Լրահոս
Օրվա լրահոսը

Իռլանդիայի սոցիալական ապահովության համակարգը

Փետրվար 04,2021 13:30

Իռլանդիայի սոցիալական ապահովության հիմքում ընկած է անգլոսաքսոնական կամ ինչպես շատ դեպքերում ընդունված է ասել՝ տնտեսագետ Բեվերիջի մոդելը: 1942թ. Բեվերիջը Անգլիայի կառավարությանը ներկայացնում է մի հաշվետվություն սոցիալական ապահովագրության վերաբերյալ, որը ավելի շատ հայտնի է որպես «Բեվերիջի հաշվետվություն» անունով:

Հենց դա էլ հիմք է հանդիսանում մի շարք երկրների, մասնավորապես` Իռլանդիայի եւ Անգլիայի սոցիալական ապահովության համակարգերի ստեղծման եւ զարգացման համար: Իր հաշվետվության մեջ հայտնի տնտեսագետն առաջ է քաշել 2 սկզբունք:

Առաջին` համընդհանրության սկզբունքը, համաձայն որի յուրաքանչյուր ոք ունի սոցիալական նվազագույն աջակցության իրավունք, եւ երկրորդ` սոցիալական ծառայությունների միատարրությունը, որն արտահայտվում է նպաստի չափի եւ տրամադրման պայմանների միասնականությամբ:

Զբաղվածության կարգավորումը: Իռլանդիայում, ինչպես երկրի բոլոր քաղաքացիները, այնպես էլ երկրում մշտական կացության թույլտվություն ունեցող անձինք իրավունք ունեն ստանալու գործազրկության նպաստ: Այստեղ հիմնական նպաստները վճարվում են երկու կազմակերպությունների կողմից` Health Board եւ Social Welfare, որոնցից առաջինը աշխատանք է տանում այն անձանց հետ, ովքեր այս կամ այն պատճառով հնարավորություն չունեն աշխատելու (օրինակ` հաշմանդամության պատճառով), կամ էլ հնարավորություն չունեն ամբողջովին հոգալու իրենց նվազագույն կարիքները:

Երկրորդ կազմակերպությունը այն անձանց համար է, ովքեր ունեն աշխատելու թե՛ հնարավորություն եւ թե՛ իրավունք, եւ նշված անձանց վճարում է գործազրկության նպաստ:

Գործազրկության նպաստի չափը կախված է նպաստառուի ունեցած եկամտի չափից եւ այն հանգամանքից, թե գործազուրկը արդյոք հանդիսանում է Իռլանդիայի մշտական բնակիչ, թե ոչ:

Գործազրկության նպաստ ստանալու համար անձը պետք է միաժամանակ բավարարի հետեւյալ պայմաններին` անցնի ունեցած միջոցների ստուգում (սա ենթադրում է անձի եւ նրա ընտանիքի ունեցած միջոցների, ներառյալ խնայողությունների, ներդրումների, սեփականության, բացի սեփական բնակարանից, ստուգում), մշտապես բնակվի Իռլանդիայում, լինի աշխատունակ, պատրաստ լինի անցնել աշխատանքի, իսկապես փնտրի աշխատանք, լինի լրիվ կամ մասնակի գործազուրկ:

Գործազրկության նպաստի առավելագույն չափը 2020 թվականի հունվարի դրությամբ շաբաթական 203 եվրո է, սակայն կախված անձի ունեցած եկամուտներից, տարիքից, ապրելու միջոցներից եւ այլնից, այն կարող է իջնել:

Գործազուրկների համար առկա են նաեւ զբաղվածության կարգավորման ծրագրեր, որոնց աջակցությամբ իրականացվում են աշխատատեղերի հարմարեցումներ հաշմանդամ անձանց համար, մասնակիորեն փոխհատուցվում են այս կամ այն խոցելի խմբերի անձանց աշխատավարձը, աջակցում գործազուրկներին սեփական գործը հիմնելիս, ինչպես նաեւ անվճար վերամասնագիտացման դասընթացներ կազմակերպվում գործազուրկների համար: Նմանատիպ ծրագրեր իրականացվում են նաեւ Հայաստանում:

Կենսաթոշակ: Թոշակն այստեղ վճարվում է շաբաթական պարբերականությամբ: Թոշակային տարիքը այստեղ 66 տարեկանն է ե՛ւ կանանց, ե՛ւ տղամարդկանց համար, սակայն 2011 թվականին ընդունված օրենքով նախատեսված է, որ կենսաթոշակի տարիքային շեմը 2021 թվականից բարձրացվելու է մինչեւ 67 տարեկան` 1955 թվականին եւ դրանից հետո ծնված քաղաքացիների համար, եւ 2028 թվականից` մինչեւ 68 տարեկան` 1962 թվականին եւ դրանից հետո ծնված քաղաքացիների համար:

Իհարկե, առանձին դեպքերում հնարավոր է անցնել թոշակի 55 տարեկանում, սակայն դրա համար անձը միաժամանակ պետք է լինի 55-66 տարեկանի միջակայքում, չպետք է ունենա եկամտի կայուն աղբյուր, ապացուցի իր ունեցած միջոցների սղությունը, առնվազն 15 ամիս գտնվի հաշվառման մեջ աշխատանքի բորսայում` ապացուցելով իր` աշխատանքի տեղավորման անհնարինությունը:

Եթե անձը աշխատել է այլ երկրում, ապա Իռլանդիայում կարող է այդ երկրից ստանալ թոշակ, որը, սակայն, ենթակա է հարկման եւ անձը պարտավոր է այն ներառել հարկային հայտարարագրում: Բացի դրանից, բոլոր այն դեպքերում, երբ օրինակ՝ անձը ստանում է գործազրկության, հաշմանդամության եւ այլ տիպի նպաստ, եւ միաժամանակ թոշակ` արտերկրից, ապա միջոցների ստուգման ժամանակ թոշակի առկայությունը նույնպես ներառվում է եւ հաշվարկվում է որպես ստացված եկամուտ:
Իռլանդիայում առկա է կենսաթոշակների 3 հիմնական տեսակ.

1.Կուտակային կենսաթոշակ (Contributory Pension): Անձը կարող է ստանալ կենսաթոշակի այս տեսակը, եթե Իռլանդիայում աշխատել է ոչ պակաս, քան 10 տարի կամ 520 շաբաթ: Նվազագույն կենսաթոշակը կազմում է յուրաքանչյուր անձի համար շաբաթական 99.2 եվրո, իսկ առավելագույնը` 248,3 եվրո:

2.Համամասնական կենսաթոշակ (EU Pro-Rata Pension): Եթե կենսաթոշակի անցնելու պահին անձը Իռլանդիայում աշխատել է 10 տարուց պակաս ժամանակ, ապա կարող է ստանալ համամասնական թոշակ: Այսինքն, պետությունը վճարելու է որոշակի տոկոսներ` կախված այդ ընթացքում անձի կողմից կատարված սոցիալական ապահովագրության վճարի չափից:

3. Ոչ կուտակային կենսաթոշակ (Non-Contributory Pension): Եթե անձը չունի կուտակային կենսաթոշակի իրավունք, կամ չի ստանում թոշակի առավելագույն չափը, ապա կարող է իրավունք ունենալ ստանալու ոչ կուտակային կենսաթոշակ, որը կազմում է շաբաթական 237 եվրո: Այս դեպքում, սակայն, ստուգվում է միջոցների առկայությունը, եւ անձի ունեցած ցանկացած եկամուտ կարող է նվազեցնել այս գումարի չափը: Միաժամանակ, թոշակի այս տեսակը հնարավոր չէ ստանալ, եթե թոշակառուն բնակվում է Իռլանդիայի սահմաններից դուրս: Այսինքն, այն ստանալու կարեւորագույն պայմաններից մեկը երկրում մշտապես բնակվելն է: Բացի կենսաթոշակից, թոշակառուները ունեն նաեւ այլ արտոնություններ, ինչպես, օրինակ, հասարակական տրանսպորտով անվճար երթեւեկության, 80 տարեկանից հետո շաբաթական լրացուցիչ դրամական աջակցության, միայնակ ապրելու դեպքում լրացուցիչ դրամական աջակցության եւ այլն:

Սահմանափակ կարողություններով (հաշմանդամություն ունեցող) անձինք: Իռլանդիայում հաշմանդամների հարցերով զբաղվում է սահմանափակ կարողություններով անձանց իրավունքների պաշտպանության ազգային ծառայությունը: Հաշմանդամության նպաստը Իռլանդիայում վճարվում է շաբաթական պարբերականությամբ՝ սկսած 16 տարեկանից: Նպաստի այս տեսակը ստանալու իրավունք ունեն այն անձինք, ովքեր միաժամանակ համապատասխանում են հետեւյալ պահանջներին` ունեն վնասվածք, հոգեկան կամ ֆիզիկական անլիարժեքություն, որը կարող է շարունակվել նվազագույնը 1 տարի ժամանակով, անաշխատունակության արդյունքում սահմանափակվում է նրանց գործունակությունը, ովքեր 16-66 տարեկան են, անցել են միջոցների ստուգում, ունեն մշտական բնակության վայր:

Նպաստ ստանալու համար կարեւոր պայման է ունեցած միջոցների (եկամտի) չափը, որը չպետք է բարձր լինի սահմանված որոշակի թվից: Այս իմաստով անձի ապրուստի միջոցները ներառում են իր եւ ամուսնու (կնոջ) գումարային եկամուտը, խնայողությունները, ներդրումները, գույքը, բացի սեփական բնակարանից: Ընդ որում՝ նրանց ունեցած առաջին 50 հազար եվրոն չի հաշվարկվում եկամտի մեջ: Եվ եթե հաշմանդամություն ունեցող անձը ունի աշխատանք, եւ աշխատում է, ապա շաբաթական մինչեւ 120 եվրո մաքուր եկամուտը նույնպես չի հաշվարկվում որպես եկամուտ: Ներկայումս Իռլանդիայում հաշմանդամության նպաստի առավելագույն չափը սահմանված է շաբաթական 203 եվրո:

Հաշմանդամության թոշակը շաբաթական պարբերականությամբ վճարվում է այն անձանց, ովքեր հիվանդության պատճառով չեն կարողանում աշխատել եւ ունեն սոցիալական ապահովագրություն (PRSI): Եվ երբ լրանում է անձի 66 տարին, ապա թոշակի այս տեսակի փոխարեն անձը սկսում է ստանալ կուտակային կենսաթոշակ: 2017թ. դեկտեմբերի 1-ից Իռլանդիայում հաշմանդամության թոշակի իրավունք ձեռք բերեցին նաեւ ինքնազբաղված անձինք: Հաշմանդամության թոշակ ստանալու համար անհրաժեշտ է, որպեսզի անձը նվազագույնը 260 շաբաթ կամ 5 տարի կատարած լինի սոցիալական ապահովագրության վճարներ, ընդ որում՝ դրանից նվազագույնը 48 շաբաթ պետք է վճարներ կատարած լինի ժամանակավոր անաշխատունակություն առաջանալու օրվան նախորդող 2 տարիների ընթացքում, ընդ որում հաշմանդամության թոշակը ենթակա է հարկման, եւ 2020թ. դրությամբ Իռլանդիայում հաշմանդամության թոշակի առավելագույն չափը կազմում է 208,5 եվրո:

Հաշմանդամներն ունեն այլ երաշխիքներ, զեղչեր, իրավունքներ եւ արտոնություններ, ինչպես, օրինակ, բնակելի տան հարմարեցում դռների լայնացումից մինչեւ վերելակի տեղադրում, բժշկական քարտի տրամադրում, հարկային որոշակի արտոնություններ, դրամաշնորհներ կրթության համար եւ այլն:

2020թ. հունվարին Իռլանդիայի զբաղվածության եւ սոցիալական պաշտպանության նախարար Ռեգինա Դոհերտին հրապարակեց «2020-25 թվականների սոցիալական ինտեգրացիայի ճանապարհային քարտեզը», որտեղ նախանշված են այն հիմնական նպատակներն ու դրանց իրագործմանն ուղղված գործողությունները, որոնք նշված ժամանակահատվածում իրագործելու դեպքում կառավարությունը կկարողանա երկրում աղքատությունը կրճատել մինչեւ 2 տոկոս: Այդ նպատակով ճանապարհային քարտեզում սահմանված են բարձր մակարդակի 7 նպատակներ.

1. Աշխատունակ մարդկանց աշխատանքի տեղավորման հնարավորությունների ընդլայնում,

2. Աշխատանքի պայմանների եւ վարձատրության ապահովում,

3. Ծեր մարդկանց երաշխավորված եկամտի ապահովում,

4. Ընտանիքների աջակցություն` մանկական աղքատության կրճատում,

5. Սահմանափակ կարողություններով անձանց աղքատության կրճատում, ինչը նշանակում է նրանց հնարավորությունների առավելագույնս օգտագործման աջակցություն,

6. Ներառական համայնքների ստեղծում` խրախուսելով քաղաքացիական ակտիվությունը,

7. Բոլոր քաղաքացիների համար որակյալ սպասարկման հասանելիության երաշխավորում:
Բացի վերը նշվածից, նախատեսված է իրականացնել 22 կոնկրետ նպատակներ, իսկ կառավարությունն ամբողջովին պետք է նշված ժամանակահատվածում իրականացնի թվով 66 հիմնական պարտավորություններ:

Ինչպես նշել է նախարար Ռեգինա Դոհերտին. «Մեր նպատակն է կրճատել աղքատությունը մինչեւ 2 տոկոս եւ ավելի պակաս, եւ Իռլանդիան դարձնել Եվրամիության սոցիալական առավել ներառված երկրներից մեկը»:

Սարգիս ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՀ ԱՍՀՆ զբաղվածության պետական գործակալության
Մեղրու զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն,
ՀՀ քաղաքացիական ծառայության երկրորդ դասի խորհրդական

«Առավոտ» օրաթերթ
03.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728