«Արտագաղթի տրամադրությունները իրականության մեջ են գտնվում եւ ժամանակի մեջ են ռեալ, այսինքն այս պահին ցանկացողներն ավելի շատ են, քան կլինեն վաղը, երբ մարդիկ շոկից դուրս գան»: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո, անդրադառնալով այս օրերին օդանավակայանում տիրող իրավիճակին, ասաց Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Նրա խոսքով, միգրացիոն տրամադրությունները պետք է գնահատել ժամանակի տեսանկյունից. «Այս պահին հեռանալու ցանկություն ունեցողներն ավելի շատ են, քան կլինեն վաղը, նույն կերպ կարելի է ասել, որ դեկտեմբերին արտագաղթել ցանկացողներն ավելի շատ էին, քան հիմա»:
Նրա խոսքով՝ ծանոթ չէ թվերին, այդ թվում ՝ հետպատերազմյան ժամանակաշրջանի, բայց զարմացած չէ այս միտումից. «Պատերազմի ժամանակ միգրացիոն լուրջ արտահոսք չի եղել, քանի որ համապատասխան հնարավորություններ չկային: Հիմա, երբ օդային հաղորդակցություն հաստատվի, աշխարհը կբացվի Հայաստանի համար, իսկ Հայաստանը` աշխարհի, այդ ժամանակ մենք ավելի իրատեսական պատկեր կստանանք»:
Հարցին՝ ներգաղթ ակնկալվո՞ւմ է, ի պատասխան Զարեհ Սինանյանն ասաց, որ այդպիսի սպասելիքներ միշտ էլ կան, բայց ակնհայտ է, որ այժմ մարդիկ հոգեբանական անկում են ապրում` պատերազմի բացասական արդյունքների հետ կապված, ուստի սպասվում է, որ կարճ ժամանակահատվածում միգրացիոն արտահոսք տեղի կունենա. «Ես պատրաստվում եմ այցելել օդանավակայաններ եւ ծանոթանալ արտագաղթել ցանկացող քաղաքացիների խնդիրներին»:
Ինչ վերաբերում է ավիատոմսերի բարձր գներին, պարոն Սինանյանն ասաց, որ դա իրենց վերահսկողությունից դուրս է, եւ շուկան է որոշում. «Մենք չունենք ազգային ավիափոխադրող, որ գին թելադրենք, շուկան կկարգավորվի, գինը կլինի այն, ինչ պետք է լինի: Պարզապես մենք չենք կարող ազդել գների վրա»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ