Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Երախտապարտ լինել հերոսներին ոչ միայն խոսքով, այլեւ գործով»

Փետրվար 04,2021 13:00

Հայաստանում ֆրանսիական համալսարանը ցանկանում է, որ պատերազմին մասնակցած զինվորների վերաինտեգրման իրենց ծրագիրը վարակիչ լինի այլ բուհերի ու գործարարների համար։

Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) մշակել է քաղաքացիական կյանք եւ ուսումնական գործընթաց իր զինվոր ուսանողների վերադարձի ծրագիր: «Առավոտի» հետ զրույցում ՀՖՀՀ-ի ռեկտոր Բերտրան Վենարը նշեց, որ պատերազմի ժամանակ իրենց որոշ ուսանողներ զինվորական ծառայության մեջ էին, բայց ունեին նաեւ ուսանողներ, որոնք որպես կամավոր էին մեկնել ճակատ: Մի գիշեր, երբ պատերազմի մեկնարկից դեռ 15 օր էր անցել, վերհիշելով իր հորն ու պապին, որոնք շուրջ 10 տարի պատերազմի են մասնակցել, պարոն Վենարը որոշում է մշակել զինվոր ուսանողների վերաինտեգրման ծրագիր: Նա էլեկտրոնային նամակով մտահղացման մասին առաջինը հայտնում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսումնական գծով տնօրեն Զարուհի Սողոմոնյանին:

«Ես նրան ասացի, որ պետք է մի բան անենք այդ ուսանողների համար, որպեսզի վերադառնալով հեշտ վերաինտեգրվեն, հաշվի առնելով, որ նրանք զինվորական չեն, այլ քաղաքացիական անձինք, ովքեր մեկնել են ճակատ»,- պատմեց ռեկտորը: Այնուհետեւ որոշվեց մի քանի սցենար պատրաստել եւ դրանցով առաջնորդվելով ընդունել ուսանողներին: Ըստ առաջին սցենարի՝ պատերազմը տեւում էր մեկ ամիս, ըստ երկրորդի՝ ավարտվում էր երկու ամսից, ըստ երրորդի՝ տեւում էր ավելի երկար։ Պատերազմը տեւեց 44 օր:

«Քննարկումներ ունեցանք վերջին երկու սցենարների վերաբերյալ։ Եթե պատերազմն ավարտվեր երկու ամսից, ուսանողները կվերաինտեգրվեին ու կշարունակեին իրենց կրթությունը, մյուս սցենարի դեպքում, եթե պատերազմն ավելի երկար տեւեր, ուսանողները պետք է տարին բաց թողնեին, բայց նրանց համար գտնելու էինք պրակտիկայի վայրեր, որպեսզի կարողանային շարունակել իրենց մասնագիտական եւ անձնական աճը եւ հաջորդ տարի կրկնեին կուրսը: Մենք ընդունեցինք ուսանողներին անմիջապես իրենց վերադարձից հետո, խոսեցինք նրանց հետ: Մի քանի օր մտածելուց հետո նրանք պատասխանեցին, որ ուզում են օգտվել վերաինտեգրման ծրագրից ու շնորհակալություն հայտնեցին, որ համալսարանը հոգ է տանում իրենց մասին: Ծրագիրը բաղկացած է երկու մասից, առաջինը նրանց կրթության ապահովումն ու ուսումնական վարձի մեկ տարվա փոխհատուցումն է: Զինվոր ուսանողների վերաինտեգրման ծրագրի երկրորդ կարեւոր բաղադրիչը նրանց ուղեկցելն է դեպի մասնագիտական հաջողություն՝ մի շարք միջոցառումների միջոցով: Իհարկե, այս ամենը գին ունի, եւ երբ ինձ ասացին, որ դա մեծ ֆինանսական միջոցներ է պահանջում, ես պատասխանեցի, որ կարեւորը երիտասարդներն են, որոնք կարող էին տանը նստած համացանցով հետեւել իրադարձություններին, բայց գերադասեցին մեկնել պատերազմ եւ պաշտպանել հայրենիքը»,- նշեց ՀՖՀՀ-ի ռեկտորը:

Նա նաեւ շնորհակալություն հայտնեց իրենց բարերարներին՝ նախ եւ առաջ ուսման վարձերի ֆինանսավորման համար՝ Ռայմոնդ Եզեգելյանին եւ ԱԿԲԱ բանկին՝ նշելով, որ ֆինանսական աջակցությունը ոչ միայն այն ուսանողների համար էր, որոնք վերադարձել էին պատերազմից, այլեւ 7 զոհերի ընտանիքների:

Վերաինտեգրման ծրագրի ֆինանսավորման համար էլ Բերտրան Վենարը երախտագիտություն հայտնեց «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ին եւ ՀԲԸՄ-ին. «Երբ պարոն Մազեջյանին հայտնեցի այս ծրագրի մասին, նա պատասխանեց, որ անպայման կաջակցի, որովհետեւ Ամունդին միշտ պատրաստակամ օգնում է Հայաստանին եւ դա համահունչ է իրենց ռազմավարությանը»:

Զարուհի Սողոմոնյանը՝ խոսելով վերաինտեգրման ծրագրի մասին, ասաց, որ 13 ուսանողի մասին է խոսքը, որոնցից մեկի հետ առայժմ չեն կարողանում կապ հաստատել, քանի որ մինչեւ վերջերս դիրքերում էր գտնվում: Տիկին Սողոմոնյանը հավելեց, որ ռեկտորի եւ ուսանողների հետ հանդիպումներից հետո փորձել են ամեն ինչ անել, որպեսզի կարողանան հնարավորինս հաջող եւ արագ իրականացնել ծրագիրը: Ուսանողների համար անհատական դասավանդման ծրագիր է իրականացվելու՝ անհատական դասացուցակով, եւ թե դասախոսությունների, թե գործնական աշխատանքների գծով ամեն մի ուսանողի համար նախատեսված է 100 ժամից ավելի դասավանդում:

Ինչ վերաբերում է քննություններին, այս մասին էլ հավելեց. «Մենք չէինք կարող թույլ տալ, որ ուսանողներն իրենց պարտքը կատարելու պատճառով զրկվեին քննությունները հանձնելու իրավունքից, դրա համար, հաշվի առնելով ֆորսմաժորային իրավիճակը, մեր գործընկերներ Ժան Մուլեն Լիոն 3 եւ Պոլ Սաբատիե Թուլուզ 3 համալսարաններին խնդրեցինք, որ թույլ տան կազմակերպել առանձին քննաշրջան, ինչը նախատեսված չէ ընթացակարգերով: Ուսանողների համար կազմակերպվելու են հավելյալ քննություններ, այդպիսով կկարողանանք մեր շնորհակալությունն ու հարգանքն արտահայտել մեր հերոսներին»:

Ռեկտոր Վենարի ձեւակերպմամբ՝ տղաների հոգեվիճակը եւս կարեւոր է՝ քաղաքացիական կյանք եւ ուսումնական գործընթաց վերադառնալու համար, որովհետեւ մարդիկ պատերազմում ստանում են ինչպես տեսանելի, այնպես էլ՝ անտեսանելի վերքեր, որոնք նույնքան ցավոտ են: Այս համատեքստում նա հիշեց իր հայրիկին, որը տարիներ անց գիշերները քնած տեղից «հարձակում» էր բացականչում՝ հիշելով պատերազմում անցկացրած տարիները: Ռեկտորն ասաց, որ ցանկության դեպքում պատերազմին մասնակցածները կարող են օգտվել նաեւ անհատական քոուչինգից: Պարոն Վենարը հույս ունի, որ զինվոր ուսանողների վերաինտեգրման իրենց ծրագիրը վարակիչ կլինի այլ բուհերի ու կառույցների համար։ Նա նաեւ գտնում է, որ հերոսների քաջության համար երախտագիտություն պետք է հայտնել ոչ միայն խոսքով, այլեւ կոնկրետ գործով, այստեղից էլ ածանցված են իրենց գործողությունները:

Ժան Մազեջյանը կարեւորում է մասնակցությունը նման ծրագրին. «Նախ եւ առաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել Հայաստանում ֆրանսիական համալսարանին, նրա ողջ թիմին եւ, իհարկե, Բերտրան Վենարին՝ այս կարեւոր ծրագրին մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար: «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ՓԲ ընկերությունը ստանձնեց այս ծրագրի ֆինանսավորումը՝ համագործակցության հուշագրի շրջանակում, որը մենք ստորագրել ենք 2019 թ.-ին՝ 3 տարի ժամկետով:

Այս համագործակցությունն ինձ համար շատ կարեւոր է թվում եւ արտացոլում է մեր՝ Հայաստանի տնտեսական միջավայրի եւ սոցիալական խնդիրների բարելավմանը մասնակցելու պատրաստակամությունը: Հավատարիմ մնալով մեր մայր ընկերության՝ ֆրանսիական Ամունդիի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը, Հայաստանում նույնպես որոշել ենք նպաստել 2 կարեւորագույն ոլորտների՝ մշակույթի եւ կրթության զարգացմանը: Մասնավորապես, այս տարվա ընթացքում մենք մասնակցեցինք Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողների կրթաթոշակների տրամադրմանը, որոնց ընտանիքներն ուղղակիորեն տուժել էին COVID 19- ի տնտեսական հետեւանքներից: Այդ հանձնառությունն ավելի քան հարյուր ուսանողների հնարավորություն տվեց ավարտել իրենց ուսումնական տարին»:

Ինչ վերաբերում է վերաինտեգրման ծրագրին, պարոն Մազեջյանի խոսքով. «Այսօր, կրկին մենք աջակցում ենք Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողներին՝ հաշվի առնելով ստեղծված հանգամանքները. այս անգամ որոշել ենք ներգրավվել պատերազմին մասնակցած ուսանողների քաղաքացիական կյանքի եւ ուսման մեջ ինտեգրման ծրագրում: Այսպիսով, մենք հնարավորություն կտանք այդ ուսանողներին վերսկսել իրենց ուսումը, բայց նախ եւ առաջ նրանց կօգնենք ուսումնական տարին առանց տարկետման ավարտելու, եւ անհատական մոտեցմամբ բնականոն հասարակական կյանք վերադառնալու հարցում:
Այս ուսանողները հավատարիմ են մնացել իրենց «բարոյական պարտքը» կատարելուն՝ մասնակցելով իրենց երկրի պաշտպանությանը, եւ ես կարծում եմ, որ այսօր միանգամայն բնական է, որ մենք պարտավորվում ենք ուղեկցել նրանց իրենց կրթական գործընթացում: Բացի այդ, մենք հույս ունենք, որ այս ծրագիրը կարող է ոգեշնչել Հայաստանում գործող գործարար եւ հասարակական ոլորտների այլ դերակատարների` մյուս բուհերի նմանատիպ ուսանողներին աջակցելուն, քանի որ իսկապես հայ հասարակությունն այսօր «բարոյական պարտք» ունի նրանց առաջ»:

ՀՖՀՀ-ի ռեկտորի խոսքով, բուհի նպատակն է ուսանողներին դարձնել անաչառ, ազնիվ մասնագետներ, որոնք բաց եւ պատասխանատու կլինեն ամբողջ աշխարհի առաջ: Իսկ ծրագիրը, որ նախաձեռնել են, շատ կապված է բուհի ռազմավարական առաքելության հետ եւ Հայաստանի ու Ֆրանսիայի բարեկամության արտահայտությունն է. «Երբ ազգությամբ հայ ես ու նման քայլ ես անում, դա բնական է, բայց եթե ֆրանսիացի ես ու գալիս ես Հայաստանում աշխատելու եւ ապրելու, ինչ-որ պահի սրտով ես հայ դառնում: Քո զգացմունքայնությունը, քո սիրտն է թելադրում քո գործողությունները: Երբ տեսնում ես պատերազմին մասնակցած զինվորներին, առաջին քայլը լինում է ձեռք մեկնելը, հարցնելը՝ ի՞նչ կարող ենք անել ձեզ համար, ի՞նչ կարող է Ֆրանսիան անել ձեզ համար: Եթե իմ երեխաները լինեին, ես կգրկեի նրանց… Ամենամսյա մեր հանդիպումների ժամանակ վերջին հարցը, որ տալիս ենք՝ է՞լ ինչ կարող ենք անել ձեզ համար… Կարծում եմ՝ պետք է ամբողջ հայ հասարակությունը մոբիլիզացվի այսպիսի երիտասարդներին օգնելու համար: Գիտեմ, որ հայերը կանեն դա, բայց դա կանեն նաեւ Հայաստանի ընկերները»:

Ժան Մազեջյանը կարծում է, որ սուղ բնական ռեսուրսներ ու նման աշխարհագրական դիրք ունեցող Հայաստանի հարստությունը հայ երիտասարդների ուղեղներն են. «Ինչպես գիտեք, «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն կառավարում է հայաստանյան ապագա կենսաթոշակառուների միջոցները եւ որպես այդպիսին նպաստում է Հայաստանի ապագայի կերտմանը: Ուստի մենք, որպես ակտիվների կառավարման առաջատար, կառուցվածքային դեր ունենք երկրի համար, եւ ցանկանում ենք նպաստել նաեւ կրթության զարգացմանը:

Մենք կարծում ենք, որ կրթությունը աճի վեկտոր է Հայաստանի տնտեսական զարգացմանը խթանելու համար: Բնական ռեսուրսներ չունեցող երկրում հատկապես երիտասարդների կրթությունը, կարծում եմ, առանցքային գործոն է: Ահա թե ինչու որոշեցինք կրթության զարգացմանը նպաստելը դարձնել տեղական պարտավորությունների հիմնասյուներից մեկը: Ամփոփելով, ես պարզապես կցանկանայի շեշտել, որ անպայման կլինեն գործակցության այլ դրսեւորումներ, որոնք առաջիկա ամիսներին կընդգրկեն պատերազմ վերապրած զինվորներին, բայց կարեւորն այն է, որ այս խոսքերը դատարկ չմնան, այլ իրագործվեն, ինչը պահանջում է ողջ հայ հասարակության եւ նրա ինստիտուտների մոբիլիզացումը, ինչպես անհատական, այնպես էլ հավաքական մակարդակում, ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում կամ Հայաստանի բարեկամ երկրների միջոցով: Կարճ ասած. «Ասելը լավ է, իսկ անելն ավելի լավ է»:

ՀՖՀՀ ռեկտորին խնդրեցինք նաեւ որոշ «փակագծեր բացել» հոր եւ պապի մասին: Նա մի դրվագ պատմեց, որը մեծ ազդեցություն է ունեցել իր եւ Հայաստանի մասին իր պատկերացումների վրա: Պարոն Վենարը պատմեց, որ պապիկը` Հումբերտ Վենարը, կամավորագրվել է 1914թ. մայիսի 28-ին Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցելու համար, բայց hետ է ուղարկվել: Եվս երկու փորձից հետո նա վերջապես կարողացել է կամավորագրվել եւ մասնակցել պատերազմին՝ գաղութային զորամիավորումներից մեկում կռվելով թուրքերի դեմ: Այդ պատերազմում պապիկը ստացել է երեք մեդալ: Նա կարողացել է իր հրացանի սվինով խոցել իրեն հրազենային ծանր վիրավորում հասցրած թուրքին: Ռեկտորի պապիկը զոհվել է 1944-ին, ասում է՝ այն, ինչ չհաջողվեց անել թուրքերին, հաջողվեց նացիստներին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728