Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր մեջ ուժ գտնենք ու վեր հառնենք մեզ համակած ունայնությունից, նեգատիվի մթնոլորտից»

Փետրվար 05,2021 12:30

Հարցազրույց Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Նարինե Սարգսյանի հետ:

– Նախ խոսենք մի թեմայից, որը շատ է շոշափվում։ Ի՞նչ եք կարծում առանձին մշակույթի գերատեսչություն ունենալու մասին, ի վերջո կունենա՞նք։

– Կարծում եմ, կգա այդ ժամանակը, երբ կգնահատենք եւ լրջորեն կարժեւորենք մշակույթի դերը մեր կյանքում` մեր ինքնության պահպանման, զարգացման, մեր հոգեւոր արժեքների աշխարհասփյուռ հայտարարագրման հարցում, կիրթ ու մտածող, ազգային դիմագիծ ունեցող սերունդ դաստիարակելու գործում, հզոր, ուժեղ, ամրակուռ ազգ-պետություն դառնալու մտադրությամբ: Այսօր հատկապես նման մոտեցումը հրամայական է դարձել, եւ այդ համատեքստում պետք է, ինչ խոսք, ունենալ ազգանպաստ հստակ քաղաքականություն վարող մշակույթի առանձին գերատեսչություն:

– Առհասարակ մշակույթի ու կրթության միասնականության մասին ի՞նչ տեսակետներ ունեք։

– Մի մեդալի երկու կողմերն են: Մշակույթը լատիներենից թարգմանաբար նշանակում է նաեւ կրթություն, մշակույթը ներառում է կրթության արդյունքը, իսկ կրթությունը մշակույթ է ձեւավորում: Իմիջիայլոց, շատ երկրներում ստեղծագործական բուհերը ենթարկվում են մշակույթի գերատեսչությանը եւ ոչ թե կրթության: Կարծում եմ՝ այդպես ավելի ճիշտ է, ստեղծագործական բուհերում ուսումնական գործընթացներն ունեն առանձնահատկություններ, որոնք միշտ չէ, որ համընդհանուր չափորոշիչներով պետք է ուղղորդվեն: Եվ հետո արվեստի մասնագիտությունների գծով կրթությունը պետք է երկրի մշակութային ռազմավարական ծրագրի բաղկացուցիչը լինի եւ կազմակերպվի դրանից բխող կարեւոր պահանջարկով: Մենք առաջնահերթ պատրաստում ենք ազգային կադրեր, որոնցից շատերը, սակայն, կարող են մրցունակ լինել նաեւ միջազգային ասպարեզում:

– Ազգային գաղափարներով առաջնորդվելու լավագույն միջոցը նաեւ մշակույթի պահպանումն է։ Ձեր դիտարկումների արդյունքում ինչքանո՞վ է այն արդարացված, ի՞նչ պատկեր ունենք հիմա։

– Ազգային մշակույթը անգնահատելի արժեք է: Այո, մենք պետք է պահենք ու պահպանենք մեր ինքնությունն ապացուցող մշակութային գանձերը, ճանաչելի դարձնենք աշխարհով մեկ, աշխարհի հետ հաղորդակցվենք մեր մշակույթի լեզվով: Պետք է ունենանք մշակութային ռազմավարական հստակ ծրագիր, որը հետեւողական եւ անվրեպ պետք է կյանքի կոչի համապատասխան գերատեսչությունը: Մեր ազգային գաղափարը, ինչպես հնչեցրել են շատ հայտնիներ, եթե մեր միասնականությունն է, որը եւ մեզ ուժեղ է դարձնում, ապա մենք պետք է առավել քան մեր հոգեւոր արժեքները փայփայենք, սնվենք այդ հարուստ ժառանգությունից, լինենք միաբան եւ շարունակենք ստեղծել ու ստեղծագործել: Մենք պետք է դիմակայենք գլոբալացման մեքենային, որպեսզի չվերանանք աշխարհից, չոչնչանանք: Ինչքան մենք ամրակուռ լինենք մեր` փոքր ազգի, ինքնատիպ տեսակով ու բարձր որակներով, այնքան մեր դերակատարությունը համաշխարհային մշակույթի համատեքստում տեսանելի կլինի, այնքան հետաքրքրությունը եւ հարգանքը մեր հանդեպ կմեծանա:

Ազգայինը կատարյալ ներկայացնելու դեպքում դու համաշխարհային մշակույթի մասնիկ ես դառնում եւ հիացմունք ես պատճառում աշխարհի մարդկանց՝ քո ինքնարտահայտման անկրկնելիությամբ: Ընդամենը մեկ-երկու օրինակ բերեմ. ամբողջ աշխարհը ճանաչում է Արամ Խաչատրյանին եւ «Սպարտակ» է պարում հայկական երաժշտության ներքո: Կամ, ասենք, Ջիվան Գասպարյանի դուդուկը դյութիչ ու հուզական է հնչում դարձյալ ամբողջ աշխարհի համար։ Սա է բանալին` դառնալու հզոր, ուժեղ, ստիպելու ճանաչել, ընդունել եւ հարգել քեզ, բարձրացնել ազգիդ վարկանիշը ու ազգային գաղափարը հաղթաթուղթ ծառայեցնել նախեւառաջ մշակութային զենքով: Ինչ վերաբերում է այսօրվան, ապա նախ մենք պետք է մեր մեջ ուժ գտնենք ու վեր հառնենք մեզ համակած ունայնությունից, համատարած նեգատիվի մթնոլորտից, շտկենք մեր մեջքը եւ կորցրածի մեջ մեր մեղքի բաժինը եւ սխալները գիտակցելով` եռապատիկ ավելի ջանքեր գործադրենք միավորվելու, համախմբվելու, արարելու եւ մեր պայքարի ճշմարտությունը անտարբեր ու «մտահոգ» աշխարհին ապացուցելու:

– Հայ մարդու համար հոգեբանական դեր ունեն մի շարք մշակույթի ճյուղեր։ Խոսենք կինոյից եւ թատրոնից։ Գերլարված այս շրջանում ի՞նչ խորհուրդներ ունեք։

– Խորհո՞ւրդ, երանի թե մեկը գտնվեր ու ինձ այսօր խորհրդով օգներ: Ինչ խոսք, պետք է չհանձնվել, պետք է աշխատել. յուրաքանչյուրս մեր ճակատում, մեր առաքելության շրջանակներում պետք է «կենաց ու մահվան» կռիվ տանք: Թատրոնի եւ կինոյի համար դժվար ժամանակներ են` համավարակ, ետպատերազմյան շոկ: Ժամանակ է պետք այդ ամենի հետեւանքները «մարսելու» համար: Համավարակը աշխատելու նոր պայմաններ թելադրեց, իսկ պատերազմը թատրոնների խաղացանկը խմբագրելու անհրաժեշտություն ստեղծեց: Նոր թեմաներ ու սյուժեներ են սպասում ազգային կինոյին, մեր հերոս զինվորներից յուրաքանչյուրի կյանքը կինոնովելի արժանի նյութ է:

Արվեստը երբեւիցե իր ճանապարհը հեշտ չի հարթել, լավագույն ստեղծագործությունները դժվար ժամանակներում են ծնունդ առել: Մուսաները, կարծում եմ, չեն լռել, այլ ներքին խմորումներ են ապրում։ Իսկ արդյո՞ւնքը, կապրենք` կտեսնենք:

– Այս բարդ շրջանում, կարծում եմ՝ արվեստագետների մոտ էլ է կորցրածը վերագշտնելու միտքը շոշափվում։ Հեռանկարներ ունե՞ք։

– Ուզում եմ առանց հապաղելու պատասխանել` ունենք: Ինչ խոսք, մեր անասելի ու անբուժելի ցավը հավերժության տիրույթում է, քանի որ մեր հազարավոր զոհերին ետ չես վերադարձնի, սակայն կորսված Հայրենիքը անվերջ մեզ է կանչելու: Եթե հաշտվենք կորցրածի հետ` մենք քայլ առ քայլ կործանման ենք գնալու: Ես չեմ կարծում, թե վաղը մենք կհաջողենք: Մենք պետք է համբերությամբ զինվենք ու երկիր կառուցենք` ազատ, արդար, անվտանգ, հզոր, կիրթ, միաբան: Չլինենք եսասեր, փողասեր, ստոր, սուտասան, քինախնդիր ու հայհոյախոս, ֆեյքերով քաղաքականություն գծող: Սիրենք, չէ՛, պաշտենք նախ մեր Հայրենիքը, հետո մեր տունը` իմացյալ մահվամբ նահատակված մեր քաջորդիների պես: Հասկանանք, որ Արցախը մեր Հայրենիքն է, ինչպես Տավուշը, Լոռին, Սյունիքը, մեր մյուս մարզերը, Արեւմտյան Հայաստանը… Ի՞նչ ասեմ… հեռանկարում մեզ ուժեղ ու հզոր, արժանահավատ առաջնորդ է պետք` այդ երազանքների իրականացման շուրջ մեզ համախմբելու համար:

– Եվ վերջում, որպես ուղերձ կամ ավարտ` ո՞վ է հայ մարդը։

– Շատ հակասական: Ուզում եմ պատասխանել Դ. Դեմիրճյանի խոսքերով. «Անհավատալի է` իր ստորության մեջ, անչափելի` իր վեհ թռիչքներում»: Սա իմ այսօրվա պատասխանն է…

Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
04.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728