Լրահոս
Օրվա լրահոսը

«Համերգի նպատակը Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցին ռոյալ նվիրելն է»

Փետրվար 04,2021 12:30

Հարցազրույց բելգիաբնակ ճանաչված դաշնակահար Աշոտ Խաչատուրյանի հետ

– Դուք շատ վաղուց եք բնակվում եւ ստեղծագործում Եվրոպայում։ Երեւանում ընդամենն ուսանել եք երաժշտական դպրոցում եւ ուսումնարանում, բայց հավատացնում ենք ձեզ՝ երբ խոսք է գնում Արեւմուտքում բնակող եւ ստեղծագործող մեր հայրենակիցների մասին, մասնագետները հնչեցնում էին ձեր անունը նույնպես, մեջբերելով աշխարհահռչակ դաշնակահարուհի Մարիա Ժուան Պիրեշի կարճ բնութագրումը ձեր արվեստին, այն է. «Ուժ, եռանդ, կիրք, տաղանդ առանց սահմանների, իսկական երաժիշտ է»։ Մասնագետները նաեւ նշում են, որ դուք մինչ ճանաչում ձեռք բերելը անդադար սովորել ու կատարելագործվել եք եվրոպացի հայտնի մասնագետների ղեկավարությամբ։

– Ես չգիտեմ, թե քանի տարի եմ սովորել ու կատարելագործվել, բայց մի բան հաստատ գիտեմ, որ դրա կարիքը այսօր էլ ունեմ եւ ունենալու եմ։ 2001-ին Բազելի կոնսերվատորիայից հրավեր ստացա եւ մեկնեցի այնտեղ ուսանելու Ժերար Վիսի դասարանում, միեւնույն ժամանակ դասեր էի վերցնում Մյունխենում, դարձյալ մեծ ճանաչում վայելող Էլիսո Վիրսալաձեից։ Նշեցիք դաշնակահարուհի Մարիա Ժուան Պիրեշի կարծիքն իմ մասին, նրա մոտ էլ եմ ուսանել, բայց արդեն Բելգիայում։ Նշեմ նաեւ, որ մինչ օրս այդ դաշնակահարուհու հետ հանդես եմ գալիս դուետով աշխարհի տարբեր երկրներում։

– Այսօր արդեն հանդես եք գալիս աշխարհի հեղինակավոր համերգասրահներում, ճանաչված նվագախմբերի ու դիրիժորների հետ, կամերային ծրագրերով էլ համագործակցել եք այնպիսի անունների հետ, ինչպիսիք են Միշա Մայսկին, Մաքսիմ Վենգերովը, Լիանա Իսակաձեն, Գերի Հոֆմանը, Ջերար Կաուզեն եւ այլն։ Հայրենիքում եք Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրինության հրավերով, մինչ այդ ծանո՞թ էիք մեր ֆիլհարմոնիկի, մասնավորապես՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի արվեստին։

– Իհարկե՝ այո։ Նշեմ, որ նվագախմբի հետ «Արամ Խաչատրյան» համերգասրահում փետրվարի 4-ին հանդես կգամ Բեթհովենի երրորդ դաշնամուրի կոնցերտի մեկնաբանմամբ։ Այստեղ՝ Երեւանում, երբ լսեցի ֆիլհարմոնիկի վերջերս իրականացրած Բեթհովենի առաջին, 2-րդ եւ 5-րդ սիմֆոնիաների ձայնագրությունները եւ տեղեկացա, որ այն իրականացրել են Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի տեխնիկական անձնակազմի լավագույն մասնագետները։ Ընդ որում, նաեւ կատարվել է այդ սիմֆոնիաների տեսագրությունը։ Ես չգիտեմ՝ հանդիսատեսը երբ կարող է լսել կամ դիտել դրանք, բայց ես ընդամենը հատվածներ լսելով կարող եմ հայտարարել, որ իսկապես համապատասխանում է համաշխարհային մակարդակին։

– Փետրվարի 2-ին կայացած կամերային երեկոյին ձեր մասնակցությամբ հնչեցին Բեթհովենի թավջութակի երկրորդ սոնատը, Ջութակի 5-րդ սոնատը եւ Շուբերտի Forellen կվինտետը։ Երեկոյին տարբեր կամերային կազմերում ձեր գործընկերներն էին՝ ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը, ալտահար Հայկ Տեր-Հովհաննիսյանը, կոնտրաբասահար Կարեն Խաչատրյանը եւ մեր ունկնդրին ծանոթ, բելգիաբնակ թավջութակահար Սեւակ Ավանեսյանը… Երեկոյի ընթացքում տեղեկացանք, որ համերգը բարեգործական է, կմանրամասնե՞ք։

– Այո, բարեգործական էր, նպատակը Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցին ռոյալ նվիրելն է։ Առանց մանրամասնելու պետք է ասեմ, որ իսկապես երազում եմ, կոնկրետ չեմ կարող ասել երբ, մեկնել Ստեփանակերտ եւ երեխաների հետ դասեր անցկացնել։

– Մենք ունենք տեղեկություն, որ դուք արեւմտյան միանգամից մի քանի պրոդյուսերական կենտրոնների արտիստ եք, կասե՞ք՝ ով ում է գտել՝ դո՞ւք պրոդյուսերներին, թե՞ հակառակը։

– Իսկապես, ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայում, Ֆրանսիայում, Իտալիայում համագործակցում եմ պրոդյուսերական կենտրոնների հետ…

– Վերջերս, դարձյալ ֆիլհարմոնիկի հրավերով, Երեւանում գտնվող ճանաչված շեփորահար Կիրիլ Սոլդատովը, որի պրոդյուսերությամբ այլեւս զբաղվում է իր տիկինը, մեզ հետ զրույցում այսպիսի մի միտք արտահայտեց՝ թույլ տվեք առանց մանրամասնելու ցավով փաստել, որ պրոդյուսերական կենտրոնների հետ աշխատելիս հաճախ գլխավորը ոչ թե երաժիշտն է, այլ պրոդյուսերը։ Կուզեինք լսել նաեւ ձեր կարծիքը։ Կամ ավելի պարզ ուղղենք հարցը՝ դուք այսօր կունենայի՞ք նման ճանաչում, եթե մնայիք Հայաստանում։

– Միանշանակ՝ ոչ։ Բայց, գիտե՞ք, պետք է տարվի ճիշտ մշակութային քաղաքականություն կամ՝ աշխարհին ճիշտ մատուցվի մեր մշակույթը, մենք տաղանդավոր շատ երիտասարդներ ունենք։ Կներեք, բայց այս պահին լիարժեք չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Մի բան պարզից էլ պարզ է. եթե անուն չունես, քեզ չեն էլ հրավիրի։

– Թույլ տվեք նույն հարցն ուղղել այլ կերպ. իսկ ձեր անունը ինչպե՞ս դարձավ հնչեղ։

– Կրկին կդժվարանամ պատասխանել, բայց կարծում եմ՝ ինձ օգնեց Խաչատուրյան ազգանունը։ Հայրս ճանաչված ջազմեն է, իսկ հորս հայրը ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արմեն Խաչատուրյանն է, որը ազգակցական կապ ունի մեծանուն Արամ Խաչատուրյանի հետ։ Ընդ որում, հայրս է հայտնաբերել ազգակցական կապը։ Կրկնում եմ, ամեն դեպքում օգնեց ազգանունս։

– 2018-ին դուք հիմնադրել եւ անցկացնում եք Իզայիի անվան միջազգային մրցույթը, որի գեղարվեստական ղեկավարն եք։

– Մրցույթը հիմնադրել եւ անցկացնում ենք ես ու կինս՝ ջութակահարուհի Ելենա Լավրենոն։ Հենց առաջին մրցույթից մասնակցության հայտ ստացանք 50 երկրից եւ ունեցանք շուրջ 250 մասնակից։ Հայաստանից ջութակահար Ֆելիքս Հարությունյանն էր, որը ժյուրիի անդամների վրա լավ տպավորություն թողեց՝ հասնելով մինչեւ եզրափակիչ։ Այս տարի հուլիսին կկայանա երրորդ մրցույթը, հավանաբար քովիդի պատճառով այն կանցկացնենք օնլայն ձեւաչափով։ Օգտվեմ առիթից եւ մեր հայ երաժիշտներին տեղեկացնեմ, որ ձայնագրությունները պետք է ուղարկել մրցույթի կազմկոմիտե, իսկ մասնակցության իրավունք կստանա 24 ջութակահար եւ 12 տարբեր կազմերի կամերային անսամբլներ։ Ես ու կինս, հավատացնում եմ, անհամբեր կսպասենք մեր հայրենակիցներին։

– Եվ վերջին հարցը՝ դատելով ձեր նվագացանկից, նշենք, որ հայ կոմպոզիտորների անուններ, մանավանդ ժամանակակից, այնքան էլ շատ չեն։

– Ես այդ կարծիքին չեմ։ Հիմա ձայնագրում եմ CD, որտեղ տեղ կգտնեն Կոմիտասի, Շուբերտի, Բեթհովենի ստեղծագործություններից, իսկ, ընդհանրապես, մեծանուն ազգանվանակցիս գործերին հաճախ եմ անդրադառնում։ Ինչ վերաբերում է ժամանակակիցներին, հնչեցրել եմ Արթուր Ավանեսովի, շվեյցարաբնակ Դավիթ Հալաջյանի ստեղծագործություններից։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
03.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728