ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանն այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ԲՀԿ խմբակցության հեղինակած «Քրեական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը, որով առաջարկում է խստացնել պետական դավաճանության եւ լրտեսության համար պատիժները:
Վահե Էնֆիաջյանը թվարկեց, թե որ արարքներն են դրանք. «Թշնամու կողմը անցնելը, օտարերկրյա պետության կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հանձնելը, կամ հանձնելու նպատակով դրանք հավաքելը, հափշտակելը, պահելը եւ այլն»:
Էնֆիաջյանը բացատրեց, թե ինչու է հիմա նման նախագիծ ներկայացնում՝ պետական տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հայտարարություններ են հնչում, որ եղել են դավաճաններ:
Կարդացեք նաև
Գործող օրենսգրքով պետական դավաճանության համար 10-15 տարի ազատազրկում է սահմանվում, հիմա առաջարկվում է պատիժը դարձնել 20 տարի ազատազրկում կամ ցմահ:
«Իմ քայլից» Վահագն Հովակիմյանն ասաց, որ երբ «Քրեական օրենսգրքի» նոր նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց, ԲՀԿ-ն բոյկոտել էր, ուստի այս փոփոխությունը պետք է անեն Քրեական նոր օրենսգրքում, իսկ, ընդհանուր առմամբ, համաձայն են, որ պետական դավաճանության համար խիստ պատիժ է պետք:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն առաջարկեց պատիժը ոչ թե 20 տարի ազատազրկումից սկսել, այլ՝ 12-20, որովհետեւ երբ հանցագործություն է լինում, դրան օժանդակողի եւ կազմակերպչի պատիժը պետք է տարբերվի: Չի կարող մեկը հանցագործության համար մեքենա տրամադրի ու նույն չափով պատժվի, ինչ դավաճանություն կատարողը:
Վահե Էնֆիաջյանն ասաց, որ կարեւորն այն է, որ վերաբերմունքը լինի շատ կոշտ ու հասկանան, որ ներում չկա այս հանցագործության:
Հանձնաժողովի անդամները ընդմիջում հայտարարեցին ու աշխատանքային քննարկման անցան, որից հետո եկան փոխհամաձայնության, որ պատժի ստորին շեմը հաստատեն 15 տարի ազատազրկում: Վահե Էնֆիաջյանն ասաց. «Կարեւորն այն է, որ պետական դավաճանության համար լինի ցմահ ազատազրկում՝ գույքի բռնագանձումով: Սա խարան է ու պետք է դաջվի տվյալ անձի, նրա հետ փոխկապակցված անձանց վրա»:
Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ