Լրահոս
Օրվա լրահոսը

Մի խումբ սպաներ 40 օր առանց հանգստի ռազմաճակատում են եղել, հրադադարից հետո՝ խորը հիասթափություն ապրել

Փետրվար 04,2021 14:00

Նրանք պարզել են, որ իրենց անգամ չեն էլ հաշվառել

Արցախյան վերջին պատերազմի ժամանակ, հազարավոր անձանց նման, Խանամիր Աբրահամյանը, որպես պահեստազորային սպա՝ կոչումով լեյտենանտ, մի խումբ սպաների հետ զորակոչվել են զորահավաքային ծառայության: Սպաներն ասում են՝ մի րոպե անգամ չեն մտածել, պատրաստ են եղել կյանքը դնել հայրենիքի փրկության համար: Սպայական անձնակազմը պատերազմի 40 օրերի ընթացքում, առանց հանգստյան, բարձր պատասխանատվությամբ կատարել է իր առջեւ դրված առաջադրանքներն ու խնդիրները, սակայն հրադադարի հաստատումից հետո խորը հիասթափություն են ապրել, երբ պարզել են, որ անգամ հաշվառված չեն: Խանամիր Աբրահամյանը գտնում է, որ իրենց հետ կատարվածը միանշանակ պետք է դառնա հետաքննության առարկա, հակառակ դեպքում՝ կնշանակի պետությունը անհարգալից ու արհամարհական վերաբերմունքով է պատասխանում այն բոլոր քաղաքացիներին, որոնք ոչ մի վայրկյան չեն հապաղել ժամ առաջ ռազմաճակատ մեկնելու եւ կյանքի գնով հայրենիքը պաշտպանելու:

Խանամիր Աբրահամյանն ու մի խումբ սպաներ զորահավաքային ծառայության զորակոչվել են 01.10.2020 թ.՝ ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Երեւանի N 3 տարածքային ստորաբաժանման կողմից: Նրանց զորահավաքային ծառայության ուղարկել են երկու տարբեր զորամասեր: Խանամիր Աբրահամյանի խոսքով, Տոնաշենի զորամասի ճանապարհին իրենց ավտոբուսը ենթարկվել է ռմբակոծության, որի արդյունքում հրաման եկավ ետնահանջ կատարել Ներքին Հոռաթաղի զորամաս: Ավտոբուսում է գտնվել նաեւ ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Երեւանի N 3 տարածքային ստորաբաժանման աշխատակից Կարեն Քիթքանյանը:

«Ներքին Հոռաթաղի զորամասը նույնպես ռմբակոծվում էր, որի արդյունքում հրաման եկավ ետ գալ Ստեփանակերտի զինկոմիսարիատ: Ստեփանակերտի զինկոմիսարիատում հրամայեցին ամբողջ անձնակազմը ծառայության ուղարկել Ասկերանի շրջանի Այգեստան՝ բարբառով ասած՝ Բալուջա գյուղի զորամաս: 06.10.2020 թ. Այգեստան գյուղի զորամասը ենթարկվեց ավիահարձակման:
Ռմբակոծության հետեւանքով զորամասը ամբողջությամբ ցրվեց, մեզ տարան Աստղաշեն գյուղի դպրոց: Աստղաշեն գյուղի դպրոցում մեզ հրաման եկավ մեկ գիշերվա ընթացքում Շուշիի հրետանային պահեստի արկերը ամբողջությամբ տեղափոխել, որը մեր կողմից լիարժեք կատարվեց: 07.10.2020թ.-ից հրաման եկավ Աստղաշեն գյուղի դպրոցում տեղակայված ծառայողներին՝ ուղեկցել հրթիռահրետանային ռազմամթերքը: Ներառյալ՝ արկերը, մատակարարում էինք հրետանային կրակային դիրքեր՝ ամբողջ ԼՂՀ տարածքով: Աստղաշեն գյուղի դպրոցում ձեւավորվեցին ջոկատներ, որոնցից մեկի խմբի ավագը ես եմ եղել, խմբի կազմում եղել է 12 պահեստազորային ծառայող: Մեր խումբը իր առջեւ դրված խնդիրները կատարել է բարձր մակարդակով, ամեն առավոտյան ժամը 07-30-ին կատարվել է ներկա-բացակայի ստուգում, ենթարկվել է բոլոր հրամաններին»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է Խանամիր Աբրահամյանը՝ նշելով, որ ռազմական գործողությունների ընթացքում իրենց տեղամասերը ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակմանը:

Աստղաշեն գյուղի դպրոցում տեղակայված զորքի հրամանտարը եղել է գնդապետ Կարեն Իշխանյանը, իսկ տեղամասում, ըստ Խանամիր Աբրահամյանի, հրամանատարական ղեկավարումն իրականացրել է Դավիթ Շահբազյանը: Ընթացքում անհատական հաշվառում իրականացրել է փոխգնդապետ Էրիկ Գրիգորյանը: Հրթիռահրետանային ռազմամթերքի մատակարարումներն ուղեկցվել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների վերահսկողության ներքո:

Խանամիր Աբրահամյանի խոսքով, 10.11.20թ. հրադադարի հաստատումից հետո հրաման եղավ կատարել հանձնում-ընդունում, ինչի արդյունքում ինքը հանձնել է իրեն ամրակցված AK74 ինքնաձիքը եւ վերադարձել Հայաստան: Վերադառնալուց հետո պարզվել է, որ Աստղաշեն գյուղի դպրոցում տեղակայված ծառայողները հաշվառված չեն եւ որեւէ մեկի ծառայության վերաբերյալ տեղեկատվություն գոյություն չունի: Բազմաթիվ ահազանգերից եւ գրավոր հարցումներից հետո, որոնք կատարվել են ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Երեւանի N 3 տարածքային ստորաբաժանմանը, վերջապես տեղեկատվություն է հայտնվել, որ Խանամիր Աբրահամյանն ու նրա զինակից սպաները ծառայել են, անգամ չի նշվել, թե որտեղ են ծառայել: Այս ոչինչ չասող գրառումը կատարվել է նրանց զինվորական գրքույկում: Պատերազմից վերադարձած սպաները սեփական նախաձեռնությամբ հեռախոսով կապվել են ԼՂՀ ՊԲ աշխատակիցներ Գրիգորյանի եւ Արտակի հետ: Արդյունքում, ըստ Խանամիր Աբրահամյանի, 20.01.2021թ.-ին իրենց, այսպես ասած՝ կիսահրամանագրել են եւ ձեւակերպել 110.000 ՀՀ դրամ աշխատավարձ, որը, սակայն, մինչ օրս չեն էլ ստացել:

Խանամիր Աբրահամյանն ու նրա զինակից ընկերները պահանջում են անցկացնել ծառայողական քննություն եւ պարզաբանել՝ ինչի համար են իրենց, շուրջ 40 օր առանց հանգստյան, մարտական ծառայության հրամաններ տվել եւ հաշվառման չեն կանգնեցրել: Նրա խոսքով, եթե անօդաչու թռչող սարքերի հարձակման ժամանակ իրենցից որեւէ մեկի հետ ինչ-որ վատ բան կատարվեր, այդ դեպքում ի՞նչ էին պարզաբանելու:

«Ինչի՞ համար մինչ այսօր մեզ չեն տրամադրում տեղեկանք կամ տեղեկատվություն, որ մենք մարտական ծառայություն ենք իրականացրել ԼՂՀ-ում: Ինչի՞ համար մեզ աշխատավարձ չի հաշվարկվում մարտական ծառայություն իրականցրածներին համարժեք»,-կառավարության ղեկավարին ու պաշտպանության նախարարության պատասխանատուներին հարցնում է Խանամիր Աբրահամյանը՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում կարող է տրամադրել հավելյալ տեղեկություններ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728