Aravot.am-ը շարունակում է անդրադառնալ Լոռու մարզի Շամլուղ քաղաքի 1-ին փողոցի 10-րդ շենքի խնդրին: Այն, որ շենքը գտնվում է փլուզման եզրին բնակիչները պարբերաբար բարձրաձայնում են այդ մասին՝ բաց նամակներ ուղարկելով ամենատարբեր կառույցների:
Այս պահին էլ շենքը վտանգված է, բնակիչների խոսքով՝ շենքի նորոգման ծրագրերն ուշանում են, իսկ այն գնալով ավելի խարխուլ է դառնում:
Օրեր առաջ, բնակիչները ստանալով հերթական պատասխանը պատկան մարմիններից իրենց դիմումին ի պատասխան, բաց նամակով առաջարկել են, գոնե այս տարի փլուզվող պատշգամբներն ամրացնել, վստահ լինելով, որ դա ահռելի գումարներ չի պահանջում:
Խնդրի վերաբերյալ զրուցեցինք Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հետ:
Կարդացեք նաև
Մարզպետը նշեց, որ մարզի 3-րդ կարգի վթարայնության տարբեր աստիճաններ ունեցող բազմաբնակարան բնակելի շենքերի հիմնախնդիրը համարվում է մարզի գերակա խնդիրներից մեկը, որը ներկայացված է կառավարություն: Այդ ցանկում ընդգրկված է նաեւ Շամլուղի թիվ 10 բազմաբնակարան շենքը. «Այն մշտապես գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում եւ քննարկման փուլում է: Հաշվի առնելով խնդրի կարեւորությունը, Ախթալա համայնքի ղեկավարի հետ Լոռու մարզպետարանում կրկին քննարկում է իրականացվել՝ հնարավոր լուծումների վերաբերյալ: Այն սուբվենցիոն կամ այլ ծրագրերով հնարավոր չէ իրականացնել»,- ասաց մարզի ղեկավարն ու միաժամանակ տեղեկացրեց նաեւ, որ շենքի ընդհանուր հիմնանորոգման հարցին մարզպետարանը կարող է անդրադառնալ հանրապետության կտրվածքով բնակելի ֆոնդի պահպանմանն ուղղված ծրագրերի շրջանակներում. «Ժամանակային առումով թույլ տվեք չներկայացնել, բայց ուզում եմ ասել, որ հարցը մեր ուշադրության կենտրոնում է եւ առաջին իսկ հնարավորության դեպքում կփորձենք այդ խնդիրն արագ լուծել»:
Մեր այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր չէ վերանորոգել գոնե փլվող պատշգամբները, Խաչատրյանը պատասխանեց. «Դա մասնագիտական խնդիր է, ես այս պահին չեմ կարող Ձեզ ասել՝ այո կամ ոչ: Մենք պետք է մասնագետների հետ քննարկենք եւ փորձենք գալ ընդհանուր հայտարարի: Եթե ես հիմա ասեմ այո, եւ մասնագետներն ասեն՝ ոչ, անվտանգությունից ելնելով դա հնարավոր չէ անել եւ մարդիկ բնակվեն այնտեղ, ուրեմն մենք պետք է դա չանենք»,- ասաց մարզպետն ու շարունակեց. «Մասնագետներ կուղարկենք, որոնք կնայեն շենքը: Մենք քաղաքաշինության վարչության հետ կքննարկենք եւ քննարկման արդյունքում ինչ կստացվի, Ձեզ կտեղեկացնենք»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ