Լրահոս
Օրվա լրահոսը

«30 հազար արցախցիների համար եթե այս տարի լուրջ ծրագրեր չիրականացվեն՝ նրանք արտագաղթելու են»

Փետրվար 05,2021 14:00

Փետրվարի 1-ից դեպի Ռուսաստանի Դաշնություն օդային ճանապարհը բացվել է։ Իհարկե, ՀՀ քաղաքացիները ՌԴ կարող են մեկնել քովիդի բացասական թեսթի պատասխանի առկայության դեպքում, այն էլ՝ կոնկրետ լաբորատորիաներից ստացված պատասխանով։

Փետրվարի 1-ին «Զվարթնոց» օդանավակայանում շատ էին ՀՀ քաղաքացիները, որոնք պատրաստվում էին լքել երկիրը։

Երեկ խորհրդարանում էլ ընդդիմադիր պատգամավորները իշխանությանը մեղադրում էին արտագաղթին նպաստելու մեջ, օրինակ՝ ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն ասում էր. «Ողբերգություն է, մարդիկ տնով, տեղով, իրենց ամբողջ գույքով լքում են հայրենիքը…»: Իշխանական կողմն էլ՝ «Իմ քայլ»-ի պատգամավոր Հայկ Գեւորգյանը հիշեցրեց՝ երբ ԲՀԿ-ն եղել է կոալիցիայի անդամ, Հայաստանից փախել է 372 հազար 800 մարդ։

Ընդհանրապես, կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումից հետո, տնտեսական, քաղաքական ճգնաժամի այս իրավիճակում, անորոշության պարագայում հանրության մի ստվար զանգված, իհարկե, մտածում է արտագաղթելու մասին։

«Առավոտ»-ի հետ զրույցում միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանն ասում է՝ աշխարհում անորոշություններն այնքան շատ են, որ անգամ արտագաղթելու մտադրություն ունեցող մեր հայրենակիցները դժվար թե ցանկանան մոտ ապագայում լքել Հայաստանը։ Այսինքն՝ եթե անգամ շատերն ուզում են արտագաղթել, կարելի է ասել՝ մեծ ընտրություն չունեն, գնալու տեղերն առանձնապես շատ չեն, այդ երկրներում էլ ճգնաժամ է։

«Կորոնավիրուսի համավարակն աշխարհում դեռ չի ավարտվել, մենք ԵՄ-ի հետ հաղորդակցություն չունենք, փակ են սահմանները, դեռեւս պարզ չէ, կբացվե՞ն այս տարի, թե՝ ոչ։ Այս տարի աշխարհի շատ երկրներում բարդ իրավիճակ է լինելու։ Արդեն խոսում են, որ համաշխարհային ՀՆԱ-ի աճը կվերականգնվի 2023-2024 թվականներին, համաշխարհային տնտեսությունը նախակորանավիրուսային իրավիճակին կվերադառնա մի քանի տարի հետո։ Այնպես, որ անորոշություններն ու տնտեսական խնդիրներն այնքան շատ են, որ չեմ կարծում, թե նույնիսկ արտագաղթելու ցանկություն ունեցող մեր հայրենակիցները կուզեն կամ կկարողանան հեռանալ Հայաստանից։
Մեծածավալ մշտական արտագաղթի հնարավորություն այս պահին չեմ տեսնում, աշխատանքային միգրացիայի աճ կարող է լինել, բայց դա դժվար թե վերածվի մշտական»։

Փորձագետի կարծիքով՝ այս օրերին ՌԴ մեկնողները աշխատանքային միգրանտներն են, նրանք մեր այն հայրենակիցներն են, որոնք նախորդ տարի աշխարհում համավարակի ակտիվ շրջանում, երբ փակվում էին սահմանները, աշխատատեղեր էին կրճատվում, ստիպված վերադարձան Հայաստան, իսկ հիմա, երբ կրկին հնարավորություն կա մեկնելու, նրանք մեկնում են արտագնա աշխատանքի։

«Նրանք ՀՀ այն քաղաքացիներն են, որոնք ամեն տարի մեկնել են արտագնա աշխատանքի։ Բայց այսօր խոսել մշտական միգրացիայի մասին, դեռեւս վաղ է։ Մշտական միգրացիայի որոշակի միտում կա դեպի ԱՄՆ։ Թիվը չեմ կարող ասել, որ շատ մեծ է, բայց նրանք, ովքեր ուզում են մշտական մեկնել, նրանց մեծ մասը միտված է ԱՄՆ գնալ»,-ասում է Արտակ Մարկոսյանը։

Նա նաեւ հիշեցնում է՝ ՀՀ-ն ԵՄ-ի հետ ռեադմիսիայի համաձայնագիր ունի, այնպես որ, եվրոպական մի շարք երկրներից մեր հայրենակիցները պետք է վերադառնան. «Նրանց թիվն այնքան էլ մեծ չէ, բայց մեզ համար մեկ հայն էլ թիվ է, որովհետեւ մենք այսօր մարզերում լուրջ խնդիրներ ունենք։ Սյունիքում գյուղեր կան, որ շատ քիչ են բնակիչները՝ 100-160 բնակչով գյուղեր են։ Դատարկվում են գյուղերը, պետք է բնակեցնել այդ տարածքները։ Իսկ դրա համար շատ լուրջ ծրագրեր են հարկավոր»։ Պարոն Մարկոսյանն ասում է՝ Սյունիքը ժողովրդրագրական վատ ցուցանիշներ ունի, այստեղ դեպոպուլյացիա է սկսվում, ծնունդները մահերի համեմատ, մոտ 10-ով է ավել։ Նախորդ տարվանից, ըստ փորձագետի, ՀՀ երեք մարզում՝ Տավուշ, Լոռի, Վայոց ձոր, դեպոպուլյացոն փուլ է սկսվել, այստեղ մահերը գերազանցում են ծնունդները. «Պետական համակարգը պետք է վերջապես աշխատի, ծրագրեր իրականացնի, աշխատի ինչպես սփյուռքի հետ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների, որպեսզի դատարկվող գյուղերը բնակեցնի։ Ուրիշ տարբերակ չկա»։

Այսօր Հայաստան են տեղափոխվել Արցախի մեր հայրենակիցները, որոնց բնակավայրերը Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել՝ Հադրութը, Շուշին, մի շարք գյուղեր։ Նրանց համար Արցախում էլ դեռեւս հնարավորություն չկա նոր բնակարաններով ապահովելու, թեեւ, կառավարությունը կարծես այդ ուղղությամբ քայլեր անում է։ Արդյոք իրենց բնակավայրերը կորցրած արցախցիները չե՞ն արտագաղթի ՌԴ։ Մեր այս հարցին ի պատասխան Արտակ Մարկոսյանն ասում է՝ մեր այդ հայրենակիցները հավանաբար կունենան այն ճակատագիրը, որը իննսունականներին ունեցան Բաքվից գաղթած հայերը. «Երբ նրանք եկան Հայաստան, նրանց նկատմամբ սխալ քաղաքականություն վարվեց, մեծ մասը քաղաքաբնակ էր, մինչդեռ նրանց բնակեցրին գյուղերում, նրանք չհարմարվեցին ու թողեցին, գնացին։ Սիրիահայերն էլ եկան ՀՀ, բայց մեծ մասը հեռացավ։ Հիմա Արցախից եկած մեր հայրենակիցների դեպքում խնդիր կա։ Նրանց համար պետք են ծրագրեր, կարծում եմ՝ սփյուռքը կօգնի, եթե ճիշտ բացատրենք, ու նպատակային ծրագիր լինի, գումար կհատկացնի։

Մոտ 30 հազար արցախցիների համար եթե այս տարի լուրջ ծրագրեր չիրականացվեն՝ նրանք սկսելու են արտագաղթել, պետք չէ թողնել, որ մարդկային այս ռեսուրսը հեռանա երկրից։ Օրինակ հադրութցիներն իրենց եկամուտները ստանում էին Ջաբրայիլի, Ֆիզուլիի տարածքի մեծածավալ հողատարածքների մշակումից։ Հիմա այդ տարածքները ադրբեջանական են, հադրութցիներն էլ զրկվել են տնից եւ եկամուտից։ Ես նրանց հետ շփումներից հասկացել եմ՝ եթե այս տարի նրանց թողնենք անորոշ վիճակում, գնալու են երկրից։ Ուստի շատ արագ է պետք գործել, պետք է ամեն ինչ անենք, հիմնավոր ծրագրեր անենք, որպեսզի մնան, որովհետեւ այսպիսի մարդկային ռեսուրսը եթե կորցնենք, հետո ի՞նչ ենք անելու։ Մենք ունենք լքված գյուղեր, նրանց կարելի է այդ տարածքներում բնակեցնել։ Օրինակ՝ հադրութցիներն ուզում են միասին մի տեղ ապրեն, ասում են՝ մի տեղ տվեք, բոլորս նույն բնակավայրում միասին ապրենք։ Սյունիքում, Տավուշում, Վայոց ձորում կան նման բնակավայրեր, որտեղ կարիք կա բնակեցնելու։ Պետք է կառավարությունն այս ողղությամբ արագ, շատ արագ աշխատի»։

Պարոն Մարկոսյանը նաեւ նկատում է՝ արցախցիներին այդ տարածքներում միայն բնակարան հատկացնելով խնդիրը չի լուծվի, պետք է ապահովել աշխատանքով, բարեկեցիկ կյանքով, եւ ընդհանրաապես, ՀՀ սահմանամերձ գյուղերի բնակիչներին է պետք բարեկեցիկ կյանքով ապահովել, հակառակ դեպքում կդատարկվեն այդ տարածքները. «Իսկ եթե դատարկվեն, Հայաստանը կկորցնենք։ Այսօրվա աշխարհում պետությունները միայն ռազմական ճանապարհով չեն նվաճում, գալիս է այն ժամանակաշրջանը, որ պետությունները գրավում են մեծաքանակ բնակչություն ունեցող մեկ այլ պետություն։ Մեր հարեւանները՝ Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը աճող պետություն են, մենք՝ նվազող, նրանց բնակչությունն արագ է աճում եւ հնարավորություն կունենան շատ խաղաղ բռնակցել Հայաստանը, իսկ մենք ի վիճակի չենք լինի դիմադրել։ Խաղաղ բռնակցել ասելով, նկատի ունեմ՝ կամաց-կամաց ՀՀ-ում բնակչություն հաստատելը»։

Մինչդեռ իշխանությունն, ըստ փորձագետի, չի կարողանում երկիրը դնել այն ուղու վրա, որպեսզի նորմալ զարգանա. «Ձախողված են պետական համակարգի բարեփոխումները, պետաիրավականը, ներդումներ չկան։ Ես չեմ կարծում, որ եթե այսպես շարունակվի՝ արտագաղթողներ չեն լինի»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728