ՀՀ արդարադատության նախկին նախարար, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի կարծիքով՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը պետք է ուղարկվի միջազգային փորձաքննության:
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 5 պատգամավորների առաջարկը` փոփոխություններ կատարել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում, որով կարգելվի անանուն և չնույնականացվող տեղեկատվական աղբյուրներին հղում անելը, աղմուկ է բարձրացրել մասնագիտական շրջանակներում։
Ըստ Արտակ Զեյնալյանի՝ այս կարգավորումը ԶԼՄ մասին օրենքի 5-րդ հոդվածին չի վերաբերում: «Հոդված 3» ակումբում հրավիրված քննարկման ընթացքում նա այս առիթով հիշեցրեց. «2015-ին «Հրապարակ» օրաթերթի դիմումի հիման վրա ՍԴ-ն անդրադարձավ ԶԼՄ մասին օրենքի 5-րդ հոդվածին, նաև քրեական դատավարության օրենսգրքում որոշ հոդվածների սահմանադրականությանը, բացատրեց դրանց սահմանադրաիրավական բովանդակությունը: Պետությունը չի կատարել ՍԴ-ի որոշումը, և փոփոխություններ չեն կատարվել վիճարկվող օրենքների՝ խնդրո առարկա հոդվածներում»:
Արտակ Զեյնալյանը փաստեց՝ օրենսդիրն ազատ է կարգավորել իրավահարաբերությունները: Ըստ նրա՝ խնդիրն այն է, որ ժամանակակից աշխարհում տեխնոլոգիական զարգացումների հետ միասին, խմբերի, խմբավորումների կամ պետական շահերի մեջ օգտագործվում են նաև մի շարք իրավունքների և ազատությունների տրված հնարավորություններ՝ այլ իրավունքների և ազատությունների սահմանափակումների համար. «Մամուլի ազատությունն ազատ արտահայտվելու ազատության՝ ավելի մեծ իրավունքի մաս է»:
Կարդացեք նաև
Ամփոփելով՝ Արտակ Զեյնալյանն ասաց. «Օրենսդրական տեխնիկայի կանոնի տեսակետից որոշ խնդիրներ տեսնում եմ, և լավ կլինի, որպեսզի դա հնարավորինս քննարկման դրվի օրենքով սահմանված կարգով, և վատ չէր լինի, եթե ուղարկվեր նաև միջազգային փորձաքննության»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ