Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի կրավորական կեցվածքն ընդդեմ Հայաստանի ու Արցախի է

Փետրվար 04,2021 12:00

Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարեւանություն անելու ծրագրերը չեն կարող ավելի կարեւոր լինել, քան Հայաստանի ու Արցախի անվտանգության տեսանկյունից՝ քաղաքական որոշումները

Անցյալ շաբաթ Բաքվից Երեւան ժամանեց Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը, որի հիմնական ուղերձներից մեկը հետեւյալն էր՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է ամբողջովին ներգրավված գործընթացում: Նրա գլխավորած պատվիրակության կազմում էին՝ ներկայացուցիչներ Ֆրանսիայի գանձապետարանից, Զարգացման ֆրանսիական գործակալությունից:
«Նոյեմբերի 9-ի համաձայնությունը ներառում է որոշակի կետեր, բայց կան համաձայնությունից դուրս մնացած հարցեր։ ԵԱՀԿ Մինսկի խմբի կարեւորությունը հենց այդտեղ է, զբաղվել այն հարցերով, որոնց անդրադարձ չկա։ Դեկտեմբերին Մինսկի խմբի ունեցած հանդիպումների շրջանակներում տարբեր կողմեր եկան համաձայնության, որ խումբը պահպանում է իր դերը գործընթացում։

Հետեւաբար, մենք մյուս համանախագահների հետ մնում ենք ամբողջովին ներգրավված։ Մինսկի խմբի շրջանակներում, այս շաբաթվա սկզբին համանախագահները հանդիպել են Լեհաստանում։ Հաջորդ փուլում, կարծում եմ, օգտակար կլինի այցելել այս տարածաշրջան»,- նշեց ֆրանսիացի դիվանագետը Երեւանում լրագրողների հետ ճեպազրույցում։

Ժան Բատիստ Լըմուանին լրագրողները խնդրել էին արձագանքել Ալիեւի այն հայտարարություններին, թե ղարաբաղյան հակամարտություն այլեւս գոյություն չունի։ Նա հարցին ընդհանրական էր պատասխանել. «Բարի կամքի ուժը նախ դրսեւորվում է մարդասիրական կարիքներին արձագանքելով, կարիքներ, որոնք արտահայտվել են Հայաստանի կողմից։ Ես ինքս դեկտեմբերին մարդասիրական թռիչքով եկել եմ Հայաստան՝ հիմնադրամների ներկայացուցիչների հետ։ Օգնությունը պետք է ցուցաբերվի արագ եւ տեղին։ Երկու երկրների ղեկավարները պարբերաբար շփվում են, վերջին անգամ զրուցել են հունվարի 6-ին։ Այդ զրույցի արդյունքում ես այսօր Հայաստանում եմ՝ նաեւ ապագային միտված աշխատանքի համար։ Դրանք ծրագրեր են, որ ունի կառավարությունը եւ որոնց Ֆրանսիան կարող է աջակցել։ Ամեն ինչ կանենք, որ հայ-ֆրանսիական համագործակցությունը զարգանա»։

Դառնալով պատերազմին՝ Լըմուանը նշել էր. «Եղել է համաձայնություն, որ կնքվել է նոյեմբերի 9-ին, կարեւոր է, որ այդ համաձայնության դրույթները պահպանվեն եւ հարգվեն։ Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահ, մյուս համանախագահների հետ միասին կշարունակի լինել բարի կամքի ուժը, որը խոսում է երկու կողմերի հետ, եւ կանի ամեն ինչ, որպեսզի հաշտեցումը դառնա հնարավոր։
Ֆրանսիայի պատմության ընթացքում բավականին դրամատիկ պահեր ու հակամարտություններ են եղել, բայց կարողացել ենք հաշտեցման գնալ, օրինակ, գերմանացիների հետ։ Ուստի կարծում ենք, որ պետք է շարունակենք աշխատել՝ ձգտելով այդ հաշտեցմանը»։
Փարիզը 44-օրյա պատերազմում իր ակտիվությունն ի ցույց էր դրել՝ ի տարբերություն եվրոպական այլ երկրների, սրտացվությամբ էր արձագանքում Արցախի հայերի դեմ ահաբեկչությանը: Բանը հասավ նրան, որ Ադրբեջանից բավական կտրուկ արձագանքեցին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի, որպես միջնորդի անաչառության գործունեությանը:

Ֆրանսիան այսօր էլ հստակ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շարունակականությունն ապահովելու տեսանկյունից վճռորոշ դերակատարություն է ստանձնել: Նկատվում է, իհարկե, որ Ֆրանսիայի ու Թուրքիայի միջեւ վերջին շրջանի լարվածությունը փոքր-ինչ թուլացել է:

Բաքվից Երեւան ժամանած ֆրանսիացի պաշտոնյայից լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե արդյոք Ալիեւի հետ զրույցում անդրադարձ եղել է գերիների հարցին։ «Բնականաբար այդ հարցը արծարծում ենք Ադրբեջանի իշխանությունների հետ՝ հենց հնարավորությունն ունենում ենք։ Ամեն դեպքում երկու կողմերի հետ էլ մեր հարաբերություններում փակ թեմաներ չկան, քննարկում ենք բոլոր հնարավոր հարցերը։ Հասկանում եմ, որ մտատանջություն կա հայ ընտանիքներում, հատկապես այն ընտանիքներում, որոնք դեռ չեն գտել իրենց որդիներին։ Ռազմագերիների հարցում գլխավոր մանդատը Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ունի, որն աշխատում է այդ ուղղությամբ։ Բայց, բնականաբար, մենք էլ ցանկացած հնարավորության դեպքում արծարծում ենք այդ հարցը»,- ասաց նա։
Ուշագրավ է, որ հունվարի 28-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, սակայն, Ժան Բատիստ Լըմուանի հայտարարությունները չէին առնչվում վերոնշյալ թեմաներին: Շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար՝ Լըմուանը նշել է, որ այցը շարունակությունն է ՀՀ վարչապետի՝ Ֆրանսիայի նախագահի հետ ունեցած համաձայնության եւ քննարկումների: «Մեր նախագահի համար շատ կարեւոր էր կարողանալ հնարավորինս արագ արձագանքել ձեր կարիքներից յուրաքանչյուրին: Դեկտեմբերին խոսքը հրատապության մասին էր, եւ դրանով էր պայմանավորված բարեգործական օժանդակություն տրամադրող մի քանի ինքնաթիռների ժամանումը Հայաստան, որոնք մի քանի տոննա բեռ փոխադրեցին շնորհիվ տարբեր բարեգործական ասոցիացիաների եւ ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմինների միացյալ ջանքերի, ինչը եւս մեկ անգամ վկայում է մեր երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ բարեկամության մասին: Հրատապությունից հետո այժմ, ինչպես Դուք նշեցիք, կարեւորվում են նաեւ տնտեսական ծրագրերը միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով, եւ այս առումով ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր մի շաբաթ ի վեր ինտենսիվ հանդիպումներ են ունենում ճյուղային գերատեսչություններում»:

Կառավարությունում քննարկվել են Հայաստանի եւ Ֆրանսիայի հարաբերությունների զարգացման հարցերը, այդ թվում նաեւ՝ ներդրումների ներգրավման ու ֆինանսական հնարավոր օժանդակության առումով: Անդրադարձ է եղել երկկողմ տնտեսական գործընկերության օրակարգին: Կողմերը հեռանկարային են համարել տրանսպորտի, ջրամբարաշինության, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, թվային նորարարությունների, հանրային հատվածի թվայնացման ոլորտներում, ինչպես նաեւ տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացման ուղղությամբ փոխգործակցությունը: Այս առումով վարչապետն առաջարկել է դիտարկել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ գործընկերության զարգացման հնարավորությունը, ինչի հետ ֆրանսիական կողմը համակարծիք է եղել:

Ինչպես նկատում ենք պաշտոնական հաղորդագրություններից, Փաշինյանին գործընկեր Ֆրանսիայի հետ փոխհարաբերություններում այլ շեշտադրումներ են հետաքրքրել: Ըստ ամենայնի, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի ապագայի համար Փաշինյանը բավական կաշկանդված է՝ նախաձեռնողականության տեսանկյունից եւ հարցերի մեծ մասը, այսպես ասած՝ Ռուսաստանի հովանու ներքո են լուծվում, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները՝ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն, առայժմ շոշափում են կողմերի տրամադրությունները:

Եվ եթե Ադրբեջանի դեպքում ամեն ինչ պարզ է՝ Ալիեւը համարում է հակամարտությունը կարգավորվել է, առավել եւս՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման թեման դուրս է եկել Բաքվի օրակարգից, այստեղ իսկապես կարեւոր է, թե ինչ դիրք է գրավում պաշտոնական Երեւանը՝ գործընկեր պետությունների, եւ մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող Ֆրանսիայի հետ առանձին բանակցություններում:

Հավելենք նաեւ, որ անցյալ շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռավար ելույթ ունեցավ Դավոսյան շաբաթի քննարկումներում, որտեղ անդրադարձավ նաեւ Լեռնային Ղարաբաղում իրավիճակին, մասնավորապես՝ նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարությանը՝ նշելով. «Կարեւոր է, որ այն մեծ հաշվով հետեւողականորեն իրականացվում է։ Հաջողվեց դադարեցնել արյունահեղությունը, իսկ դա ամենակարեւորն է, հասնել կրակի ամբողջովին դադարեցմանը եւ սկսել կայունության գործընթացը»։ Պուտինը հավելեց նաեւ. «Հիմա միջազգային հանրության խնդիրն է օգնություն ցուցաբերել տուժած շրջաններին՝ լուծելու փախստականների վերադարձի հետ կապված հումանիտար խնդիրները, վերականգնելու ոչնչացված ենթակառուցվածքները, պաշտպանելու եւ վերանորոգելու պատմական, կրոնական ու մշակութային հուշարձանները»։

Լեռնային Ղարաբաղի հայկական հատվածի կարգավիճակի հարցում ժամանակն աշխատում է ընդդեմ պաշտոնական Երեւանի: Հայաստանի իշխանությունների կողմից միջնորդ եւ գործընկեր պետությունները պետք է տեսնեն հետեւողականություն: Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարեւանություն անելու ձգտումները, որքան էլ դրանք տնտեսական հրաշք խոստանան՝ չեն կարող ավելի կարեւոր լինել, քան Հայաստանի ու Արցախի անվտանգության տեսանկյունից՝ քաղաքական որոշումներն ու դրանց արձանագրումը:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 03.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728