«Ամեն ինչի հիմքը խելացի ու զարգացած մարդն է. այսօր շատ բաներ կան, որոնք մարդու ձեռքում են»,- ասում է 10-րդ դասարանի աշակերտ Ստեփան Օհանյանը, որը «Կիրթ երիտասարդություն՝ զարգացած հայրենիք» դերային խաղ կուսակցության մասնակից է։
Արմավիրի մարզի երեք համայնքների դպրոցականները «Մենք կարող ենք ավելին» ծրագրի շրջանակում մասնակցել են ընտրություններին ոչ ֆորմալ մեթոդների, դերային խաղերի միջոցով եւ քվեարկել, ինչպես իրական ընտրությունների ժամանակ։
«Մենք կարող ենք ավելին» ծրագիրը Հայաստանում իրականացնում է «Դեմոկրատիան այսօր» հ/կ-ն՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության եւ DRA (Deutsch-Russischer Austausch e.V.) հասարակական կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։
Ընտրական գործընթացի առաջին փուլում երիտասարդները բաժանվեցին ֆոկուս խմբերի, այնուհետեւ ներկայացրեցին իրենց կուսակցությունների նախընտրական ծրագրերը։ Ծրագիրն արդեն իրականացվել է Լոռու, Տավուշի, Շիրակի, Արարատի եւ Արմավիրի մարզի շուրջ 7 համայնքում։
Կարդացեք նաև
«Պետությունը չի ընդառաջում ու չի գնահատում իր մտավորականներին, եւ, ըստ ինձ՝ մտավորականները գնում են ուրիշ երկիր ու զարգացնում այդ երկրի տնտեսությունը։ Այսօր սովորեցի, թե ինչպես է ճշգրիտ իրականացվում ընտրության կարգը, ինչ-որ չափով զգացինք էն, ինչ իրականացնում են նոր ընտրվող կուսակցությունները»,- ավելացնում է Ստեփանը։
Իսկ 11-րդ դասարանի աշակերտ Գենջոյան Գրիգորի համար քաղաքական ընտրությունները բարեկեցիկ ապագա ունենալու համար են։ Եվ այս դերային խաղը նրան սովորեցրեց, որ բանավեճում միշտ պետք է ընդհանուր եզրահանգման եւ փոխըմբռնման գալ։
Արմավիրի մարզի ծրագրի համակարգող Մանե Աբրահամյանի խոսքով՝ նման ծրագրերը պետք է շարունակական լինեն, երեխաներին հնարավորություն ընձեռելով լինել ակտիվ եւ պատրաստված: «Սա հնարավորություն է, որ շփվեն մեկը մյուսի հետ, իրենց մտքերն ազատորեն արտահայտեն։ Լինեն իրենց ձայնի, խոսքի եւ ազատության տերը»,- հավելում է Մանեն։
Քրիստինե ԱՉՈՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.02.2021