Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ոստիկանության զորքերի համար ԱՀ պետական բյուջեով գումար չի հատկացվի

Փետրվար 04,2021 17:11

Այսօր Արցախի խորհրդարանում 2021 թվականի պետական բյուջեի քննարկումներն էին։ Ըստ բյուջեի նախագծի, պետական պարտքի սպասարկման համար նախատեսվում է հատկացնել 4 միլիարդ դրամ։

ԱՀ Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության անդամ Դավիթ Գալստյանը հետաքրքրվեց՝ պետական պարտքը որքա՞ն է կազմում, որի սպասարկմանն ուղղվելու է այդքան գումար, եւ արդյո՞ք դա միայն տոկոսագումարների վճարման թիվն է։ ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանն ի պատասխան ասաց, որ 4 միլիարդը նախատեսված է տոկոսների վճարման համար։ Իսկ թե որքան է ԱՀ պետական պարտքը, պետնախարարը չպատասխանեց, հիմնավորելով, թե պետական գաղտնիք է, սակայն խոստացավ այդ տեղեկատվությունը պատգամավորին առանձին տրամադրել։

Արցախի Հանրապետության 2021 թվականի բյուջեի նախագիծը մինչ նիստում քննարկման ներկայացնելը` քննարկվել է պաշտպանության, անվտանգության եւ ինքնապաշտպանության հարցերի եւ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստում։ Պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը հայտարարեց՝ պետական բյուջեի նախագծում պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերը օրինական են եւ հիմնավորված։

ԱՀ խորհրդարանի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արթուր Մոսիյանը պարոն Հայրապետյանին հարց ուղղեց՝ այդ ծախսերում ոստիկանության զորքերի մասով գումար նախատեսվա՞ծ է։ Պատասխանը բացասական էր՝ ոչ։ «Բա ի՞նչն է օրինական այդ ծախսերի, որովհետեւ այլ կարգավորումներ են գնում, որ պիտի ոստիկանության զորքեր լինեն»,-արձագանքեց պարոն Մոսիյանը։ Սեյրան Հայրապետյանն էլ պատասխանեց․ «Բոլորս ունենք կարծիք, ես մի քիչ շեղվելու եմ՝ մեր հայրենիքի սահմանները պիտի պաշտպանի հայ զինվորը, հիմնական անվտանգության երաշխավորը պիտի լինի հայ զինվորը։ Ունենք մի շարք չլուծված հարցեր, որոնք կարգավորելու են ձեր մտահոգությունը։ Ձեր հարցը ես հասկանում եմ, կան նաեւ քաղաքական այլ պահեր, որոնք քննարկվելու են։ Հրավիրելու ենք հանձնաժողովի փակ նիստ, որի ընթացքում այդ հարցերին սպառիչ պատասխաններ են տրվելու։ Ձեր հարցի պատասխանը տրվելու է փակ նիստում»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728