Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առողջապահության երրորդ նախարարն է առարկություն ուղարկում դատարան՝ լրագրողն ընդդեմ նախարարության գործով

Փետրվար 05,2021 13:30
lurer

Լրագրող Արթուր Հովհաննիսյանը 2017թ. դեկտեմբերի 11-ին «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում, որպես լրագրող, ասուլիս էր հրավիրել՝ կապված նախորդ օրն իրեն հայտնի դարձած մի փաստի մասին. Շիրակի մարզի Այգաբաց գյուղի դպրոցում մարդու պապիլոմա վիրուսի դեմ գարդասիլ պատվաստանյութը տասներեքամյա աշակերտուհիներին պատվաստելու ձախողված փորձ է տեղի ունեցել, ծնողները «դպրոցից դուրս» են հրավիրել բուժաշխատողներին: «Առավոտը» լուսաբանել է ասուլիսը ու դարձել առերեւույթ «կասկածյալ», այն է՝ երրորդ անձ: Ու սա առաջին անգամը չէ, երբ մենք հրավիրվելով ասուլիսների, բարեխղճորեն կատարում ենք մեր մասնագիտական պարտականությունները, սակայն ոչ միայն դառնում ենք «կասկածյալ», այլ դատական գործընթացին երրորդ անձից դառնում ենք պատասխանող, այնպես, ինչպես քրեական գործերով հրավիրում են, որպես վկա, ապա՝ մեղադրյալ:

Լրագրող Արթուր Հովհաննիսյանը հայտնել էր, որ տեղեկության չճշտելը պայմանավորված էր նրանով, որ ծնողներից փոխանցված տեղեկությունը ստացվել էր կեսգիշերին: Լրագրողը ասուլիսին այդ կապակցությամբ հայտնել էր. «Ես այդ տեղեկությունը գիշերն եմ ստացել, դեռ չեմ հասցրել ճշտել, կպարզենք: Ես ուղղակի որպես ահազանգ եմ հնչեցնում այստեղ եւ եթե պարզվեց, որ այդ լուրը համապատասխանում է իրականությանը, ապա Շիրակի մարզի Այգաբաց գյուղի պոլիկլինիկայի բժշկուհիները դրա համար (եւ ղեկավարությունը) խստորեն պատասխան են տալու: Ես խոստանում եմ լրագրողական հետաքննություն սկսել եւ ավարտին հասցնել, պարզել այս իրականությունը, թե ինչ է իրականում կատարվել, եթե նման բան չկա, մենք, իհարկե, կտեղեկացնենք, որ այդ ահազանգը չի համապատասխանում իրականությանը, բայց վայ այդ բժշկուհիներին, այստեղից ես հայտարարում եմ իրենց ի գիտություն»:

Պատասխանող՝ ՀՀ առողջապահության նախարարությունը ժամեր անց իր պաշտոնական կայքում «Պետք չէ ապավինել կեղծիքին. Շիրակի մարզի Այգաբաց համայնքի դպրոցում պատվաստումներ կատարելու փորձ չի եղել» վերնագրով տպագրեց պաշտոնական տեղեկատվություն. «Իսկ այսօր լրագրող Արթուր Հովհաննիսյանն իր ասուլիսում նշել է, թե իբր Շիրակի մարզի Այգաբաց համայնքում ծրագրի մեկնարկից առաջ փորձել են պատվաստումն իրականացնել դպրոցում: Եվ իբր ծնողները վռնդել են բժիշկներ կոչեցյալներին: Բանախոսն իրեն ապահովագրելու համար դիմել է լրագրողական հնարքի՝ նշելով, թե չի հասցրել ճշտել ստացված տեղեկատվությունը:

Նախարարությունը խոսել է Այգաբացի դպրոցի տնօրենի հետ եւ պարզել, այնտեղ որեւէ մեկը չի պատրաստվում պատվաստում կատարել: Պարզապես սահմանված կարգով, համայնքի մանկաբույժը եւ բուժքույրը հանդիպում են ունեցել ծնողների հետ եւ ներկայացրել պատվաստման նպատակն ու ակնկալվող արդյունքը: Հանդիպմանը երեխաներ չեն մասնակցել, եւ որեւէ մեկը բուժաշխատողներին չի վռնդել: Այնպես որ, պետք չէ ապավինել կեղծիքին եւ ստահոդ լուրերին: Ժամանակն է սթափվելու»:

2018թ. հունվարի 15-ին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ. Ափինյանը որոշում կայացրեց լրագրող Արթուր Հովհաննիսյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության, երրորդ անձ՝ «Առավոտ օրաթերթ» ՍՊԸ-ի` պատվի եւ արժանապատվության պաշտպանության պահանջի մասին, ընդունել վարույթ: Նախնական անդրանիկ դատական նիստը տեղի է ունեցել 2018 թվականի մայիսի 17-ին, Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (Թբիլիսյան խճուղի): 6 նախնական դատական նիստից հետո գործը հանձնվել է դատավոր Լիլիթ Սարգսյանին: Անցյալ տարվա մարտի 16-ից նրա որոշմամբ գործը նրա վարույթում է:
Այդ ժամանակահատվածում երկու նախարար է փոխվել. Լեւոն Ալթունյան, Արսեն Թորոսյան, իսկ օրեր առաջ նախարար նշանակված Անահիտ Ավանեսյանը, որը մասնագիտությամբ իրավաբան է, միջնորդություն է ներկայացրել դատարան «Առարկություն եւ միջնորդություն վկա կանչելու վերաբերյալ», եւ ինչպես իր նախորդները՝ առարկություն ուղարկել դատարան: Այս գործով կա երեք նախարարի առարկություն:

Նախարարը հայտնել է, որ. «Պետք չէ ապավինել կեղծիքին» եւ «Այնպես որ, պետք չէ ապավինել կեղծիքին ու ստահոդ լուրերին:
Ժամանակն է սթափվելու…» արտահայտությունը վերացական բնույթ ունի, որն իր մեջ չի պարունակում կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, ուղղված չէ կոնկրետ անձի, ուղղված է հասարակությանը:
Ըստ առարկության, լրագրողի կողմից վիճարկվող արտահայտությունը «զրպարտություն չէ, քանի որ բացակայում են արտահայտությունը որպես զրպարտություն գնահատելու համար անհրաժեշտ չափանիշներից առնվազն երեքը»:

ԱՆ նախարարը խնդրում է մերժել հերքումը կամ հրապարակային ներողությունը «Առավոտ օրաթերթ» ՍՊ ընկերության www.aravot.am զանգվածային լրատվության կայքում հրապարակելուն պարտավորեցնելու մասին լրագրողի հայցապահանջը:

Ըստ պատասխանող կողմի, նշված լուրերի հերքումն ըստ էության իրականացվել է դեռեւս 2017թ. նոյեմբերի 13-ին եւ 2017թ. դեկտեմբերի 7-ին մեկ այլ կայքին տրված տեղեկատվությամբ:

Հիշեցնեմ, որ լրագրող Արթուր Հովհաննիսյանը խնդրել էր, որպեսզի ՀՀ առողջապահության նախարարությունն իր կայքում հերքի եւ իրենից՝ լրագրողից ներողություն խնդրի պաշտոնական տեղեկության համար, եւ պարտավորեցնի նաեւ վճռի պատճառաբանական եւ եզրափակիչ մասերը տպագրել «Առավոտ օրաթերթ» ՍՊԸ-ի www.aravot.am կայքում:

Նախարարի միջնորդությունը՝ նաեւ վկա կանչելու մասին էր վերնագրված, սակայն ոչ մի տողով չկար, թե խոսքը ինչ վկայի մասին է:
Դատաքննությունը նշանակվել է ապրիլի 21-ին:

Դատական գործընթացների ոչ ողջամիտ ժամկետների՝ տարիներ շարունակ ձգձգվող նախնական նիստեր, պատասխանողների անվերջ փոփոխություններ, դատական կազմի փոփոխության պատճառով մեր լրատվամիջոցը հրաժարվել է դատարանում ներկայացուցիչ ունենալ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728