Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլոր խնդիրները, որոնք մոտ 3 տարի մեր շուրջ ձևավորվում են, ոչ կոմպետենտության արդյունք են. Աստղիկ Ավետիսյան. «Փաստ»

Փետրվար 04,2021 12:09

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկում են փոփոխություն կատարել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում՝ արգելելով անանուն աղբյուրներին հղում կատարելը։ Այս փոփոխությունն իշխանական ուժի կողմից վստահաբար կներկայացվի որպես ապատեղեկատվության դեմ պայքարելու միջոց, մինչդեռ ակնհայտ է՝ թիրախում կրկին հայտնվել են լրատվամիջոցները և ազատ խոսքը։ «Հայկական Փի Ար» ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ. գ. թ. Աստղիկ Ավետիսյանը նշում է՝ նախ պետք է արձանագրել այն փաստը, որ այս պահին ԱԺ-ի իշխանական պատգամավորները և կառավարությունն առաջնորդվում են կեղծ օրակարգերով։

«Մեր երկրում առկա կարևորագույն խնդիրները մնում են չլուծված, բայց կեղծ օրակարգերով փորձում են հասարակությանը պահել ակտիվ շարժման մեջ։ Ինչ վերաբերում է հիմնավորմանը, որ բերում են այն մարդիկ, որոնք այս պահին ուզում են փոփոխություններ կատարել օրենքում և ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկ են տեսնում այստեղ, ապա պետք է առաջին հերթին արձանագրել, որ ազգային անվտանգությանը սպառնացող առաջին մեծ ռիսկը «Իմ քայլը» խմբակցությունն է, որն այս պահին ԱԺ-ում է։ Սա լուրջ ձևակերպում է, որն իրենց կողմից է տրվել, բայց իրենց կողմից մենք արդեն անվտանգ չենք։

Էլ ի՞նչ է սա նշանակում, եթե ոչ խոսքի ազատության սահմանափակում, էլ ի՞նչ է սա նշանակում, եթե ոչ ԶԼՄների նկատմամբ հատուկ և խտրական վերաբերմունք, էլ ի՞նչ է սա նշանակում, եթե ոչ օրենքի խախտում, որովհետև եթե այդ պատգամավորները, որոնց մի մասն, ի դեպ, լրագրողներ են, և իրենք առաջ են քաշում անանուն աղբյուրների ինստիտուտի նկատմամբ նման վերաբերմունք՝ սահմանափակելով ԶԼՄ-ների հնարավորությունները, հաշվի չեն առնում այն հանգամանքը, որ 1234 որոշմամբ հստակ պաշտպանվել է անանուն աղբյուրների ինստիտուտը և դրա կարևորությունը ԶԼՄ-ների գործունեության մեջ։ Այս օրերին պարզ էր, որ որոշ տելեգրամյան ալիքներ, բլոգներ կամ տիրույթներ վերահսկելի չեն: Ամբողջ մտածածն այն է, որ սահմանափակվեն գործող լրատվամիջոցների այն հնարավորությունները, որ իրենք չկարողանան հղում տալ հենց այդ կայքերին, իսկ ովքեր հղում տան, պատասխանատվություն կկրեն։ Սա խոսքի ազատության, ԶԼՄ-ների նկատմամբ սահմանափակող դրույթ է, որն, ըստ էության, չպետք է հայտնվի ԱԺ-ում։

Անհասկանալի է, թե նման մեթոդներով ինչպես են իրենք ուզում պայքարել ԶԼՄ-ների դեմ տեղեկատվական այս դարաշրջանում, երբ ամեն օր սնկի նման աճում են համացանցային լրատվամիջոցները, մարդ-անհատները, որոնք դառնում են մեդիա և տեղեկատվություն ներկայացնողներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ավետիսյանը։

Ընդգծում է՝ պետք է հստակ օրենք մշակենք, ոչ թե փոխենք օրենքի վերնագիրը, ինչպես «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դեպքում։

«Մարդիկ իրենց տեղում չեն, չեն հասկանում օրենսդրական նախաձեռնություններն ինչից պետք է բխեն և ում համար պետք է լինեն, ուսումնասիրություններ չեն կատարում, որ հասկանան, թե որ ոլորտում և որ օրենքում այն կարող է բախում ունենալ, և որտեղ ինչ խնդիր պետք է լուծեն։ Օրենքը դառնում է հրապարակային և կիրարկելի, հետո տեսնում ենք, թե որքան խոչընդոտների առաջ կանգնեցինք։ Այսինքն՝ բոլոր այն խնդիրները, որոնք մոտ երեք տարի մեր շուրջ ձևավորվում են, ոչ կոմպետենտության արդյունք են»,-ասում է «Հայկական Փի Ար» ասոցիացիայի նախագահը։

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728