Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիվանդը պետք է հավատա, որ կարող է բուժվել, քաղցկեղը դատավճիռ չէ»

Փետրվար 04,2021 17:41

Հարցազրույց «Իրա Մեդիքլ» ճառագայթային կենտրոնի ռադիոթերապեւտ, ուռուցքաբան, բժշկական գիտությունների դոկտոր Ներսես Քարամյանի հետ

– Փետրվարի 4-ը Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Ի՞նչ նշանակություն ունի, ըստ Ձեզ, այս օրը, ինչո՞վ է կարևոր, և որն է օրվա գլխավոր խորհուրդը:

– Բոլորիս հայտնի է, որ քաղցկեղը դարձել է ամենաարդիական խնդիրը մարդկանց առողջության համար ամբողջ աշխարհում, քանի որ հիվանդացությունն ու մահացությունը շարունակում են աճել՝ չնայած բժշկական նոր հաջողությունների: Նախանցած տարի, ըստ միջազգային տվյալների, գրանցվել են քաղցկեղի 18 միլիոնից ավելի հիվանդացության դեպքեր, ինչպես նաև 9,5 միլիոնից ավելի մահեր՝ պայմանավորված այս հիվանդությամբ: Կանխատեսվում է այս հիվանդության շարունակական աճ, և դա արդիականացնում է քաղցկեղի խնդիրը: Մենք նշում ենք այսօրը, որպեսզի մարդկանց տեղ հասցնենք այն միտքը, որ խնդիրը կարելի է լուծել: Գլխավոր ուղերձը, որը միշտ հնչեցնում ենք՝ այն է, որ քաղցկեղը բուժելի է: Եթե ախտորոշվել է քաղցկեղ,  դա չի նշանակում, որ այն լուծում չունի:

– Ի՞նչ եք կարծում, բացի բուժումներից, ուրիշ ի՞նչ է հարկավոր մարդուն հաղթահարելու համար այս մարտահրավերը :

– Հիվանդի տրամադրվածությունը շատ մեծ նշանակություն ունի: Քաղցկեղը դեռ մահապատիժ չէ, և հիվանդը պետք է գիտակցի, որ ունի հնարավորություն լիարժեք բուժվելու:

– Դուք որպես ուռուցքաբան, առաջնահերթ ինչի՞ն եք ուշադրություն դարձնում հիվանդների հետ աշխատելիս: Արդյո՞ք օնկոհիվանդի հոգեբանականն ու ֆիզիկականը կարելի է դնել նույն նժարի վրա աշխատելիս:

– Ե՛վ հոգեբանական ե՛ւ ֆիզիկականը շատ կարևոր են: Հիվանդը ենթարկվում է բավականին հզոր բուժումների ազդեցությանը, և դրա հետ մեկտեղ պետք է պատրաստված լինի հոգեբանորեն: Նա ինքը պետք է պայքարի հիվանդության դեմ: Կան հիվանդներ, որոնք, լսելով ախտորոշումը, քաղցկեղ բառը՝ իջեցնում են ձեռքերը և հանձնվում, թույլ են տալիս, որ հիվանդությունն ինքն աշխատի պացիենտի վրա: Իսկ եթե հիվանդը հավատա, որ կարող է բուժվել, ապա այդպես էլ կլինի:

Սա, իհարկե, հեշտ բուժվող հիվանդություն չէ: Արդյոք ինչպե՞ս եք կարողանում բալանսավորել Ձեր անհանգստությունը, դժվար չէ՞ մտքով լինել հարյուրավոր հիվանդների հետ: Չէ՞ որ ամեն հիվանդի հետ ճանապարհ եք անցնում:

– Շատ ծանր բեռ է, որը մենք կրում ենք յուրաքանչյուր հիվանդի հետ աշխատելիս, քանի որ ամեն հիվանդի հետ անցնում ենք ճանապարհ: Ամեն ոք չէ, որ պատրաստ կլինի հոգեբանորեն աշխատելու որպես ուռուցքաբան՝ լինի դա վիրաբույժ, քիմիաթերապեւտ, թե ճառագայթաբան: Պետք է ունենա ներքին ուժ, որ դիմադրի սթրեսային այդ իրավիճակին: Մենք իսկապես բուժման յուրաքանչյուր օրը հիվանդի հետ մասին ապրում ենք:

– Ինչո՞ւմն է այսօր ռադիոֆոբիայի նվազման գաղտնիքը: Մարդիկ «ճառագայթ» բառից այլևս չեն վախենում՝ ի համեմատ նախորդ տարիների:

– Ճիշտ եք նկատում, որ այսօր վերացել է գրեթե «ռադիոֆոբիա» հասկացությունը: 90-ականներին, երբ սկսեցի աշխատանքս որպես բժիշկ, մարդիկ խուսափում էին ճառագայթային բուժումից, քիմիաթերապիայից և կատեգորիկ հրաժարվում էին առաջարկվող բուժումներից: Այսօր շատ բան է փոխվել, մեծ դեր ունեն ԶԼՄ-ները, հեռուստատեսությունը, մարդկանց կրթվածությունը: Մենք ժամանակին նաև բրոշյուրներ էինք տպագրել, որով բացատրվում էին մարդկանց բուժումները, այդ թվում՝ ռադիոթերապիան, որից մարդիկ նույնպես սարսափում էին ժամանակին:

– Ի՞նչ կասեք այն մարդկանց, որոնք նոր են իմացել իրենց հիվանդության մասին և այդ ինֆորմացիայի ընկալման առաջին փուլում են:

– Հիվանդը պետք է իրազեկված լինի խնդրի մասին և պատկերացնի, թե ինչ ճանապարհ պետք է անցնի, որպեսզի կարողանա ճիշտ քայլերով առաջ գնալ: Ժամանակին ասում էին, որ հիվանդը չպետք է իմանա իր չարորակ հիվանդության մասին, բայց, ի հակառակ դրան, ես կարծում եմ, որ հիվանդը պետք է իմանա, թե ինչ ճանապարհ է անցնելու, որպեսզի տրամադրվի ճիշտ ձևով: Շատ հնարավոր է, որ, վիճակի լրջությունը չգիտակցելով, հիվանդները անգամ հրաժարվեն բուժումից որոշակի կուրս անցնելուց հետո և մտածեն, որ արդեն լավացել են:

Կարո՞ղ եք հիշել որևէ դրվագ՝ կապված պացիենտի հետ, որը շատ է տպավորվել Ձեզ մոտ:

– Բազմաթիվ դեպքեր կարող եմ հիշել, երբ մենք ստացել ենք բացառիկ արդյունք, և հիվանդը լիարժեք բուժվել է, խնդիրներ այլևս չի ունեցել տարիներ շարունակ: Հիշում եմ իմ հիվանդներից մեկին, որ կոկորդի քաղցկեղով էր տառապում և շատ ծանր էր տանում բուժման ընթացքը, քանի որ այդպիսի բուժումներն առաջացնում են որոշակի կողմնակի էֆեկտներ և բարդություններ հիվանդի համար: Մեր հիվանդը շատ մեծ դժվարությամբ, սակայն հերոսաբար դիմացավ այս ամենին՝ կորցնելով իր ձայնը, դժվարանալով անգամ նորմալ սնվել: Միշտ գալիս էր բուժման և միշտ բողոքում էր, անգամ լաց էր լինում և շատ վատ վիճակում էր: Երբ ավարտեց իր բուժումը, որոշ ժամանակ անց պարզվեց, որ ուռուցքն ամբողջությամբ վերացել է: Այս մարդը բուժումից հետո անգամ շարունակում էր գալ կենտրոն ամեն անգամ և ոգեւորում էր սպասող հիվանդներին: Գոչում էր՝ «Ժողովուրդ, հավատացեք, աշխատում ա, օգնումա, մի քիչ դիմացեք, հետոն լավ կլինի»:

– Արդյոք տեսնո՞ւմ եք նոր սերնդի մեջ մարդկանց, որոնց անունը հետագայում կլսենք որպես ստեղծարար ճառագայթաբաններ կամ օնկոլոգներ:

– Ես ինձ այնքան երջանիկ եմ զգում, երբ տեսնում եմ մեր խելացի ու տաղանդավոր երիտասարդներին: Համոզված եմ, որ նրանք համապատասխան ուսուցումը ստանալուց հետո մեզ կգերազանցեն մի քանի անգամ: Լինելով 12 տարվա դասավանդող՝ նաև պահանջում եմ, որ իմ նախկին ուսանողը գերազանցի ինձ և դառնա ավելի լավ մասնագետ: Ցանկալի կլիներ, որ իրենց աշխատանքը համապատասխան ձևով գնահատվի նաև մեր պետության կողմից և թույլ չտրվի մեր տաղանդների արտահոսքը արտերկիր: Այդ պարագայում մեր բժշկությունը շատ ու շատ կզարգանա:

Զրուցեց Մանե ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728