Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Հայաստանում կա հինգերորդ շարասյուն, որը հաշվետու է ոչ թե ազգային արժեհամակարգի կրող խավին, այլ այն շրջանակներին, որոնք իրենց աճեցրել են»

Փետրվար 04,2021 20:25

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն այսօր անդրադարձավ իշխանությունների կողմից շրջանառության մեջ դրվող «նոր» թեզերին, որոնց հիման վրա կառավարությունը ցանկանում է հարաբերություններ կառուցել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ:

«Ես բազմիցս ասել ու հիմա էլ կրկնում եմ, որ սա խմբապետություն է: Ես երբեք պառլամենտում մեծամասնությանը չեմ կոչել քաղաքական ուժ: Դա խումբ է՝ խմբապետության բոլոր դրսեւորումներով: Հստակ ուզում եմ ասել՝ իրենք տարիներ շարունակ, այսպես կոչված, սեմինարների ամենապրիմիտիվ բանաձեւերով վարժեցված, պատրաստված խավ են: Այլ կերպ ասած, դա հինգերորդ շարասյուն է: Այդպիսի խավ բոլոր երկրներում կա: Մեր այդ խավը ոչ միայն չի ամաչում, այլեւ պարծենում է  արածներով: Ինչո՞ւ: Որովհետեւ ինքը հաշվետու է Հայաստանում ոչ թե այն խավին, որը ազգային շահի եւ ազգային արժեհամակարգի կրող է, այլ այն շրջանակներին, որոնք իրենց աճեցրել են»,-ասաց մարդու իրավունքների առաջին պաշտպանը:

Հարցին, թե, ըստ էության, Հայաստանում պատրաստ չեն այս ձեւով մատուցվող հայ-թուրքական հարաբերություններին, հանրությունը ինչո՞ւ պատշաճ կերպով չի դիմակայում, թե՞ իներտ է եւ մի օր պայթելու է, տիկին Ալավերդյանը պատասխանեց. «Ուզում եմ ճշտել. Հայաստանում բոլոր իշխանությունների ժամանակ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման փորձ եղել է: Սակայն հայկական հանրության մեջ կար մի շերտ, որը տեսնում էր, որ Թուրքիան ոչ թե ուզում է գործընկերոջ  հետ հարաբերություններ հաստատել, այլ ցանկանում է մեզ պարտադրել մեր ազգային շահերին հակասող քաղաքականություն: Հայ ժողովուրդը երբեւիցե դեմ չի եղել ՝ դրական հարաբերություններ ունենալ իր երկու հարեւանների հետ:

Բոլորովին այլ է, որ այդ երկու հարեւանները՝ Ադրբեջանն եւ Թուրքիան, ուղղակի պարտադրում էին այնպիսի քաղաքականություն, որը պարզապես պետք է մեր պետությունը քայքայեր տարիներ առաջ: Հիմա նույն բանն է, հիմա համաձայնվում են: Իսկ թե ինչու առաջ հասարակության լայն շրջանները դրան չէին համաձայնում իսկ հիմա ոչ այնքան, պատասխանը հետեւյալն է. Հայաստանում կա շատ նեղ շերտ, որն ամբողջովին ծառայում է այդ շարասյանը: Եվ թող ինձ բոլորը ներեն, Հայաստանում այսօրվա հասարակության քաղաքացիական գիտակցության մակարդակը չի համապատասխանում այն խնդիրների բարդությանը, որ ծառացել է մեր առջեւ: Եվ եթե մենք հենց այսօր չխոսենք այդ երեւույթների մասին, կմնանք այն պրիմիտիվ մակարդակում, որը մեզ պարտադրվում է  այսօրվա իշխանության մեջ ոչ պատահական հայտնված պրիմիտիվ մտածելակերպով, չի բացառվում՝ մեծ ախորժակով խավի կողմից, ինչը կարող է հասցնել պետականության կորստի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728