Մեկնարկել է 20-րդ դարի երկրորդ տասնամյակը` համաշխարհային համաճարակի և դրա հետևանքներով պայմանավորված անորոշության, բայց նաև հույսի, քաղաքակրթության և տնտեսության վերականգնման տասնամյակ` ավելի լավ, ավելի արդար, ավելի կանաչ և կայուն զարգացման սկզբունքները հարգող աշխարհ ստեղծելու հնարավորությամբ: Հայացք նետելով դեպի ապագա` փնտրում ենք ոլորտներ, որոնք կդառնան դինամիկ և դրական փոփոխությունների կենտրոններ: Համոզված եմ, որ Կենտրոնական Եվրոպան կլինի դրանցից մեկը եվրոպական և համաշխարհային մասշտաբով:
Կենտրոնական Եվրոպան կամ Կենտրոնական և Արևելյան Եվրոպան (եզրույթները փոխարինում են մեկմեկու) կարևորագույն տարածաշրջան է, որն աշխարհագրության, քաղաքականության և տնտեսության, ինչպես նաև գաղափարների և մշակույթների տեսանկյունից հանդիսանում է ընդհանուր ճակատագրի համայնք: Ինչ վերաբերում է քարտեզի վրա գտնվելու վայրին, ապա այն ընկալվում է որպես Բալթիկ, Ադրիատիկ և Սև ծովերի միջև կամ թերևս ավելի պարզեցված ընկալմամբ` Գերմանիայի և Ռուսաստանի միջև ընկած տարածք: Ամենից առաջ, սակայն, մենք ընդհանուր հիշողության աղբյուր ենք: Անցել ենք պատմական նմանատիպ ուղով, մասնավորապես` դրամատիկ 20-րդ դարում: Մենք տառապել ենք երկու տոտալիտար ռեժիմների ճնշման հետևանքով՝ դարչնագույն և կարմիր, որոնք ճնշում և կեղեքում էին մեզ: Այնուամենայնիվ, ունենք նաև դարերից եկող փառահեղ փորձ: 15-17-րդ դարերը` «Յագելոնյան դինաստիայի Եվրոպա» կոչվող դարաշրջանը, որը հետագայում ստացել է Ռեչ Պոսպոլիտա` Լեհական թագավորության և Լիտվական մեծ իշխանության միություն անվանումը, երբ այդ տարածքի զգալի հատվածում ձևավորվել է ինքնակամ քաղաքական միավորում, որը ներկայիս Եվրամիության նախակարապետ է, ինչպես նաև բազում մշակույթների և դավանանքների օրրան` օրենքի գերակայության, պառլամենտարիզմի և ժողովրդավարության վրա հիմնված: Թե՛ լավ, թե՛ վատ փորձություններից քաղված դասերը տանում ենք դեպի ապագա՝ որպես գլոբալ նախազգուշացում, ինչպես նաև ոգեշնչում՝ հանուն տարածաշրջանում և ամբողջ Եվրոպայում ընդհանուր բարօրության և բարգավաճման:
Կարևոր է նաև Կենտրոնական Եվրոպայի նկարագիրը արժեքային դասակարգման առումով: Ավելի քան հազար տարի լինելով արևմտյան քաղաքակրթության մաս՝ մենք կիսում ենք վերջինիս գաղափարական հիմքերը: Միլան Կունդերան Կենտրոնական Եվրոպան անվանել է «առևանգված Արևմուտք»` արևմտյան քաղաքակրթության այն մասը, որն իր կամքին հակառակ հայտնվել է ռացիոնալ առումով ինքն իրեն կառավարելու անընդունակ, կայսերական, ավտորիտար խորհրդային տիրապետության տակ: Հարկ է, սակայն, ընդգծել, որ մեր նվիրվածությունը եվրոպական մշակույթը կերտած արժեքներին ինքնաբերական չէ: Մենք մյուսներից առավել լավ գիտենք, թե ինչ բարձր գին է պետք վճարել այդ արժեհամակարգի պաշտպանության համար: Քաջատեղյակ ենք, որ պետք է փայփայել և համատեղել ազատությունը պատասխանատվության, իրավունքները պարտականությունների, անհատականությունը միասնական սոլիդարության հետ, ինչպես նաև քննադատական մտքի, նորարարության և արդիականացման նկրտումները մեր ինքնությունը մարմնավորող ժառանգության ու ավանդույթների հարստացման հետ:
1989 թվականի պատմական փոփոխությունների շեմին Թիմոթի Գարթոն Էշը գրել է, որ «Կենտրոնական Եվրոպա» եզրույթն արևմտյան աշխարհին դուրս հանեց սառը պատերազմի մտածելակերպի կաղապարից, վիճարկեց ընդհանուր հասկացություններն ու առաջնահերթությունները, բայց ի պատասխան նոր առաջարկներով հանդես եկավ: Թերևս այս կարծիքն արդիական է առ այսօր, երբ Կենտրոնական Եվրոպայի երկրների մասնակցությունը հանդիսանում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին եվրոպական և ատլանտյան կարգերի ծանրակշիռ տարր և, երբ զգալի տնտեսական աճ գրանցած տարածաշրջանն քաղաքակրթական նշանակալի ցատկ է կատարել: Այսօր ևս «Կենտրոնական Եվրոպա» հասկացությունը պարունակում է դինամիզմ և դրական բովանդակություն: Եթե ես հակիրճ ներկայացնեի Կենտրոնական Եվրոպայի ժամանակակից դեմքը, ներառյալ տարածաշրջանի ամենամեծ երկիր Լեհաստանը, ապա կասեի հետևյալը` այն հաջողության և միաժամանակ ընդհանուր նկրտումների համայնք է:
Կարդացեք նաև
Կենտրոնական Եվրոպան կատարյալ օրինակ է, թե որքան հզոր և ստեղծագործ ուժ է ազատությունը: Ազատության գաղափարում ամփոփված են տնտեսական ազատությունը, ձեռներեցությունը, ինքնակառավարումը: Վերջիններս համարձակ հավակնությունների և ձգտումների իրականացման նոր դռներ են բացում: Ազատությունը զարգացման նախապայման է: Կոմունիզմի անկումից` մեր տարածաշրջանում լեհական «Սոլիդարություն» շարժման կողմից նախաձեռնած պատմական հայտնի իրադարձություններից հետո, երեք տասնամյակները խոսում են մեծ տնտեսական հաջողության, սոցիալական և քաղաքակրթական առաջընթացի մասին, որոնք հազվադեպ են արձանագրվում համաշխարհային պատմությունում այդքան կարճ ժամանակահատվածում: Լեհաստանը և ամբողջ Կենտրոնական Եվրոպան ազատության կողմից ընձեռած հնարավորությունների յուրօրինակ ապացույց են:
Մեր հաջողությունը ոգեշնչման օրինակ է, թե ինչպիսի դրական արդյունքներ հնարավոր է գրանցել համագործակցության և համատեղ նախաձեռնությունների իրականացման շնորհիվ: Այսպես Կենտրոնական Եվրոպան դադարեց լինել Արևմուտքի և Արևելքի, գերտերությունների միջև ընկած ծայրամասային տարածք, և փոխարենը դարձավ իր շահերը գիտակցող և Եվրոպային վերաբերող հարցերում ազդեցություն ունեցող բազմաճյուղ մի կառույց: Մեզ հաջողվեց հասնել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի անկախացմանը. այսօր մենք քաղաքական և քաղաքակրթական գործընթացների կարևոր դերակատարներից ենք:
Էական է հիշել Կենտրոնական Եվրոպայի համագործակցության երեք կարևոր հարթությունները, որոնք ոչ միայն տարածաշրջանային նշանակություն ունեն, այլև կարևոր են ԵՄ, Ատլանտյան դաշինքի և նույնիսկ գլոբալ համատեքստում: Դրանցից առաջինը Վիշեգրադի խումբն է`ամենաերկար գոյություն ունեցող սուբյեկտը, որի կազմում են Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան և Հունգարիան: 1991 թվականին ձևավորվելով որպես քաղաքական երկխոսության, ինչպես նաև ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին անդամակցության ուղղված ջանքերը համակարգող հարթակ` Վիշեգրադի խումբն իր կարևորությունն ապացուցեց նաև վերոգրյալ ռազմավարական նպատակներին հասնելուց հետո: Այսօր այն Կենտրոնական Եվրոպայում տարածաշրջանային համագործակցությունն ակտիվացնելու և եվրոպական մի շարք հարցերում փոխըմբռնմանը հասնելու կարևոր գործոններից մեկն է:
Համագործակցության երկրորդ ձևաչափը Բուխարեստ 9 նախաձեռնությունն է /Bucharest 9 Initiative/: Այն միավորում է ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրները` Լեհաստանը, Ռումինիան, Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Հունգարիան, Սլովակիան, Չեխիան և Բուլղարիան: Կառույցը հիմնադրվել է 2015 թվականին Բուխարեստում: Այնտեղ ստորագրված համատեղ հայտարարության համաձայն` ինը պետությունները միավորում են իրենց ջանքերը ապահովելու տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ուժեղ, վստահելի և հավասարակշիռ ռազմական ներկայությունը: Մեծ մասամբ նախաձեռնությունը պատասխան է Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությանը, հարևան Ուկրաինայի սահմանների և տարածքային ամբողջականության խախտումներին, որոնք սպառնում են տարածաշրջանային և ատլանտյան անվտանգությանը: Չենք պատրաստվում դա լուռ հանդուրժել:
Համագործակցության երրորդ հարթակը Երեք ծովերի նախաձեռնությունն է, որը 2015 թվականին ստեղծվել է Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչի և իմ նախաձեռնությամբ: Խումբը բաղկացած է Բալթիկ, Ադրիատիկ և Սև ծովերի միջև գտնվող երկրներից` Ավստրիա, Խորվաթիա, Չեխիա, Էստոնիա, Լիտվա, Լատվիա, Լեհաստան, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա և Հունգարիա: Նախաձեռնության նպատակն է համատեղ ներդրումներ կատարել ենթակառուցվածքների, տրանսպորտի, էներգետիկայի և նոր տեխնոլոգիաների ոլորտներում, որոնք կխթանեն մեր երկրների զարգացումը և կնպաստեն Եվրամիության միասնականությանը: Երբ ուսումնասիրենք ԵՄ-ում տնտեսական կապերի քարտեզը, կնկատենք Արևմուտք-Արևելք առանցքի երկայնքով հորիզոնական հոսքերի զգալի առավելությունը Հյուսիս-Հարավ առանցքի երկայնքով ուղղահայաց հոսքերի նկատմամբ: Սա ներառում է մարդկանց, ապրանքների, ծառայությունների և կապիտալի հոսքերը, բայց նաև ենթակառուցվածքային ցանցերը՝ արագընթաց մայրուղիներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, էլեկտրահաղորդման և ՏՏ գծեր: Այն փաստը, որ բացի ԵՄ ներսի կապիտալից, Երեք ծովերի նախաձեռնության մեջ ներգրավված են նաև ԱՄՆ-ի, Չինաստանի և աշխարհի այլ մասերի ներդրողներ, ապահովում է շահերի բազմազանություն և սերտ փոխկապակցվածություն:
Սա է Կենտրոնական Եվրոպայի այսօրվա պատկերը և ապագայի տեսլականը` որպես ընդհանուր գործունեության, միասնական հաջողության և հավակնոտ նկրտումների համայնք: Մենք անցել ենք երկար և հաջողակ ճանապարհ՝ համաշխարհային բեմի գլխավոր դերակատարների մտքում գրեթե համարյա գոյություն չունեցող տարածաշրջան լինելուց (ինչպես գրել է Ալֆրեդ Ջերրին 19-րդ դարի վերջում`«Լեհաստանում, այսինքն՝ ոչ մի տեղ») դարձել ենք տարածաշրջան, որը երկրագնդի ամենադինամիկ կերպով զարգացողներից մեկն է և հավակնում է կանգնել քաղաքակրթության կենտրոնների շարքում: Կենտրոնական Եվրոպա. Nomen omen. արդյո՞ք անունը խոսուն չէ: Հրավիրում ենք մասնակցելու այս հետաքրքրաշարժ արկածին:
Անջեյ ԴՈւԴԱ,
Լեհաստանի Հանրապետության նախագահ
Տեքստը տպագրվել է լեհական «Ամենակարևորի մասին» (Wszystko Co Najważniejsze) ամսագրում «Կենտրոնական Եվրոպայի տասնամյակը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվել է Վարշավայի ֆոնդային բորսայի հետ համատեղ: