Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ գրել են, էլի կգրեն, ինչ գրում են, էլի կգրեն, բայց մարդկանց աչքը մի մտցրեք աղբյուրներ, որոնք չգիտենք՝ ով է բացել, ինչ նպատակով». Արթուր Հովհաննիսյան

Փետրվար 04,2021 12:05

«Մամուլի մի շարք ներկայացուցիչներ այս օրենքը կապում են աղբյուրների անանունության իրավունքի հետ: Բայց դա որևէ կապ չունի անանուն աղբյուրների հետ»,- «Հոդված 3» ակումբում հրավիրված քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, օրինագծի համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 5 պատգամավորների առաջարկը` փոփոխություններ կատարել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում, որով կարգելվի անանուն և չնույնականացվող տեղեկատվական աղբյուրներին հղում անելը, աղմուկ է բարձրացրել մասնագիտական շրջանակներում։

«Անհայտ ծագումնաբանությամբ աղբյուրների տարածումը՝ դրանց հղում կատարելու միջոցով, կարող է առաջացնել ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկեր»,- ասվում է նախագծի հիմնավորման մեջ։

Ըստ նախագծի՝ «անանուն աղբյուրի» սահմանումը հետևյալն է․ «համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք կամ համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվ կամ ալիք, որի տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից»։

Արթուր Հովհաննիսյանը վստահեցրեց՝ որևէ տառ չի փոխվել ԶԼՄ օրենքի՝ տեղեկատվության աղբյուրի պաշտպանության հոդվածում:

Նա նշեց, թե այսօր մի շարք սոցիալական հարթակներ, հավելվածներ, տելեգրամյան ալիքներ, ֆեյսբուքյան էջեր գովազդվում են իրական լրատվական միջոցների կողմից՝ ակտիվ հղում դնելով՝ անկախ՝ այդ տեղեկությունը ճիշտ է թե՞ սխալ: Մինչդեռ ըստ պատգամավորի՝ մենք չգիտենք՝ այդ ալիքները որտեղ են բացված, ինչ նպատակով, ում կողմից: Այնուհետև շարունակեց.  «Փաստացի այդ աղբյուրները դառնում են ավելի հայտնի, լեգիտիմ տեղեկատվության սպառման համար, քան բուն լրատվամիջոցները: Մեր նպատակն է տարանջատել իրական և բարեխիղճ լրագրողներին այնպիսի հարթակներից, որոնք տեղեկատվական աղբյուրներ կոչվել էլ չեն կարող, քանի որ չեն համապատասխանում զանգվածային լրատվության մասին օրենքին»:

Պատգամավորը նաև այս տեսանկյունից ռիսկեր է տեսնում ազգային անվտանգության առումով: Նրա կարծիքով՝ քննադատությունները գուցե առաջացել են «անանուն աղբյուր» ձևակերպման պատճառով, և գուցե այն փոխեն:

Հարցին՝ այս օրենքով լուծում են բովանդակությա՞ն հարց, թե՞ խնդիրն այն է, որ այդ անանուն աղբյուրները՝ հարթակները չգովազդվեն, դրանց հղում չկատարեն, նա պատասխանեց. «Բովանդակությունն առանձին խնդիր է, որին պետք է գնալ առանձին օրենսդրական կարգավորումներով: Մենք խոսում ենք աղբյուրների մասին, որոնց չի կարելի գովազդել, քանի որ չգիտենք՝ ինչ ենք գովազդում»:

Արձագանքելով քննադատություններին, թե լռեցնում են տեղեկատվության այս կամ այն աղբյուրին՝ Արթուր Հովհաննիսյանն ասաց. «Ինչ գրել են, էլի կգրեն, ինչ գրում են էլի, կգրեք, այստեղ սահմանափակումը ո՞րն է: Մենք ասում ենք՝ մարդկանց աչքը մի մտցրեք աղբյուրներ, որոնք չգիտենք՝ ով է բացել, ինչ նպատակով: Մենք սրա մասին ենք խոսում: Մենք որևէ կերպ չենք սահմանափակում տեղեկատվության տարածման իրավունքը: Վերցրեք, տեղեկությունները տարածեք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728