Հարց է տալիս ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել էր, որ բանակից բեկորներն են մնացել ու քննադատել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Առավոտի» հետ զրույցում ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը հակադարձում է նրան՝ բանակը բեկորների է վերածվել նախկինների օրոք. «94-ին Մովսես Հակոբյանն ասում էր՝ մենք 3 շրջանները պետք է հետ տանք, ես առաջին անգամ ասեցի՝ «կավե գլուխ գեներալներ» եւ ի՞նչ կատարվեց: Այդ կավե գլուխ գեներալները 2005 թվականի հունիսի 19-ին պաշտպանության նախարարի կաբինետում լցվեցին իմ վրա ու լավ ծեծեցին, որը այդպես էլ մնաց անարձագանք: Ի՞նչ արեցինք մենք:
Հիշում եք՝ «Բանակում» հաղորդաշար էին սարքել ու մենք ունեցանք գեներալ ջամշուկները: Այնպես որ գեներալ ջամշուկների պատասխանատվությունը ինչ-որ տեղ կրում է նաեւ երկրորդ նախագահը: Որ ասում է՝ բարձրաստիճան գեներալներին աստիճանազրկեցին, չթողեցին, ես այնտեղ բարձրաստիճան գեներալ չեմ տեսել: Մեկ-երկու ռազմաճակատի հրամանատարներ, այդ թվում՝ համար մեկ Քյոխը՝ Կարեն Ջալավյանը»:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը՝ հիմա էլ հարցադրումներ են հնչում, որ մարդիկ, որոնք վաստակ չունեն, կաբինետներում են եղել, մեդալներ են ստանում, կոչումներ են ստանում իսկ այն մարդիկ, որոնք իսկապես կռված տղերք են, չեն արժեւորվում՝ Պավլիկ Մանուկյանն արձագանքեց. «Դե դրա համար էլ ես 2015-ին հրաժարվեցի իմ «Մարտական խաչից» էլ, պետական պարգեւներից էլ: Չեմ կրելու: Ցմա՛հ»:
Պավլիկ Մանուկյանն ասաց, որ ցանկանում է հանդիպել Փաշինյանին, որովհետեւ ասելիք ունի նրան ու նեղսրտել էր, որ վարչապետը գնացել է Եռաբլուր ու զոհված հերոսների շիրիմներին ծաղիկ դրել: Նրա խոսքով՝ Եռաբլուրը պղծվել է հերթական անգամ. «Երբ ես դուրս եմ եկել ապստամբելու, ես չեմ ասել՝ գնացել եմ գողությունը հետ բերելու, գողոնը հետ բերելու: Ես ասել եմ՝ գնում եմ իմ ժողովրդից գողացած ծիծաղը հետ բերելու: Հիմա էլ եմ կրկնում: Սա պղծեց, սա պիղծ էր: Հենց առաջին օրն եմ ասել, ամենանեղ դրության մեջ եմ ասել, որ նետեք աղբանոց: Տեսա՞ք, որ ազգովի պիտի նետենք աղբանոց հիմա: Մինչեւ մեր տունը չմաքրենք, մեր ոտքերի տակը չմաքրենք, մենք չենք կարող մեր սահմանները մաքրել եւ չենք էլ կարող ուրիշից պահանջել»:
Հարցին՝ ընտրություններին մասնակցելո՞ւ եք՝ նա պատասխանեց. «Չգիտեմ, ես ամեն դեպքում զինվորական եմ ու չգիտեմ՝ իմ ունակությունները որտեղ է ավելի կարեւոր: Հիմա էլ եմ քաղաքականության մեջ, ի՞նչ անեմ, հայրենիքի սիրո համար ինչի ասես՝ պատրաստ եմ, էլ ի՞նչ անեմ, ասեք: Եթե կգտնեմ, որ քաղաքականության մեջ պետք եմ, այդտեղ էլ եմ պատրաստ»:
Հենց այս իշխանություններին քննադատում են պատերազմի նման խայտառակ արդյունքի համար, իրենք անմիջապես նախկիններին են մատնանշում ասում են՝ նախկին կոռուպցիոն գեներալների առանձնատան ամեն քարի մեջ մի զինվորի ճակատագիր է թաղված: Պավլիկ Մանուկյանն այս առնչությամբ ասաց. «Դրանք շղթայական ռեակցիա են: Եթե այդքան բանն իրենք տեսնում էին, ինչի՞ համար չենթարկեցին պատասխանատվության: Ինչի՞ համար մինչեւ այսօր ոչ մեկը բանտում չէ: Հարց եմ տալիս: Եկան, ընկերոջս՝ Արայիկ Խանդոյանի շիրիմի վրա ծաղիկներ դրեցին՝ վարչապետը, նախագահը: Հիմա հարց եմ տալիս՝ որպես ինչի՞, ազգային հերոսի՞: Այդ դեպքում դատարանում կինը գալիս է, ամուսնուն արդարացնելու, ուրեմն թքա՛ծ ունեմ այդպիսի վարչապետի վրա ես ու այդպիսի իշխանության վրա՝ տեղեկանքով եւ անտեղեկանք: Իսկ եթե ծաղիկը որպես հանցագործի են դրել, էլի թքեմ այդպիսի իշխանության ճակատին, որ եկել են, հանցագործի վրա են ծաղիկ դնում: Ինչ է, երկակի ստանդարտներո՞վ են խաղում»:
Պավլիկ Մանուկյանն ասաց, որ ինքը ոչ մի իշխանության հետ հաշտ չէ, որովհետեւ որեւէ մեկը ազգի չի ծառայել, ոչ էլ երկրին: Հարցին՝ այսօր քաղաքական դաշտում տեսնո՞ւմ եք մեկին, որ վստահ եք՝ ազգին ու երկրին է ծառայելու՝ Պավլիկ Մանուկյանը պատասխանեց. «Ինչի՞ համար մեկին, եթե ոչ ամբողջ խմբին: Ազգայնականները: Ազգայնական հռչակված կուսակցություններն այդպիսին չեն, բոլորը պղծված են: Մարդը պետք է ունենա ուրվագիծ՝ անցած ճանապարհ: Տասնյակ տարիներ իմ ընկերները զենքը ձեռքին ծառայել են այս սրբազան հայրենիքին, իմ ազգին, ունեն չպղծված կենսագրություն: Այդ ո՞նց է լինում, որ գնում եք մի հատ հարս բերելու՝ 7 պորտով ուսումնասիրում են, բայց պետության ղեկավարին ընտրում են՝ նայելով լավ բառերին, վզի հաստությանը, գլխի մեծությանը, գրպանի պարունակությանը: Երբեք չենք նայել նրա ներաշխարհին ու բարոյական ուրվագծին, չէ՞, դրա համար էլ պատժվեցինք: Եթե մենք ունենանք ազգային իշխանություն, որն ունենալու ենք, այն ժամանակ բոլորն էլ մեզ հետ կխոսեն: Մենք ունենք այնպիսի մտավոր ներուժ ու այնպիսի ռեսուրս…երբ դու կդառնաս ազգային իշխանություն, բոլորը կներգաղթեն: Մեղուն ի՞նչ է պահանջում ընդամենը՝ որ բոռերին հեռացնեն փեթակից եւ մեղուն կվերադառնա: Մենք էլ կմաքրենք ծաղիկը: Մինչեւ այսօր գոմաղբը լցնում են ծաղիկի վրա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.02.2021