Լրատվամիջոցներում աղմուկ է բարձրացել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության 6 պատգամավորների նախաձեռնած փոփոխությունների կապակցությամբ, որի արդյունքում արգելվելու է անանուն աղբյուրներին հղում կատարելը:
Նախագծի համահեղինակ Վահագն Հովակիմյանը վստահեցրեց, որ փոփոխությունը չի վերաբերում լրատվամիջոցների կողմից հաճախ կիրառվող «մեր տեղեկություններով» կամ «մեր աղբյուրներով» ձեւակերպումներին:
«Ընդհակառակը, երբ որ լրատվամիջոցը ասում է՝ «մեր աղբյուրներով», այդ պահից սկսած՝ ինքն է դառնում այդ տեղեկությունների հրապարակման պատասխանատուն: Մեր խնդիրը վերաբերում է այն դեպքերին, երբ հղում է արվում այնպիսի աղբյուրների, որոնք որեւէ տեղ գրանցված չեն, եւ դժվար է գտնել, թե ով է դրա հետեւում կանգնած: Դա այսօր դարձել է գործիք՝ պատասխանատվությունից խուսափելու համար: Թե որ տելեգրամյան ալիքը ինչ է գրում, դա նրա հետեւորդների խնդիրն է: Մեր խնդիրը սկսվում է այն պահից, երբ այդ տեղեկությունը ընթերցվում է եթերում, հրապարակվում ԶԼՄ-ում»,- պարզաբանեց նա:
Հովակիմյանն ընդգծեց, որ այդպիսի դեպքերում նույնիսկ դատարան դիմելը հարց չի լուծում:
Կարդացեք նաև
«Ենթադրենք՝ զրպարտություն կամ վիրավորանքն է տարածվել ինչ-որ տելեգրամյան ալիքով: Լրատվամիջոցը դա վերցրել ու հրապարակել է՝ այդ ալիքին հղում անելով: Տուժողը դիմում է դատարան, բայց հրապարակող լրատվամիջոցն ասում է՝ ես տելեգրամյան ալիքից եմ վերցրել, գնա պարզի: Իսկ ո՞վ է գրանցել այդ ալիքը, ում է պատկանում՝ հնարավոր չէ պարզել: Զրպարտությունն ու վիրավորանքը ապաքրեականացված են մեզ մոտ, դու իրավապահներին չես կարող դիմել: Նրանց կարող ես դիմել միայն այն դեպքում, երբ կա բռնության սպառնալիք, կյանքի սպառնալիք, այսինքն՝ քրեական հանցագործություն»,- շեշտեց պատգամավորը:
Ըստ նրա՝ թեեւ նախագիծը ներկայացնելուց առաջ քննարկվել է շահագրգիռ կողմերի հետ, սակայն եթե լրատվամիջոցները մտահոգություններ ունեն, պատրաստ են լսել առաջարկներ եւ ընդունել դրանք:
Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում