Լրահոս
Օրվա լրահոսը

Ջավախքի բնակիչները բողոքի ակցիայով մտել են Ախալքալաքի քաղաքապետարան. jnews.ge

Փետրվար 03,2021 23:55

Ջավախքի բնակիչները այսօր կրկին հավաքվել են Ախալքալաքի կենտրոնում՝ փակ սահմանների, ինչպես նաև գումար աշխատելու հնարավորություն չունենալու դեմ իրենց բողոքն արտահայտելու նպատակով: Նրանք մտել են քաղաքապետարան, որպեսզի արտահայտեն իրենց բողոքը իշխանություններին: Քաղաքապետի հետ հանդիպման ժամանակ ցուցարարները բարձրացրել են բազմաթիվ խնդիրներ:

Այսօր՝ փետրվարի 3-ին, ինչպես ցուցարարները պայմանավորվել էին դեռ հունվարի 31-ին, տարբեր գյուղերի և քաղաքի բնակիչներ հավաքվել են Ախալքալաքի կենտրոնում՝ իրենց բողոքն արտահայտելու տեղի իշխանություններին: Քաղաքի կենտրոնում՝ Մաշտոցի հրապարակում, մարդիկ սկսել էին հավաքվել ժամը 13:00-ից հետո, լրագրողներն առաջիններն էին եկել հանրահավաքին, այնուհետեւ սկսեցին հավաքվել նաև տարբեր գյուղերի ու քաղաքի բնակիչներ:

Հավաքվելուց հետո՝ մոտ 100 ցուցարար մտել է քաղաքապետարան: Քաղաքապետարանի նախասրահում ցուցարարների հետ հանդիպել է քաղաքապետ Յուրիկ Ունանյանը: Մարդիկ սկսել են խոսել իրենց խնդիրների մասին:

Նրանք խոսել են այն մասին, որ սահմանները փակ են և իրենք չեն կարողանում գնալ արտագնա աշխատանքի, արդյունքում՝ ապրուստի համար գումար վաստակելու հնարավորություն չունեն: Ցուցարարները քաղաքապետին հարցրել են, թե որտեղից վճարեն գազի դիմաց 400 լարին, նրանք նաև նշել են, որ կոմունալ ծախսերի փոխհատուցումը կառավարության ծրագրով չի տարածվում Ջավախքի բնակիչների վրա, քանի որ բարձրալեռ շրջանի պայմաններում սպառումը մեծ է, և, որ իրենք չեն ընդգրկվում փոխհատուցման արտոնյալ ծրագրում: Ակցիայի մասնակիցները խոսել են նաև վարկերի մասին, որ ստեղծված իրավիճակի պատճառով իրենց տները կորցնելու վտանգի տակ են գտնվում, որոնք գրավադրել են վարկային երաշխիքի տեսքով:

Հարց է բարձրացվել նաև այն մասին, որ ուսանողները, ովքեր գնում են Հայաստան և մեկնելու թույլտվություն են ստացել, ստիպված են գնալ «Սադախլոյի» մաքսակետով, ինչո՞ւ, բացառության կարգով, նրանք չեն կարող մեկնել «Բավրայի» մաքսակետով:

Ոմանք անդրադարձել են նաեւ անձնագիր ստանալու խնդրին, շոշափվել է գյուղմթերքի գները, ոմանք էլ խոսել են համավարակի հետևանքով ստեղծված անձնական խնդիրների մասին:

Բողոքի ակցիայի մասնակիցներն ասում են, որ նրանց հիմնական պահանջը սահմանների վերաբացումն է, և նրանք մեկ շաբաթ ժամանակ են տվել, որ իշխանություններն արձագանքեն իրենց պահանջին:

Քաղաքապետ Յուրիկ Ունանյանը պատասխանել է մի քանի հարցերի: Նա ասել է, որ չի կարող խոստանալ, որ սահմանները կբացվեն և բոլորին թույլ կտան մեկնել Հայաստան կամ որևէ այլ տեղ, բայց այն, որ որոշ հարցերի շուրջ, որոնք բարձրացվել են, մարդիկ դիմել են իրենց առանձին, որպեսզի կոնկրետ քայլեր ձեռնարկվեն և լուծվեն այն խնդիրները, որոնք հնարավոր է լուծել ներկայիս պայմաններում:

jnews.ge

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728