«Օրենքը հակասահմանադրական է»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով «Զանգվածային լրատվության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին, ասաց «Մեդիա պաշտպան» կազմակերպության ղեկավար Սերգեյ Չամանյանը։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության 5 պատգամավորներ առաջարկել են փոփոխություններ կատարել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում, որով կարգելվի անանուն և չնույնականացվող տեղեկատվական աղբյուրներին հղում անելը։
Սերգեյ Չամանյանը նկատեց, որ իշխանության մեջ մաս են կազմում նախկին լրագրողներ և հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, որոնք տարիներ շարունակ պայքարել են խոսքի ազատության, մարդու իրավունքների համար։
Նա նշեց, որ ըստ առաջարկությունների` աղբյուրները վտանգի տակ կդրվեն, որոնք կարող են բռնաճնշումների ենթարկվել․ «Այսինքն՝ մեր սպառողը կզրկվի այն տեղեկատվությունից և այն հնարավորությունից, որը ինքը մինչ այդ ստանում էր։ Ինչո՞ւ կտուժեն լրագրողները, որովհետև տեղեկատվությունը կդառնա տխուր, կդառնա նույնանման և կդառնա սանրած այդ ամբողջ ցենզուրայով՝ պետական և նոր կարգով սանրված։ Եվ եթե բոլոր լրատվամիջոցները լինեն նույնանման, կշահեն այն լրատվամիջոցները, որոնք այս պահին ունեն այս կամ այն գերիշխող դիրք դաշտում։ Այսինքն՝ եթե փոքր ԶԼՄ-ն, որն ունենում էր աղբյուրներ պետական, ուժային մարմիններում, բայց չէր բացահայտում այդ մարմինները, և ինքն ապրում էր նրա հաշվին, որ ուներ էքսկլուզիվ նյութեր, որոնք վերատպվում էին մեծ, գերիշխող ԶԼՄ-ներում, այժմ այդ հնարավորությունը կկորի, և կկորի այդ ԶԼՄ-ն։ Այսինքն՝ մենք կունենանք նաև զտում»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ