Լրահոս
Օրվա լրահոսը

Պրոֆեսոր Աննա Մայիլյան. «Ես համոզված եմ, որ պատերազմը տանուլ տված կառավարությունը պետք է տղամարդկայնորեն հեռանա»

Փետրվար 04,2021 21:35

Կոնսերվատորիայի պրոֆեսոր, վաստակավոր արտիստ, երգչուհի Աննա Մայիլյանը, թեեւ իրեն քաղաքականությունից ինչ-որ առումով հեռու է համարում, այդուհանդերձ, այսօր խոսեց Հայաստանում տիրող ընդհանուր իրավիճակի մասին: «Տեղի ունեցավ այն, ինչ չէինք սպասում: Եղել է ապրիլյան պատերազմ, դրանից առաջ էլ նման դեպքեր լինում էին, բայց որ այս չափի մեծ խնդիր, աղետ կունենանք, երեւի ոչ ոք չէր սպասում: Որովհետեւ գիտեինք, որ մեր բանակը հզոր է, պատրաստ է: Բայց ի՞նչ տեղի ունեցավ, ինչպե՞ս եղավ: Մեր զինվորը հերոսաբար, այնուամենայնիվ, կարողացավ կանգնեցնել թշնամուն ու լուրջ դժվարություններ ստեղծեց նրա համար»,-ասաց պրոֆեսորը:

Հարցին, թե ինչո՞ւ ժողովուրդը այնքան հեշտ հավատաց  իշխանափոխության իրականացման ժամանակ իրեն տրված խոստումներին ու դրանից հետո էլ չփորձեց հասկանալ իրականությունը, թե հայտարարությունների հետեւում ինչեր կային թաքնված, արվեստագետը պատասխանեց. «Կրթությունն ամբողջությամբ դեգրադացվեց: Չգիտեմ, դա միտումնավո՞ր արվեց արդյոք: Փոքր պետություն ունեցող ազգը, որը ազգապահպանության խնդիր ունի, դիմում է քայլերի, որպեսզի մշակույթը, կրթությունը պահի իր տեղում: Էլ չեմ ասում բանակի մասին, այն էլ՝  այսպիսի հարեւանների շրջապատում:

Մեր նման երկրի ղեկավարը, եթե չի անցել զինվորական ճանապարհը, իրավունք չունի երկիրը ղեկավարել: Իսկ եթե չի անցել, պետք է, անպայման, ծառայի, նոր գա ու երկրի ղեկավար դառնա: Նա պիտի նաեւ իր ազգի մշակույթը պահպանի: Եվ եթե մշակույթ չի հասկանում, իր կողքին պետք է շատ լավ գիտակներ պահի»:

Տիկին Մայիլյանը չի ժխտում, որ ինքն էլ այն ժամանակ հավատացել է, որ իշխանության փոփոխմամբ թարմ օդ կգա, սակայն առաջին հիասթափությունն ապրել է դատարանները շրջափակելու կոչերի ժամանակ, այնուհետեւ, երբ լսեց, որ երկրի ղեկավարն ամեն բան սկսելու է զրոյական կետից: Իսկ թե որն է կապիտուլյացիոն եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհը, արվեստագետը ասում է. «Ես համոզված եմ, որ պատերազմը տանուլ տված կառավարությունը պետք է տղամարդկայնորեն հեռանա»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728