Գյուղատնտեսության ոլորտում ավելացված արժեք ստեղծելու նոր մշակաբույսեր աճեցնելու եւ վերամշակելու համար կառավարությունն այսօր քննարկեց եւ ընդունեց Տնտեսական արձագանքման ծրագիրը եւ գործողությունների նախնական պլանը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Այստեղ կարող եմ շատ կոնկրետ օրինակ բերել, դա արդյունաբերական կանեփն է, որի արտադրության բավականին դրական փորձ ունի ՌԴ-ն, ԱՄՆ-ն եւ Չինաստանը, մենք նույնպես կարգավորումների առումով շատ արագ լուծելու ենք»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Այստեղ մի հարց եմ տեսնում, պարոն Ավինյան, դուք նշեցիք արդյունաբերական կանեփի մշակման հետ կապված հարցը, ենթադրում եմ, որ սա բազմաթիվ շահարկումների տեղիք է տալու: Շատ կարեւոր է, որ ծրագիրը շատ ճիշտ ու մանրամասն լուսաբանվի, որ մարդիկ ու հանրությունը ամբողջական տեղեկատվություն ունենան, թե ինչի մասին է: Ցավոք, կանեփ ասելով՝ այլ բան են հասկանում, մինչդեռ կանեփը շատ կարեւոր արդյունաբերական հումք է եւ տվյալ դեպքում խոսքը արդյունաբերական հումքի մշակման մասին է, որն իր հետ, իհարկե, զուգահեռ ռիսկեր ունի եւ այդ ռիսկերի կառավարման հստակ մեխանիզմներ կան»:
Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ ուսումնասիրվել է Չինաստանի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի փորձը, արդեն կա նախնական հայեցակարգ եւ կարգավորումների մոտավոր պատկերացումները եւս կան, եւ որ խոսքը վերաբերում է միայն արտադրական կանեփին: Ըստ Ավինյանի, դա կբերի հողերի օգտագործմանը, քանի որ մեր երկրում մշակվող հողերի 40 տոկոսը չեն օգտագործվում:
Նախագծի կետերից է հանքարդյունաբերությունը: Նիկոլ Փաշինյանն այս առնչությամբ էլ ասաց. «Ուզենք, թե չուզենք, հանքարդյունաբերությունը շատ էական դեր է խաղում Հայաստանի տնտեսության զարգացման համար, կարեւոր է արձանագրել, որ այստեղ էլ պետք է կայացնենք որոշումներ, ներդրումային որոշակի ծրագրերը առավել կարեւոր ու ընդունելի դարձնենք Հայաստանի եւ Հայաստանի հանրության համար, այստեղ էլ պետք է փորձենք կայացնել այնպիսի որոշումներ, այդ թվում՝ Ամուլսարի հայտնի ներդրումային ծրագրի շրջանակներում, հաշվի առնելով Հայաստանի տնտեսական շահերը, պետք է փորձենք գտնել լուծումներ»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ