Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջանքեր ներդնելու դեպքում կանխատեսված 3.2 տոկոսից ավելի բարձր աճ կունենանք». Ատոմ Ջանջուղազյան

Փետրվար 04,2021 16:45

Պարտատոմսերի թողարկումը պետական բյուջեում նախատեսված է որպես դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուր՝ միջազգային ֆինանսական շուկայից արտարժույթային պարտատոմս ներգրավելու ճանապարհով: Այսօր այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն՝ անդրադառնալով՝ Հայաստանի կողմից 750 միլիոն դոլարի պարտատոմսերի թողարկմանը: Ըստ նրա՝ սա ոչ թե լրացուցիչ, չհաշվարկված պարտքի ներգրավում է, այլ օրենքով 2021 թվականի դեֆիցիտը ֆինանսավորելու նպատակով նախատեսված աղբյուրի իրականացում:

Ատոմ Ջանջուղազյանի տվյալներով՝ պարտատոմսերի թողարկման ծավալը 2013 թվականին կազմել է 700 միլիոն դոլար, 2015 ին՝ 10 տարվա մարման ժամկետով՝ 700 միլիոն դոլարի թողարկում է եղել, իսկ 2019-ին թողարկվել է 500 միլիոն:

Նախարարը տնտեսական անկման ցուցանիշների վերաբերյալ էլ ասաց, որ այն 7.5 է կազմում, բայց ենթադրվում է, որ այս ամսվա վերջին ՀՆԱ-ի մասին առաջին տեղեկատվությունը կլինի. «2021 թվականի համար կանխատեսված է 3.2 տոկոս աճ, հավակնություններ ունենք, որ ջանքեր ներդնելու դեպքում ավելի բարձր աճ կունենանք, եւ մեծ հնարավորություններ կստեղծվեն»:

Հարցին՝ բյուջեի օրենքի հետ կապված փոփոխության անհրաժեշտություն տեսնո՞ւմ է պարտք/ՀՆԱ հարաբերակցության առումով, պարոն Ջանջուղազյանը պատասխանեց. «Ոչ, որովհետեւ օրենքը բավարար չափով կարգավորել է հարաբերությունները, եւ նոր փոփոխության անհրաժեշտություն չկա։ Այսինքն՝ այն, ինչն այսօր տեղի է ունենում,  ամբողջությամբ օրենքի կարգավորման շրջանակում է»։

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամից վերցրած 53 միլիարդ դրամն ինչի՞ վրա է ծախսվել, նախարարն ասաց, որ այդ ծախսերի վերաբերյալ մանրամասն ներկայացվել է. «Ամբողջ գործընթացը ներկայացվել է ոչ միայն բանավոր, այլ նաեւ դա առկա է մեր նախարարության էլեկտրոնային կայքում։ Մենք ունենք շատ լավ կանոնակարգված տարեկան հաշվետվության գործընթաց, որի շրջանակում, կարող եք անհոգ լինել, փուլերով, բոլոր մանրամասներով, որոնք նախկինում մասնակցել են այդ գործընթացին, այն մարմինները, որոնք իրականացրել են ծրագրեր այդ միջոցների հաշվին, կմանրամասնեն՝ ինչ են արել այդ միջոցներով»։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728