Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ոստիկանությանն այս տարվա բյուջեով կհատկացվի  3,3 մլրդ դրամ, ազգային անվտանգությանը՝ 2,9 մլրդ դրամ

Փետրվար 04,2021 16:10

Այսօր Արցախի խորհրդարանում, ի թիվս այլ հարցերի, քննարկվում էր  2021 թվականի  պետական բյուջեի նախագիծը։

Ակնկալվում էր, որ երկրի ֆինանսական գլխավոր փաստաթղթի քննարկումը կանցնի բուռն, քանի որ ընդդիմադիր պատգամավորները հայտարարում էին, որ այն չի համապատասխանում հետպատերազմական իրավիճակում առաջացած խնդիրների լուծմանը։

Ֆինանսական այս փաստաթղթի քննարկման ժամանակ որոշ հարցեր ուղղվեցին ԱՀ կառավարությանը, ընդհանուր առմամբ քննարկումը հանգիստ էր։

Օրենքի նախագիծը ներկայացրեց պետնախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, որը նշեց՝ Արցախի՝ 2021 թվականի պետական բյուջեի նախագծում հաշվի են  առնվել նախորդ տարի  կորոնավիրուսի համավարակի ազդեցությունն ու Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքները։

Պարոն Մարտիրոսյանը ներկայացրեց 2020 թվականի տնտեսական ցուցանիշները՝ 1-ին կիսամյակում տնտեսության գրեթե բոլոր  ճյուղերում անկում է գրանցվել,  որի արդյունքում ՀՆԱ-ն  իրական արտահայտությամբ նվազել է 1,5% -ով, կազմելով 129,6 միլիարդ դրամ։  Արդյունաբերական ճյուղերում անկումը եղել է  3,7%, շինարարության ոլորտում՝ 14%, գյուղատնտեսությունում՝ 10,2%։

Պատերազմը, բնականաբար, երկրորդ հարվածն է հասցրել տնտեսությանը, եւ ինչպես պետնախարարն ասաց, ըստ  պաշտոնական կանխատեսումների, 2020-ին Արցախի ՀՆԱ-ն կազմել է 293,5 միլիարդ դրամ, ինչը հանգեցրել է  տնտեսության 15% անկման։

Այս տարվա կանխատեսումներով՝  Արցախի ՀՆԱ-ն կկազմի 224,5 միլիարդ դրամ,  անկումը՝ 25%, սա ըստ պարոն Մարտիրոսյանի, շատ նախնական գնահատական է։

2021  թվականի բյուջեի նախագծով ծրագրվել է՝ եկամուտները՝ 81,8 միլիարդ դրամ, ծախսերը՝ 124,8 միլիարդ,  դեֆիցիտը՝ 43 միլիարդ դրամ։  ԱՀ պետական պարտքի սպասարկման համար կհատկացվի 4 միլիարդ դրամ։

Պետական բյուջեի սեփական  եկամուտներն՝ առանց ՀՀ-ից ստացվող բյուջետային վարկի,  հարկային եկամուտներն ու պետական տուրքերը՝ 17 միլիարդ 50 միլիոն դրամ՝ նախորդ տարվա ծրագրված  56 միլիարդի փոխարեն։ Բյուջետային վարկի չափն այս տարի կկազմի  64,7 միլիարդ դրամ։

Այս տարի Արցախի պետական բյուջեի ծախսերն, ըստ նախագծի, կազմում են 124,8 միլիարդ դրամ, ինչը 2020-ի պետական բյուջեով  նախատեսվածից պակաս է  7,8%-ով,  ՀՆԱ-ում ծախսերի մակարդակը  կկազմի 55,6%։

Արցախի պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսվում է գյուղատնտեսությանը հատկացնել 5 միլիարդ դրամ, որից 50 միլիոնը  հատկացվելու է որպես դրամաշնորհ՝ գյուղատնտեսությունում  նորարարության եւ ձեռներեցության խրախուսմանը։ Տնտեսական զարգացման  ծրագրերի համար այս տարի կհատկացվի 618,3 միլիոն դրամ։ ԱՀ բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման համար կհատկացվի 12 միլիարդ դրամ,այս գումարն ուղղվելու է գազի, էլեկտրաէներգիայի եւ կապի ծառայությունների համար բնակիչների ծախսերի սուբսիդավորմանը։

Կապիտալ ներդրումների՝ բնակարանաշինության, ենթակառուցվածքների շինարարության համար այս տարի պետական բյուջեով կհատկացվի 10 միլիարդ դրամ, նախորդ տարվա  25 միլիարդի փոխարեն։

ԱՀ պետական բյուջեի նախագծով սոցիալական պաշտպանությանը կհատկացվի  31,4 միլիարդ դրամ,  ինչը 2020 թվին նախատեսվածից 4 միլիարդ դրամով ավելի է։ Նախարարն ասաց, որ սա  բյուջեի ամենամեծ ծախսային բաժինն է։ Տեղահանված ընտանիքիներին բնակարան վարձելու նպատակով  որպես գումարի փոխհատուցում պետբյուջեից ծախսվելու է 360 միլիարդ դրամ, առողջապահության ոլորտի ծախսը՝  8, 7 միլիարդ դրամ, սա 1,3 միլիարդով ավելի է նախորդ տարվա նախատեսվածից։

Զոհված զինծառայողների գերեզմանների բարեկարգման եւ տապանաքարերի տեղադրման համար կհատկացվի 1,7 միլիարդ դրամ։ Մշակույթի եւ երիտասարդության ոլորտի համար 2,4 միլիարդ դրամ է նախատեսված։

ԱՀ պաշտպանության ոլորտին, որը վերաբերում է քաղաքացիական  պաշտպանությանը,  250 միլիոն դրամ է հատկացվելու։ Ոստիկանությանը հատկացվելու է  3,3 միլիարդ դրամ,  ազգային անվտանգությանը՝ 2,9 միլիարդ դրամ, փրկարար ծառայությանը՝ 1,7 միլիարդ դրամ։

ԱՀ 2021 թվականի պետական բյուջեով  օրենսդիր, գործադիր, դատական իշխանության եւ իրավապահ մարմինների աշխատակազմերի հաստիքների ընդհանուր քանակը նախատեսվել է 4386   միավոր` 14,1 միլիարդ դրամ աշխատավարձի ֆոնդով։

Խորհրդարանում հարց ու պատասխանից հետո Արցախի օրենսդիրն այսօր որոշեց պետական բյուջեի նախագծի քննարկումն ընդմիջել մինչեւ  փետրվարի 11-ը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728