Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում ընթացող ծանրամարտի Հայաստանի առաջնությունում այսօր մրցահարթակը տրամադրվել էր 96 եւ 102 կգ քաշային մարզիկներին:
96 կգ քաշային կարգում երկամարտի 365 կգ արդյունքով չեմպիոն դարձավ Դավիթ Հովհաննիսյանը: 346 կիլոգրամով պատվո պատվանդանի երկրորդ աստիճան բարձրացավ Հակոբ Մկրտչյանը, իսկ Գարիկ Կարապետյանը 345 կիլոգրամով ճանաչվեց բրոնզե մեդալակիր:
Այնուհետեւ մրցահարթակը տրամադրվեց հաջորդ՝ 102 կգ քաշայիններին: Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի կրտսեր եղբայրը՝ Արսեն Մարտիրոսյանը (նկարում), 40 կգ առավելությամբ՝ 375 կգ, վստահորեն նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: Իսկ ահա մրցանակային հաջորդ երկու տեղերի համար անզիջում պայքար ծավալվեց Պետրոս Պետրոսյանի եւ Սարգիս Ղազարյանի միջեւ: Երկուսն էլ ցույց տվեցին երկամարտի 335 կգ: Եվ քանի որ այդ արդյունքն առաջինը գրանցել էր Պետրոս Պետրոսյանը, նա էլ արժանացավ արծաթե մեդալին:
Վաղը ծանրորդները կավարտեն պայքարը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ