Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Օպերային դիվա Հասմիկ Պապյանը չէր լինի այն, ինչ այսօր է…

Փետրվար 05,2021 13:00

Հարցազրույց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի ղեկավար Լեւոն Ջավադյանի հետ

– Պարոն Ջավադյան, օրերս ԱԺ-ում ԿԳՄՍ նախարար Վահան Դումանյանն իր ելույթում անվտանգության ապահովման տեսանկյունից կարեւորելով գիտության եւ կրթության ոլորտների համատեղ զարգացումը, նշեց՝ գիտության ոլորտում չկա մրցակցություն, փոխարենը կա երիտասարդ գիտնականների պակաս, ինչի պատճառը երիտասարդ կադրերի արտահոսքն է դեպի արտասահման. այսպես թողնել չի կարելի։ Նույն խնդիրը առկա է մշակույթի ոլորտում։ Ավելին, օրինակ, մեր կոնսերվատորիայի շնորհալի ուսանողները հենց առաջին կուրսից մտածում են փնտրել ինչ-ինչ ճանապարհներ՝ ուսումը արտասահմանում շարունակելու եւ նույնիսկ կարիերան այնտեղ սկսելու համար։

– Գիտե՞ք, մեր մեծագույն խնդիրը Հայաստանում մշակույթը այդ երկար անվամբ նախարարության կազմում ընդգրկելն է, որտեղ արդեն տրադիցիա է, որ երկրորդ նախարարը կրթության եւ գիտության ոլորտի ներկայացուցիչ է։ Եթե հիշում եք, մեր մշակույթի անվանի ներկայացուցիչները ի սկզբանե դեմ էին դրան։ Կարծում եմ՝ հետագայում էլ գալիք նախարարները կնշանակվեն կրթության, գիտության ոլորտից։ Չէ՞ որ հայ ժողովրդի դարավոր ինքնությունն ու գոյությունը պահպանվել են մշակույթով, կրոնով…

– Բայց ԿԳՄՍ փոխնախարարն, օրինակ, մշակույթի մարդ է։

– Դե շնորհակալություն, որ գոնե Արա Խզմալյանը մշակույթի մարդ է՝ թատերագետ։ Ընդ որում, բացի Խզմալյանից, երկրորդ փոխնախարարն էլ է զբաղվում մշակույթի ոլորտով, ասենք՝ թանգարաններով եւ այլն։ Բայց նրանք ոլորտի բազմաթիվ հարցերը բարձրաձայնելու եւ դրանց լուծում տալու համար իրականացնում են ԿԳՄՍ-ի միջնորդությամբ։ Տեսեք՝ ճգնաժամային այս օրերին մշակույթի բյուջեն կրճատվում է, ընդ որում՝ սա եղել է միշտ, նախկինում էլ։ Բայց հիմա գրեթե ոչնչի է հավասարվել։ Պետական այրերն ունեն այս հարցի պատասխանը. նրանք գտնում են, որ հարկավոր է ուժեղացնել տնտեսությունը, բանակը… վերջինը թողնելով մշակույթի ոլորտը։ Բայց պետք է գիտակցեն, որ այդ ոլորտները մեծ հաշվով միջոցներ են մշակույթը պահպանելու համար։

Լյուբով Կազարնովսկայայի, Գրիգորի Գաբրիելյանցի եւ տիկնոջ ամուսնու հետ (2015թ.)

– Ձեր աշխատանքն արդեն 5 տարի Ազգային օպերային թատրոնում երիտասարդ վոկալիստների հետ է, համաձայնեք, որ, ինչպես ասում են՝ նրանց աչքն էլ դուրսն է՝ կարիերայի իմաստով…

– Չեմ հերքի։ Ցավոք, ոլորտին տրամադրված բյուջեի պակասությունից եւ կոնկրետ ոչ պատշաճ պետական վերաբերմունքից ստեղծվել է մի իրավիճակ, երբ, այո, մեր հիանալի ձայները, տարիները քիչ է ասված՝ տասնամյակներ շարունակ զարդարում են այլ, թեկուզեւ հեղինակավոր թատրոնների բեմերը։ Այսօրվա մեր լավագույնները՝ Գեւորգ Հակոբյանը, Հովհաննես Այվազյանը, չեն լքում իրենց հայրենիքն ու տունը, երեխաներին մեծացնում են այստեղ, բայց, միեւնույն է, նրանց հաճախ չես հանդիպի մեր թատրոնում։ Դե, նրանք արդեն կայացած արտիստներ են։ Իսկ այո, առաջին քայլերն անողների աչքը, ինչպես ասացիք՝ դուրսն է։

– Հասկանալի է, որ անբավարար է մշակույթին տրամադրված բյուջեն։ Դժգոհեցիք ոչ պատշաճ պետական վերաբերմունքից, բայց գիտենք, որ ձեր Երիտասարդական ծրագիրը քանիցս դրամաշնորհներ է ստացել նախարարությունից։

– Հիշեցնեմ, որ Երիտասարդական օպերային ծրագիրը հիմնել ենք պայծառահիշատակ Գեղամ Գրիգորյանի հետ։ Այո, երկու անգամ ստացել ենք դրամաշնորհ, որից առաջինը Երիտասարդական ծրագրի վոկալի խորհրդատու, վաստակավոր արտիստ Իրինա Զաքյանի հետ 2019թ. Արցախում եւ Գյումրիում անցկացրել ենք վարպետության դասեր, այնուհետեւ այդ դասընթացները շարունակել Տավուշի եւ Արարատի մարզերում։ Զուգահեռ Երիտասարդական ծրագրի մասնակիցները հանդես են եկել համերգներով եւս։ Հավաստիացնում եմ՝ մարզերում պարզապես հայտնաբերել ենք բացառիկ ձայնով օժտված երիտասարդների։ Իսկ 2020թ. շահած դրամաշնորհը, հասկանալի պատճառով, չիրականացրինք։ Օրինակ, Գյումրիում հանդիպեցինք, այսօր կարող եմ հայտարարել՝ ապագա օպերային աստղ, բաս Ֆերդինանտ Մուրադյանին, որին հրավիրեցինք մեր ծրագիր։

Երիտասարդական ծրագրի շուրջ 30 երգիչներ դափնիներ են շահել միջազգային մրցույթներում, նաեւ մասնակցել վարպետության դասընթացների։ Ճիշտ է, միջազգային մրցույթներին եւ վարպետության դասերին մասնակցելու նպատակով նաեւ ստացել ենք աջակցություն ԿԳՄՍ-ից, բայց մեծամասնությամբ դրանք իրականացել են մասնավոր ներդրումների շնորհիվ։

– Չե՞ք կարծում, որ երիտասարդները «ուսումնասիրելով», օրինակ, օպերային դիվա Հասմիկ Պապյանի անցած ստեղծագործական ուղին, կգան եզրահանգման, որ այո, եթե երգչուհին տասնամյակներ շարունակ չապրեր ու ստեղծագործեր արտերկրում, չէր լինի այն, ինչ այսօր է…

– Դե գիտեք, օրինակ ես, կոնսերվատորիական կրթություն ստացել եմ Էստոնիայում, ապա մագիստրատուրան շարունակել Ֆինլանդիայում։ Աշխատել եմ մերձբալթյան եւ սկանդինավյան երկրներում ու շուրջ քսան տարի առաջ միայն վերադարձել հայրենիք։ Կոնկրետ ձեր հարցին պատասխանեմ այսպես. «Տասնամյակներ առաջ մեր երգիչները Հայաստանից հեռանում էին անարդարության պատճառով։ Դա մինչեւ հեղափոխությունը, իսկ հիմա գումարվել է վաղվա օրվա հանդեպ առկա անորոշությունը, հասարակության մեջ պառակտումը… Այս պահին հիշեցի հայտնի լրագրող Ալեքսանդր Գորդոնի հետեւյալ միտքը. «Раньше в парламенте сидели коррупционеры, а теперь идиоты…»։

– Վերջին շրջանում ձեզ հանդիպում ենք նաեւ ընդդիմախոսների շարքերում, ավելի ճիշտ՝ ընդդիմադիրների կողմից հրավիրված հավաքներում, քննարկումներում։

– Տվյալ դեպքում դա ոչ թե ընդդիմադիրների հավաք է կամ քննարկում, այլ տարբեր ոլորտի մտավորականների հանդիպումներ, ինչի առանցքում օրվա հրամայականն է։ Մենք կապ չունենք ոչ մի կուսակցության կամ շարժման հետ, մենք ընդդիմանում ենք միայն ներկայիս տկարության, պառակտվածության, անմեղսունակության, անհանդուրժողականության դեմ, փորձելով ելք գտնել ստեղծված իրավիճակից։

– Ծագումով դուք Շուշիից եք…

– Այո, ես ծնունդով Շուշիից, Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի եւ Մայր բուհի հիմնադիրներից Աշոտ Տեր-Մկրտչյանի թոռն եմ, որը Մովսես Բեկի որդին է։ Իսկ Մովսես Բեկը Ցարական Ռուսաստանում ուներ պալատական բարձր տիտղոս եւ 19-րդ դ. մեծ ներդրում է ունեցել Շուշի քաղաքի պատմության մեջ։

– Ձեր միակ որդին մասնակցեց պատերազմին…

– Որդիս մասնակցել է Շուշիի համար մարտերին, այժմ էլ շարունակում է պարտադիր զինվորական ծառայությունը։

– Տեսնո՞ւմ եք Շուշիի վերադարձը։

– Վերջերս Արցախի TV-ով դիտում էի Գրիգորի Գաբրիելյանցի հարցազրույցը։ 86-ամյա ակադեմիկոսը ԽՍՀՄ-ի երկրաբանության նախարարության վերջին նախարարն էր, հիմա էլ հանդիսանում է Արցախի պետխորհրդական։ Նա Շուշիի թանգարանների ստեղծողն է, որոնցից երկուսում՝ կերպարվեստի պատկերասրահում ու հազվագյուտ հանքաքարերի թանգարանում մեծամասամբ իր հավաքածուներն են։ 2015-ին, երբ օպերային դիվա Լյուբով Կազարնովսկայայի ու նրա ամուսնու հետ այցելել էինք Շուշի, մեզ իր տանը հյուրընկալեց պարոն Գաբրիելյանցը, որտեղ հանդիպեցինք իսկապես բացառիկ գրքերի։ Անդրադառնամ նրա հեռուստաելույթին. ակադեմիկոսը հայտարարեց, որ Շուշիի թանգարանների հավաքածուները փաթեթավորված գտնվել են նկուղներում ու երբ մշակույթի նախարարությունից եկել են դրանք տեղափոխելու, հարցրել են՝ դրանցում կա՞ն ոսկի կամ թանկարժեք մետաղներ։ Տեղեկանալով, որ թանկարժեք մետաղներ չկան, մեքենան դատարկ հեռացել է։ Եվ ի՞նչ է ստացվում. թանկարժեք հավաքածուները մնացել են թշնամուն։

Արցախը տեսել է բազմաթիվ նվաճողներ։ Հայտարարում եմ՝ մեզնից է կախված այսօր գերեվարված Արցախի հետագա ճակատագիրը, մեզնից է կախված՝ կդառնա՞նք ստրուկ, ասիմիլացիայի կենթարկվե՞նք, թե՞ կպահպանենք մեր ինքնությունը։ Իսկ ինքնությունը կպահպանենք միայն մշակույթով եւ կրթության ուժով։ Շուշի, սպասիր, մենք կվերադառնանք։

Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Գլխավոր լուսանկարում՝ Լեւոն Ջավադյանը որդու հետ Շուշիում (2019թ.)

«Առավոտ» օրաթերթ
04.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728