      Մինչ արեւմտեան սահմանը արդէն այդպէս, նոյնպէս թրքական սահման էր, վերէն մինչեւ վար:

      Հարաւայինն լրիւ սահմանին վրայ ալ կ’ապրին տասնըհինգ միլիոն թուրքեր – շրջանը ուղղակի կը կոչեն «Իրանական Ադրբեջան» – :

      Եւ Հայաստանը այժմ բանակ չունի:

      Ապագան շա՜տ փայլուն է հայերի համար, Անդրկովկասի մէջ:

  7. Armen says:

    Երկրագնդի վրա չկա հայ, որը մտածում է, որ պետության անվտանգությունը պատերազմում կրած պարտությունից առաջ և հետո նույնն է: Պարզապես գոնե պետության անվտանգության հարցը չարժե մանիպուլացնել, պարտության պատճառների ճիշտ վերլուծությունը ինչ որ չափով կօգնի նոր անվտանգության համակարգի ձևավորմանը: Ասել կուզեմ պարտության պատճառները միայն վերջին երեք տարիների հետևանքը չեն…

    • Հ.Շ. says:

      . Պատերազմը սկսաւ, այս վարչակարգի պատասխանատւութեան ներքոյ: Այսքանը, անհերքելի է:

      . Շատ լրջօրէն հիմնաւորուած են նաեւ այն բիւրաւոր վերլուծումները – ներառեալ, այլազան օտարների կողմէ արտայայտուած -, որ այս պատերազմը՝ սկսաւ, վերջին երեք տարիների պատճառով: Այս ալ, լայնօրէն առարկայական հաստատում է:

      . Իսկ թէ որ՝ «հա, բայց այս տեսակի պատերազմը, երբ որ ալ տեղի ունենար, արդիւնքը հաւանաբար նոյնը կը հանդիսանար», դա արդէն դարձաւ զուտ ենթակայական, կողմնակալ կարծիք: Եթէ բարեհաճին մարդավարի, իսկական քննութեան մը ենթարկել՝ պատերազմի ընթացքն ու յանգումը , այն ատեն կրնանք լրջօրէն խօսիլ այս մասին:

      . Սակայն ամէն դէպքում, այդ ամէնը կապ չունի այն իրողութեան հետ որ, փաստօրէն, այս վարչակարգին ներքոյ, շատ մը հայաստանցիների համար, մասնաւորապէս «յուզիչ» չէ Արցախի կորուստը: Որեւէ տեսակէտից:

      Եւ այս տուեալը յաւելեալ ապացոյց մըն է որ այժմու վարչակարգը, Անկախութենէն ի վեր առաջին ու միակ վարչակարգն էր որ, իսկական կարելիութիւնը, պատեհութիւնը եւ առիթը ունէր՝ Արցախի հիմնախնդիրը լուծելու, առանց պատերազմի. բանակցութեան սեղանի վրայ դրուած, արդէն իսկ պատրաստ, խաղաղութեան համաձայնութեան սեւագրութիւնը դարձնելով պաշտօնական դաշինք, ստորագրուած բնագիր, իրականութիւն: Պարզապէս, հանրաքուէի մը ուղիով: Որուն պէտք է որ ձեռնարկէր՝ 10 Դեկտեմբեր 2018-ին:

    • Ruben says:

      Մինչեւ վերջին զինված բախումը Հայերի ու մերձկասպյան թաթարների զինված կազմավորումների միջեւ, հայկական կողմից պատասխանատու են զինվորականները, ովքեր կռվել չգիտեին: Զինծառայողների (սպաների) մեծ մասը գնում էր աշխատանքի, ոչ թե ծառայության: Զինվորների ու ենթասպաների մեծ մասը ծառայում էին մի սկզբունքով՝ «օրն անցավ, հերն էլ անիծած»: Այսօրվա ռազմական տեխնիկայի վրա ես ծառայել եմ դեռ 40+ տարի առաջ: Իմ առաջին ռադիոկառավարվող անօդաչու թռչող սարքը իմ ձեռքերով հավաքել եմ դեռ 50+ տարի առաջ պիոներների պալատում (Մոսկովյան փողոց):
      Զինծառայողների մարտական պատրաստության մակարդակը չի չափվում թավշյա սննդով, խորովծ-քյաբաբով, շվեդական սեղանով ու շոու շքերթով: Զինվորականը պետք է կռվել իմանա ու կարողանա: Ոչ մի քայլ ետ: Հայրենիքի համար առաջ:
      Երկու տարվա ընթացքում պետք էր раскулачить անել նախկին պաշտոնյաներին և կառուցել մարտունակ բանակ:
      Ոչ ոք չի սիրում և չի ուզում լսել ճշմարտությունը:
      Մինչ այժմ ոչ ոք չի կառուցել այն, ինչ ոչնչացրեց առաջին նախագահը:
      Ոչ ոք չի վերականգնի այն, ինչ ոչնչացրեց հանրապետության վերջին ղեկավարը: Դարեր են պետք:

      • Հ.Շ. says:

        Հայոց Աշխարհում չկայ մէկը, որ ինծի չափ արտայայտուած ըլլայ՝ Առաջին Նախագահին դէ՛մ:
        Սակայն իրողութիւնը այն է որ իր նախագահութեան ժամանակ է որ յաղթեցինք, Արցախը ազատագրեցինք: Ինք նաեւ Ղարաբաղեան Շարժումի դերակատարներից մէկն էր, բախումները սկսելէն առաջ իսկ: Կարելի չէ անտեսել այս էական տուեալները (իսկ դաւադրութեան տեսութիւններն ալ իմ թէյի բաժակս չէ, սօրի…)

        Հայկական Բանակին նիւթով՝ ես հակում ունիմ համոզուելու, որ այդ Բանակը շատ գէշ վիճակի մէջ էր, արդէն, 2018-ին: Պլեֆ մը դարձած էր: Սակայն փաշինյանական վարչակարգը չէր գիտեր, այ՞դ… Չգիտնալը արդէն ինքնին յանցանք է, երբ որ այդ կերպով ձեռքդ առած ես ամբողջ իշխանութիւնը: Բայց փաստօրէն գիտէին, քանի որ իշխանութեան տիրանալէն առաջ եւ վերջ, բիւրաւոր յայտարարութիւններ ըրած են, ուղղակի այդ մասին: Ուրեմն քանի որ այդպէս էր, ինչո՞ւ անելի կացութեան մատնեցին բանակցութիւնները, ապա՝ սկսան կռուազան, գրգռիչ խօսքեր նետել Ադրբեջանին ! Միաժամանակ, Ռուսաստանի հետ յարաբերութիւնները պղտորելով: Միաժամանակ, ներազգային աննախադէպ պառակտում գոյացնելով – ընտրութիւններէն ետք՝ լրիւ աւելորդ, անիմաստ կերպով… – : Այսինքն, բան չթողեցին՝ որ պատերազմը բռնկի, եւ պարտուինք: Ես դեռ չեմ հաւատար սակայն որ դիտմամբ եղաւ, այս ամէնը: Ծայրագոյն աստիճանի յիմարութիւն, ողբերգական աւանակութիւն էր, պարզապէս: Օրինակի համար, Բանակի տկարութեան կապակցութեամբ, մարդը կարծեց թէ մէկ երկու կոչեր կը գրառէ իր ֆէյսպուքի էջին վրայ, եւ հո՛փ՝ բիւրաւոր ֆետայիներ կը փութան Արցախ, ու կը կրկնուի առաջին պատերազմի ընթացքը: Մարդը իսկապէս հաւատում էր իր «կախարդական փայտիկ»ին… Կարծում էր թէ ինք կարող է ամէն ինչ տնօրինել այնպէս, ինչպէս իր խելագարուած ամբոխին հետ խաղաց եւ զուարճացան, Կենդրոնի փողոցներուն մէջ… Պիտի նախընտրէի՛ որ փաստուի թէ կատարուածը նախապէս ծրագրուած էր, թէ երկրին տիրացած այս զզուելի արարածները բառին տառացի իմաստով դաւաճանութիւն գործեցին, արտաքին ուժերի գործակալներ են, եւ այլն. Քանի որ աւելի հաւանական ճշմարտութիւն, շատ աւելի ցաւագին է… Որ՝ անխելք ժողովուրդ մը անխելք ղեկավարներ ընտրեց, եւ ահա՝ արդիւնքը… Պիտի նախընտրէի որ այս Աղէտը դաւադրութեան պատճառով տեղի ունեցած ըլլար, քան թէ՝ Հայութեան էշութեան… Պատմութեան լոյսին տակ՝ երեւի բնորոշ գիծ մը… սակայն պահ մը կարծեցինք որ սովորել ենք մեր անցեալի ինքնաքանդիչ աւանակութիւններէն… եւ այդ ուղեղային դարմանումի հաստատ փաստը կը համարէինք… Արցախի ազատագրումը:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728