Գյումրու Եղիշե Չարենցի անվան թիվ 25 դպրոցում այսօր օրը սկսվել է գործադուլով և դասադուլով։
Բանն այն է, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այդպես էլ չփոխեց իր որոշումը, չլսեց դպրոցի անձնակազմի ու ծնողների կարծիքը, ու տնօրեն չնշանակվեց նրանց ցանկալի թեկնածուին՝ դպրոցի պատմության երկարամյա ուսուցիչ Մերուժան Մինասյանին:
Շիրակի նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանի որոշմամբ՝ երեկ դպրոցի տնօրենի պաշտոնում հինգ տարի ժամկետով նշանակվեց Իրինա Բաղդասարյանը՝ Գյումրու թիվ 9 դպրոցի փոխտնօրենը։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ըստ բողոքավորների, Իրինա Բաղդասարյանին նշանակել են հովանավորչությամբ. նա Շիրակի մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ Գեղամ Բաղդասարյանի քույրն է։
Մինչ այս պահը դպրոցի անձնակազմը և ծնողները նորանշանակ տնօրենին չեն թույլատրում դպրոցի շենք ներս մտնել ու ստանձնել պաշտոնը, դպրոցի շենքի ներսում բացականչում են՝ հեռացիր։
Դպրոցի բակը «ոստիկանախեղդ» են արել։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ