Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Փաշինյանի «ջանգյուլումն» Իրանին կանգնեցրեց երկընտրանքի առաջ»

Փետրվար 04,2021 15:00
Vahram Atanesyan

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարգավորման այս կամ այն տարբերակը միշտ էլ քննարկել են Թուրքիայի հետ: Սա ոչ ոքի համար նորություն չէ: Եւ սենսացիա չէ նաեւ Մեդվեդեւի ասածը». «Առավոտի» զրուցակիցն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը:

– Օրերս ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը պետք է քննարկել նաեւ Թուրքիայի հետ՝ այդպիսին են տարածաշրջանի իրողությունները. «Թուրքիան մեր հարեւանն է եւ շատ կարեւոր գործընկեր: Եվ շատ մոտ երկիր՝ Ադրբեջանի համար: Այդ գործոնի հետ հնարավոր չէ հաշվի չնստել»: Սրանով հանդերձ, ռուս պաշտոնյան կարծում է, որ Արցախի կարգավիճակի շուրջ քննարկումները պետք է հետաձգել: Ինչպե՞ս կմեկնաբանեք նման մոտեցումը, Թուրքիայի ներգրավումը Արցախի հարցի`որոշումներ կայացնողների շարքում, ի՞նչ իրողություններ կստեղծի հայկական պետությունների համար, նաեւ նկատի ունենալով Թուրքիայի անթաքույց աջակցությունն Ադրբեջանին`44 օրյա պատերազմում:

– Հայկական մաս-մեդիան եւ փորձագիտական հանրությունը մի լուրջ թերություն ունեն՝ երկրի, պետության համար կարեւորագույն խնդիրները դիտարկել ըստ քաղաքական կոնյունկտուրայի: Դմիտրի Մեդվեդեւը, անկախ իր այսօրվա կարգավիճակից, հետելցինյան Ռուսաստանի քաղաքական էլիտայի առանցքային դեմքերից մեկն է, զբաղեցրել է Ռուսաստանի վարչապետի եւ նախագահի պաշտոնները: Ոմանք նրան համարում են ՌԴ նախագահի ամենահավանական հաջորդը: Մեդվեդեւը ռուս-ադրբեջանական ռազմավարական համագործակցության ճարտարապետն է:

Հիշենք, որ 2008թ. ռուս-վրացական պատերազմից կարճ ժամանակ առաջ նա այցելել է Բաքու, կողմերը ստորագրել են միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը ճանաչող եւ ահաբեկչության ու էքստրեմիզմի դեմ համատեղ պայքարի մասին փաստաթուղթ: Էքստրեմիզմ ասելով Ադրբեջանը նկատի ուներ Լեռնային Ղարաբաղի անկախության ձգտումը, եւ Մեդվեդեւը դա գիտեր:

Արդարացի չէ այսօր տեսք ընդունել, թե Մեդվեդեւը նոր է խոսում ԼՂ կարգավիճակի հարցը հետաձգելու մասին: Նույն մոտեցումն է ընկած Մեդվեդեւի նախաձեռնությամբ 2008թ. նոյեմբերի 2-ին Մայենդորֆ պատմական ամրոցում նրա, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ստորագրած Հռչակագրի հիմքում: Դա սկզբունքային նշանակության փաստաթուղթ է: Խորհուրդ կտայի կարդալ եւ համոզվել, որ այն ԼՂ կարգավորումը կապում է ոչ թե նրա ժողովրդի ինքնորոշման, կամ թեկուզ անվտանգության եւ ինքնակառավարման ապահովման, այլ՝ Հարավային Կովկասում համագործակցության հեռանկարի հետ: Ընդ որում, Հայաստանը պարտավորվում էր կարգավորման իրավական հիմք ընդունել միջազգային կառույցների ընդունած որոշումները եւ այլ փաստաթղթեր: Դիվանագիտական լեզվից թարգմանած՝ դա նշանակում է ԼՂ կարգավորում ըստ ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձեւերի: Սա է, ցավոք, իրականությունը:

Ինչ վերաբերում է Թուրքիային, Թուրքիան ԵԱՀԿ ՄԽ անդամ պետություն է եւ, ի տարբերություն, ասենք, Գերմանիայի, կարգավորման գործընթացին միշտ ներգրավված է եղել՝ Ադրբեջանի հետ «մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքով ունեցած սերտագույն կապի հանգամանքով: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարգավորման այս կամ այն տարբերակը միշտ էլ քննարկել են Թուրքիայի հետ: Սա ոչ ոքի համար նորություն չէ: Եւ սենսացիա չէ նաեւ Մեդվեդեւի ասածը: Հարավային Կովկասի խորհրդային ստատուս-քվոն ռուս-թուրքական համաձայնության արդյունք է, որ ԼՂ անկախացմամբ փոխվել է:

Մենք բացառիկ շանս ունեինք փաստացի իրավիճակն ամրագրել իրավա-պայմանագրային նոր հիմքով, բայց 1998թ. իշխանափոխությամբ սկսվեց այդ ռեսուրսի մսխումը, գործընթաց, որ վաղ, թե ուշ բերելու էր պատերազմի: Պատերազմից ընդամենը տասը օր առաջ տեղական հեռուստատեսությամբ ասել եմ, որ մադրիդյան սկզբունքների մերժումը դուռ է բացում ռուս-թուրքական սեպարատ պայմանավորվածությունների համար: Հիմա մենք այդ վիճակում ենք: Ցավոք՝ ահռելի կորուստներից հետո եւ դիվանագիտական «մերկությամբ»:

Մեդվեդեւը Ռուսաստանի պետական-պաշտոնական մոտեցումն է հնչեցրել: Այն միշտ այդպիսին է եղել: Ներկայացման հնչերանգներն են տարբերվել: Բայց դա էլ օրինաչափ է: Պատերազմում պարտված կողմի հետ խոսելիս էթիկետին այնքան էլ չեն հետեւում: Հիմա ի՞նչ կհետեւի. կամ Թուրքիան, որպես չորրորդ համանախագահող կներգրավվի Մինսկի գործընթացում, եթե այն կվերակենդանանա, կամ կձեւավորվի տարածաշրջանային ձեւաչափ՝ Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան: Այլ կանխատեսում դժվար է անել:

– Ի դեպ, բանակցային գործընթացում Թուրքիայի ներգրավման անհրաժեշտության մասին հայկական կողմում բանավեճ սկսվեց դեռ պատերազմի օրերին, երբ հոկտեմբերի 2-ին, Նիկոլ Փաշինյանի ընտանիքի սեփականություն հանդիսացող «Հայկական ժամանակ» թերթում տպագրվեց «Բանակցային ֆորմատը փոխելու ժամանակը» վերնագրով խմբագրականը, որում առաջ էր քաշվում այն թեզը, որ Արցախյան խնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանը պետք է բանակցի Թուրքիայի հետ դեմ առ դեմ կամ բանակցությունները պետք է լինեն քառակողմ՝ Հայաստանի, Արցախի, Թուրքիայի եւ Ադրբեջանի մանսակցությամբ: Հոդվածագիրը նշում էր` Հայաստանը կռվում է Թուրքիայի հետ եւ հետեւյալ հարցադրումն անում՝ «իսկ ինչո՞ւ պետք է Հայաստանը պատերազմի Թուրքիայի դեմ, բայց բանակցությունների նստի Ադրբեջանի հետ»։ Ինչի՞ մասին է այս ամենը խոսում:

– Այդ թերթի ընթերցողը չեմ եւ երբեք նրա վիզավին չեմ եղել: Ապավինում եմ քո բարեխղճությանը եւ վստահում, որ մեջբերումն անխաթար է եւ դա ինձ մղում է եզրակացության, որ Փաշինյանը տվյալ փուլում պատերազմի բոլորովին այլ ելքի ակնկալիքներ է ունեցել եւ հույս փայփայել, որ Թուրքիայի հետ բանակցություններում կարող է նաեւ հայդատական այլ հարցեր քննարկել: Ինչի՞ վրա էր նա կառուցել այդ տեսլականը՝ չեմ կարող ասել: Ընդ որում, շատերն էին նման ակնարկներ անում: Նույնիսկ իրենց շատ լուրջ համարող քաղաքագետներ, որ հիմա Փաշինյանի ամենասուր քննադատն են: Չգիտեմ: Գուցե դա նրան էյֆորիայի մատնելու ծրագի՞ր էր: Գուցե ի՞նքն էր նախաձեռնել այդ «գրոհը» Թուրքիայի դեմ: Պատերազմից առաջ չէ՞որ Հայաստանը թափ էր տալիս Սեւրի պայմանագրի եւ Վիլսոնի իրավարար վճռի փոշիները՝ նախագահի մակարդակով: Չեմ ուզում ավելին ասել: Դրա կարիքը չկա էլ այս «կոճակ վիճակում»:

– Թուրքիայի եւ Ադրբեջանի օրակարգերում պանթուրքիստական ծրագրերի իրականացումն է, ինչի մասին հայտարարությունները, հոխորտանքները հրապարակային են, անգամ հայկական կողմերի համար ստորացուցիչ պայմաններով ձեռք բերված համաձայնության հումանիտար կետը`գերիների վերադարձը Ադրբեջանը չի ապահովում, իսկ հայկական օրակարգերում այդ երկրների հետ դիվանագիտական եւ առեւտրատնտեսական հարաբերությունների ձեւավորումը: ՀՀ ԱԺ իշխող խմբակցության պատգամավորները նույնիսկ հայտարարում են, որ կարեւոր չէ, թե Արցախն ո՞ւմն է եղել, կարեւոր չէ, թե պատերազմն ո՞վ է սկսել`պետք է ստեղծված իրողությունների հետ հաշվի նստել: Հետո, իհարկե ասաց, որ դա ծաղրի համատեքստում է ասել: Ունե՞ք կանխատեսումներ, ո՞ւր կտանի, ինչի՞ կհանգեցնի մեզ նման քաղաքականությունը:

– Այդ դիտարկումը, կներեք, փչացած հեռախոսի պատմությունն է հիշեցնում: Ինչի՞ մասին է խոսքը: Նախ, պանթուրքիզմը որպես գաղափարական նախագիծ ծնվել է ցարական Ռուսաստանում՝ թաթար մտավորականների կողմից: Երկու հայտնի դեմք՝ Գասպրինսկի եւ Ակչուրա, եղել են ռուսահպատակ: Պատմությունը մենք կարդում ենք որպես գեղարվեստական գիրք, մինչդեռ այն քաղաքական է: Պանթուրքիզմն Ռուսաստանում ստեղծվել է, որպես հայ ազատագրական շարժման կամ Միացեալ Հայաստանի դոկտրինի հակակշիռ:

Բայց դա թողնենք քաղաքագետներին: Հիմա տեսեք թե ի՞նչ է տեղի ունեցել: Մոտ քսան տարի առաջ Եվրոպան իր դռները փակեց Թուրքիայի առաջ: Եվրոպան փակվեց նաեւ Ռուսաստանի առաջ: Ի՞նչ պետք է անեին երկու իմպերիաների իրավահաջորդները՝ Թուրքիան եւ Ռուսաստանը: Հարկադրաբար դառնային դաշնակիցներ, ինչը եւ տեղի ունեցավ: Չկա առանձին վերցրած պանթուրքիզմ: Բավական է հայ ժողովրդին ներշնչել դա: Պանթուրքիզմն աշխարհաքաղաքական դեր կարող է ունենալ, եթե Թուրքիան ուժային կենտրոններից մեկի մոտ փոխըմբռնում է գտնում: Արեւմտյան ուղղությամբ Էրդողանը ձախողվեց: Նրան հասկացրին, որ Թուրքիան այն է, ինչ ստեղծել է Մուստաֆա Քեմալը եւ օրինականացրել Լոզանի պայմանագրով: Թուրքիայի ագրեսիան ձեռնտու էր Ռուսաստանին: Այսքան բան: Հիմա երկուսով՝ Ռուսաստանը եւ Թուրքիան, հանդես են գալիս, որպես խորհրդային սահմաններով Հայաստանի եւ Ադրբեջանի երաշխավորներ:

Մեծ հաշվով սա է քառասունչորսօրյա պատերազմի հետեւանքը մեզ համար: Ադրբեջանի պարագայում դա շատ շոշափելի արդյունք է: Փաստացի: Ի՞նչ է լինելու այդ երկրի հետ վաղը՝ չգիտի նույնիսկ Իլհամ Ալիեւը: Ինչպես եւ մեզ համար է դա լրջագույն խնդիր: Ի վերջո, ես այսպես եմ տեսնում՝ ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը հաշտվելու են իրողությունների հետ եւ փորձելու են մի շահ կորզել՝ ռուս-թուրքական համագործակցությամբ ձեւավորվող նոր հիպեր-տարածաշրջանը դարձնել չինական էքսպանսիայի պատվար: Նույնիսկ եթե դա հղի է Չինաստանի հետ ռուս-թուրքական ալյանսի բախման սպառնալիքով, միեւնույն է, Արեւմուտքը գնալու է դրան: Քանի որ, իմ ընկալմամբ, ռուս-թուրքական տանդեմը տրոհելու ռեսուրս չունի: Եթե, իհարկե, Թուրքիայում եւ Ռուսաստանում ֆորս-մաժոր չհրահրվի: Ըստ երեւույթին, Պուտինին եւ Էրդողանին հեռացնելու մի նախագիծ կա: Բայց դա Ռուսաստանին եւ Թուրքիային ավելի է մերձեցնելու:

Թուրքիայում ռազմական հեղաշրջման սպառնալիք կա, բայց իմ տպավորությամբ՝ ոչ այնքան առարկայական: Ճիշտ այնպես, ինչպես «Նավալնի» պրոյեկտը չսասանեց Պուտինի ավտորիտար ռեժիմի նույնիսկ նախադուռը: Այնպես որ, մեր խնդիրը չէ պանթուրքիզմի դեմ անգամ քարոզչական սուր ճոճելը: Ռուսի ասած՝ не до этого: Այդ հիվանդագին դիսկուրսը պետք է փակել:

– Եթե վերլուծենք Իրանի իսլամական հանրապետության ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի այցը տարածաշրջան`նաեւ Բաքվում հնչեցրած շնորհավորանքների եւ Երեւանում արած հայտարարությունների` «Մենք ձեզ հետ ունենք ընդհանուր տարածաշրջանային մտահոգություններ: Այդ հակամարտության հենց առաջին իսկ օրվանից ե՛ւ ձեզ հետ, ե՛ւ տարածաշրջանի այլ երկրների հետ միշտ կապի մեջ ենք եղել եւ ցանկանում ենք այդ կապը պահպանել՝ ունենալով համագործակցության հեռանկարներ: Ե՛վ երկկողմ, ե՛ւ բազմակողմ ձեւաչափով հնարավորություններ ունենք համագործակցելու», «Անշուշտ, Դուք գիտեք Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը ճգնաժամի վերաբերյալ. դա միջազգային իրավունքի պահպանումն է, ժողովուրդների պահպանումը, փոքրամասնությունների պահպանումը, ինչպես նաեւ տարածքային ամբողջականության պահպանումը եւ ուժի չկիրառում» ֆոնին, ի՞նչ հետեւություններ կարող ենք անել, հետհեղափոխական շրջանում իսպառ զրոյացված հայ-իրանական հարաբերությունները ի՞նչ փուլ են մտնում։

– Փաշինյանը, ցավոք, չկարողացավ անցնել Իրան պաշտոնական այցի փորձությունը: Շոուն, որ նա կազմակերպեց կամ նրա «պատվին» կազմակերպեցին հայկական միջավայրում, քաղաքական ֆիասկո էր: Հիմա, երբ բացահայտված իրողություն է, որ իրանահայ համայնքի թե աշխարհիկ, թե անգամ հոգեւոր կառավարումը ՀՅԴ մենաշնորհն է, կարող եմ նույնիսկ կասկածել, որ Փաշինյանի դիվանագիտական տապալումը Դաշնակցությանը լիովին ձեռնտու էր: Ո՞րն էր ձախողման պատճառը: Չիմացությունը:

Փաշինյանն այն սերնդից է, որ ներշնչված էր սին պատրանքներով, թե ԼՂ կամ տարածաշրջանային անվտանգության հարցերով Իրանը Հայաստանի աջակիցն է: Այդ տղայամտության հեղինակային իրավունքը պատկանում է Լեւոն Տեր-Պետրոսյանին հրաժարական պարտադրողներին: Բայց Փաշինյանի նախորդները փորձառու եւ շատ ավելի բանիմաց, պատասխանատու գործիչներ էին, գիտեին, որ այդ առասպելն իրենց միայն կոնյունկտուրային հարցեր լուծելու համար է պետք: Աշխարհաքաղաքական խնդիրներում նրանք բոլորովին այլ եւ բավական պրագմատիկ չափանիշներով էին առաջնորդվում եւ գործում:

Փաշինյանը, ես դա ժամանակին եմ ասել, Թեհրանի «Արարատ» մշակութային կենտրոնը շփոթեց Երեւանի Ֆրանսիայի հրապարակի հետ: Իրեն թույլ տվեց այնպիսի վարք, ասես իր երկրում էր, իր տանը, կառավարական ամառանոցում իր երեխաների հետ «ջանգյուլում» էր երգում: Դա դիվանագիտական էթիկետի, նույնիսկ հյուր լինելու վարվեցողության տարրական կանոնների կոպտագույն խախտում էր: Իսլամական պետությունը չէր կարող հանդուժել այդ անարգանքը: Մյուս կողմից, Փաշինյանն իր կեցվածքով դավագրգռեց Իրանի էթնիկ թրքությանը: Նրա այցի օրերին, դրանից հետո Ատրպատականի թրքաբնակ քաղաքներում բողոքի զանգվածային ցույցեր եղան: Սպառնալիք կախվեց մանավանդ թավրիզահայության վրա: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն, իհարկե, դաժանորեն ճնշեց այդ ցույցերը: Բայց դա Իրանի կրոնապետությանը լրջագույն մարտահրավեր էր: Թեհրանում չէին կարող չհաշվարկել, որ հայ-ադրբեջանական ռազմական բախմանը հօգուտ Հայաստանի ամենաչնչին իսկ քայլը կդետոնացնի թրքաբնակ Ատրպատականը:

Փաշինյանի «ջանգյուլումն» ի վերջո Իրանին կանգնեցրեց երկընտրանքի առաջ՝ սատարել, որ Ջեբրայիլը մնա հայկական վերահսկողության տա՞կ, թե՞ պաշտպանել սեփական պետության եւ սահմանների ամբողջականությունը: Ցանկացած լուրջ երկիր, որի առաջնորդը քաղաքական «փաշինյան» չէ, կընտրեր երկրորդը: Ի՞նչ կա այստեղ արտառոց կամ անհասկանալի: Միայն մի բան՝ Իրանում Հայաստանի դեսպանը, որ այնտեղ է վաղուց, շատ փորձառու եւ խորագիտակ անձնավորություն է, ես նրան գիտեմ առաջին գումարման Գերագույն խորհրդից, որեւէ խորհրդատվություն արե՞լ է անփորձ վարչապետին: Զգուշացրե՞լ է, որ Թեհրանում, եթե դա անգամ «Արարատ» անունով հայկական մշակութային կենտրոնի սրահում է, չի կարելի պարզել «Արցախը Հայաստան է» ցուցապաստառ: Գուցե ասել է, Փաշինյանը չի՞ հետեւել: Գուցե չի՞ ասել: Մի խոսքով, Փաշինյանն Իրանի հարցում այն պատկերացումներն է ունեցել, ինչ տարիներ շարունակ կարդացել է հայաստանյան մի քանի լրատվամիջոցներում:

Ի՞նչ ասել Իրանի ԱԳ նախարարի շեշտադրումների մասին: Փարձագետի իմ հասկացածը սա է՝ Իրանը չի սատարել եւ չի սատարում ԼՂ կարգավորման հայկական ակնկալիքներին, Հայաստանն ընդունում է նախկին խորհրդային սահմաններում, որոնք փոփոխման չպետք է ենթարկվեն, հայ-իրանական միջպետական հարաբերությունները պետք է կառուցվեն նոր հիմքի վրա, իսկ ԼՂ վերջնական կարգավորումը՝ տեղի ունենա Ադրբեջանի ամբողջականության շրջանակներում՝ հայկական փոքրամասնության պահպանմամբ եւ նրա որոշակի իրավունքների սահմանմամբ: Սրանով Իրանը փակում է հայկական քսանամյա անպտուղ-վերացական սպասումների էջը եւ հորդորում իր հետ խոսել միայն քաղաքական պրագմատիզմի լեզվով: Ի դեպ, նույնն են ասում նաեւ Ռուսաստանը, Թուրքիան:

Իրանը միայն արեւելյան ոճն է գործադրում: Ինչպես որ նրբասացություն են անում ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան: Տխուր է, բայց սա է իրականությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728