«Հիմնական խնդիրը Տելեգրամի խնդիրը լուծելն է»,- «Մեդիա կենտրոնի» կազմակերպած քննարկման ընթացքում, անդրադառնալով «Զանգվածային լրատվության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին, ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության 5 պատգամավորներ առաջարկել են փոփոխություններ կատարել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում, որով կարգելվի անանուն և չնույնականացվող տեղեկատվական աղբյուրներին հղում անելը։
Շուշան Դոյդոյանը կարծում է, որ այդպիսով կամա, թե ակամա փորձ է արվում սահմանափակել որակյալ բովանդակությունը․ «Նման սահմանափակումներով անհարկի, ավելորդ բեռ ենք դնում և խնդիրներ ենք առաջացնում հենց պրոֆեսիոնալ մամուլի վրա, մինչդեռ լրատվություն տարածողները ցավոք, կամ գուցե բարեբախտաբար միայն լրատվամիջոցները չեն։ Այնպես, որ սա նաև կիսատ և ոչ արդի պահանջներին բավարարող կարգավորում է միայն աղբյուրների մասով եմ ասում»։
Նա համարում է, որ կարիք չկա այդ խնդիրը բերել օրենքի կարգավորման դաշտ․ «Սա հարատև գործընթաց է։ Այսօր Տելեգրամն է, վաղը մյուսն է։ Մենք չգիտենք, թե տեխնոլոգիական զարգացումները վաղը մեզ ի՞նչ մարտահրավերների առաջ կկանգնեցնեն։ Ընդ որում, այդ վաղը բառացիորեն կարող է հենց վաղը լինել և ոչ թե մի քանի տարի անց։ Ուստի, ավելի արդյունավետ կարող է լինել, եթե մենք խնդիրը թողնենք լրագրողական ինքնակարգավորման մեխանիզմներին և դրական դատական նախադեպային իրավունքի շրջանակում հարցի կարգավորմանը»։
Կարդացեք նաև
Արձագանքելով Շուշան Դոյդոյանին՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ասաց, որ մի շարք երկրների փորձ են ուսումնասիրել․ «Ցույց տվե՛ք մի երկիր, որտեղ կա նման խնդիր։ Ինքնակարգավորման մասով՝ ես կարծում եմ, որ Հայաստանում կան մի շարք առանձնահատկություններ, որոնք իրենց կրկնությունը չունեն մի շարք երկրներում»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ