Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջ տվեք հիստերիային, դավաճանների փնտրտուքին, մեզ հավաքենք եւ առաջ գնանք». Նարինե Աբգարյան

Փետրվար 04,2021 21:00

«Պետք է հույսդ քեզ վրա դնես, ոչ թե սպասես, որ Եվրոպայից, Ռուսաստանից կամ ասենք Չինաստանից մի խելոք քեռի գա ու քո բոլոր խնդիրները լուծի: Մենք պետք է լուծենք մեր խնդիրները, մեր հույսը մենք պետք է լինենք»,- Futures Studio-ի եւ  Մարկ Գրիգորյանի համատեղ նախաձեռնած՝ «Խոսենք ապագայից» շարքի առցանց հանդիպման ժամանակ ասաց մոսկվաբնակ գրող Նարինե Աբգարյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է Արցախյան երկրորդ պատերազմի մասին էլ գիրք գրի, հատկապես որ առաջին պատերազմին անդրադարձել է «Շարունակել ապրել» գրքով, գրողն ասաց, որ վստահ չէ:

«Առաջին գիրքը գրել եմ արյունով, որովհետեւ ուզում էի խոսել այն մարդկանց հետ, որոնք չկան պատերազմից հետո…Թե ինչ է լինում պատերազմը վերապրածների հետ, դա էլ չգիտեինք: Ես Տավուշից եմ, որտեղ մարդիկ սերունդներով ապրում են պատերազմական վիճակում, հիվանդ մարդիկ են, դա հոգեբանական տրավմա է…Կանայք ավելի հուզական լինելով՝ ամեն հաջորդ նյարդային վիճակից հետո հիվանդանում են, հիվանդանում են, որովհետեւ տղամարդիկ քիչ են այդտեղ, ծառայում են սահմանին կամ շատերը զոհվել են: Ծերերը հաշվում են իրենց կյանքի տեւողությունը պատերազմից պատերազմ… Ես վստահ չեմ, որ կգրեմ նոր գիրք, կամ միգուցե դա կլինի մի հինգ տարի հետո: Ցավոք, հիմա ոչ միայն տարեցները, այլեւ երիտասարդներն էլ սկսել են պատերազմից պատերազմը հաշվել իրենց կյանքի տեւողությունը»,-նշեց գրողը:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու հստակ դեղատոմս նա չգիտի, իսկ իր դեղատոմսն այսպիսին է՝ չհանձնվել վախերին, հուսահատությանը հատկապես, որ պետությունն այժմ հետտրավմատիկ վիճակում է: Ասում է.«Այցելեցի բժշկին, ասաց՝ ուրախ եմ, որ աշխատում եմ 20 ժամ եւ ժամանակ չունեմ ապրումակցելու, դրանից հետո լաց եղավ, ասաց՝ երկու միլիոն հայ ունեմ բուժելու Հայաստանում եւ ինը միլիոն դրսում»,- հավելում է Նարինեն:

«Մենք պարտվեցինք պատերազմը, բայց այս գաղափարը ընդունելով՝ պետք է սովորել արժանապատվորեն ապրել, արժանապատվության զգացումը պահպանել…Մենք երեսուն տարվա ընթացքում չկարողացանք կառուցել պետություն, որը չպարտվեր պատերազմում, այժմ պետք է կատարենք սխալների ուղղում, աշխատենք սխալների վրա ու կառուցենք հզոր եւ ամուր պետություն»,-վստահ է գրողը:

Մարկ Գրիգորյանի հարցին՝ ինչպե՞ս վերականգնվել եւ ինչպես օգնել մյուսներին ոտքի կանգնել: «Դա հարց է, որի պատասխանը չունենք, որպես կատվի կույր ձագեր մենք փորձում ենք գտնել ջուրը եւ խմել: Անձամբ ինձ մոտ այն զգացումն է, որ երբ օգնում եմ ուրիշներին, օգնում եմ ինքս ինձ…Ես լավ պատկերացնում եմ, թե ինչպես է աշխատում բարեգործական հիմնարկը, լավությունը հետ է գալիս,այն չի կորչում…Ցավոք, այժմ երկրում ատելության, լարվածության, հիստերիայի վիճակ է, պետք է համբերությամբ զինվել ու ուժերի ներածին չափով օգնել մարդկանց: Սա իմ դեղատոմսն է»,-մանրամասնում է Նարինեն:

Իսկ ինչպե՞ս շարունակեն ապրել նրանք, ովքեր ամեն ինչ կորցրել են, նկուղներում են ապրում: Այս հարցին պատասխանելիս Նարինեն հիշում է իր հարազատներին, որոնց մեծ մասն Արցախյան առաջին պատերազմի ժամանակ կորցրեց ունեցվածքը Կիրովաբադում: Որպես լուծում՝ առաջարկում է միասնական լինել, սիրել միմյանց, ինքներս մեզ եւ ուրիշներին:

Հավելում է, որ երբ Բերդում կանգնեցրել է պատահական մարդկանց, բռնել նրանց ձեռքը ու հարցրել՝ ինչպե՞ս եք. «Մարդիկ  ծանրագույն վիճակում ենք,  հարցնում էի՝ ոնց եք, ասում էին՝ ապրում ենք, սա զարմանալի պատմություն է: Մարդ, որը գտնվում է շատ ծանր վիճակում, օգնություն չի խնդրում, ասում է՝ ապրում եմ: Հենց դա է արժանապատվությունը, միգուցե շոկ է, բայց եթե շոկային վիճակից էլ դուրս գա, էլի չի կորելու այդ արժանապատվությունը»:

Նա յուրօրինակ խորհուրդ է տալիս. «Բերդից բերել եմ ծանր կապույտ քար, ժամանակ առ ժամանակ ձեռքս եմ վերցնում, շոյում եմ, դա ինձ հանգստացնում է…Դուք էլ գտեք նման մի քար ձեզ համար, կոնկրետ դեղատոմս չկա, բայց հո չե՞նք սկսելու  էլ ավելի ինքներս մեզ ճնշել…Արեք ինչ ուզում եք, կերեք քաղցր, կարտոֆիլ եք սիրում տապակած, մի թավա կարտոֆիլ կերեք կամ մի կիլոգրամ պաղպաղակ, արեք մի բան, որ կօգնի ձեզ, որովհետեւ հենց օգնեք ձեզ, կօգնեք նաեւ ձեր մտերիմներին»:

Սա խորհուրդ է պարզ մարդկանց, իսկ հասարակության մեջ պատրաստ չէ դուրս գալ ու ասել, թե ինչ անել. «Նախկինում էլ հատկապես ոգեւորված  չէի քաղաքական գործիչներով, հիմա առավել եւս երեսները չեմ ուզում տեսնել, շատ հիասթափված եմ: Վերջին իրադարձությունները սասանեցին իմ հավատը՝ հայրենիքի հանդեպ իրենց պատասխանատվության առումով…27 տարի ապրում եմ Ռուսաստանում, գրքեր եմ գրում, միամտորեն մտածում էի, որ ստեղծում եմ իմ երկրի իմիջը, որովհետեւ մարդիկ կարդում էին իմ գրքերը ու ցանկանում գալ Հայաստան: Իսկ ես գալիս էի Հայաստան ու տեսնում, որ մեզ մոտ ֆեոդալիզմ է, միգուցե ես էլ եմ մեղավոր, որ ինչ-որ բան այնպես չեմ արել: Երեւի միամիտ էի, որ մտածում էի գրեր գրելով՝ պատասխանատվություն եմ կրում երկրիս համար»:

Մարկ Գրիգորյանի ու Նարինե Աբգարյանի զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ  փախստականների խնդրին: Նարինեն ասում է, որ պետությունը գտնվում էր նոկդաունի մեջ եւ այժմ սկսում է միանալ գործընթացին: Ապա հավելում է. «Ես վերադարձա Հայաստան, երբ հասկացա, որ ինչ-որ բան այն չէ, եկա, տեսա, որ պարտվում ենք… Ներհոսքը եղավ հենց պատերազմի առաջին օրվանից: Մենք փախստականներին սնունդ էինք բաժանում…Մի բան եմ հիշում. մեր տանը մի աղջիկ կար, առատ մազեր ուներ անփույթ հավաքված, ատլասե կոշիկներով էր: Կոշիկներն իր կերպարին չէին համապատասխանում: Ասաց՝ այս կոշիկներով պետք է ամուսնանայի ու սկսեց լաց լինել: Այսօր մարդկանց կեսն այդ վիճակում է:

Ես ընդհանրապես փախստական բառը չեմ սիրում, պետք է ասել ոչ թե փախստական, այլ հարկադրաբար տեղահանված մարդիկ: Մեր արժանապատվորեն պետք է ընդունենք մեր հայրենակիցներին, օգնենք նրանց: Ցավալիորեն բաժանում կա ըստ բնակավայրերի՝ մի գուցե այս զրույցից  հետո կդադարեն ասել ղարաբաղցիները, տավուշցիները, գյումրեցիները, որովհետեւ արդեն մեղադրում են իրար, ասում են՝ ես քեզանից ավելի լավ էի կռվում այս պատերազմում… Ղարաբաղցիները, որ եկել էին Հայաստան, հիմա մնացել են կոտրած տաշտակի առաջ, եկեք մտնենք նրանց  դրության մեջ՝ գոնե 5 րոպեով կամ ավելի երկար: Երբ պատերազմը էր՝ ասում էինք հայ զինվոր, չէինք ասում, որ կռվում են եզդիները, մոլոկանները, մյուսները, բոլորը կռվում  էին հանուն հայրենիքի: Ցավոք, մենք չունենք ազգի ընկալում՝ որպես էթնոսների միություն…

Ի դեպ, նաեւ կոկորդիս են հասել 301 թվականի մասին զրույցները, մի երիտասարդի հետ վիճեցի, ասում էր՝ հայերն աշխարհում առաջինն են ընդունել Քրիստոնեությունը, ասացի՝ ոչ, հայերը նրանք են, որ պարտվեցին պատերազմում, մի յուրացրու նախնիների փառքը: Մենք այդպես միշտ տառապում ենք բարոյական հաղթանակների պատճառով, բավական է»:

Նարինե Աբգարյանը դեմ է նաեւ Հայաստանում դավաճանների փնտրտուքին. «Երբ դավաճան ես փնտրում, պատասխանատվությունը փորձում ես քո վրայից հանել… Խնդիրը կատաստրոֆիկ սխալներն են, որ թույլ է տվել ներկայիս իշխանությունը, նախկին իշխանությունը: Բոլոր իշխանությունները պատասխանատու են այն ամենի համար, ինչի հիմա ունենք: Վերջ տվեք հիստերիային, պետք է մեզ հավաքենք եւ առաջ գնանք: Չի կարելի ինքնդ քեզ անընդհատ հողին հավասարեցնես եւ ապագայի վրա խաչ քաշես, մենք այլ շանս չունենք, ու եթե հիմա ոչինչ չանենք, 50 տարի հետո այլեւս այստեղ չենք լինի: Եկել է քարերը ժողովելու ժամանակը, եկեք ժողովենք քարերը եւ կարգին ամրոց կառուցենք»:

Նարինե Աբգարյանն ասաց, որ պատրաստվում է տեղափոխվել Հայաստան, սակայն հստակ ժամկետ չնշեց: Ասաց, որ ուզում է Բերդում բացել հյուրատուն, ունենալ սեփական  տուն, որտեղ կլինի քարե բուխարի, իսկ բակում կկչկչան հավերը, առավոտյան սուրճ կխմի, թարմ թխած հաց ու պանիր կուտի, կբամբասի հարեւանների հետ, ինչը կլինի իրական երջանկություն:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Վիքիպեդիայից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728