Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը՝ պարգևավճարների ու պատերազմում սխալներ գործածներին բարձր կոչումներ շնորհելու մասին

Փետրվար 03,2021 23:23

Այսօր գյումրեցի մտավորականների հետ «Ձայն հայրենեաց» նախաձեռնության ներկայացուցիչների հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Նա ասաց, որ մի քիչ ուշ է միացել մտավորականների շարժմանը՝ «Ձայն հայրենեաց» նախաձեռնությանը ու խոսեց հոգեբանական այն ծանր վիճակի մասին, որի մեջ հայտնվել ենք 44 օրվա պատերազմից հետո։

Նա ասաց, որ այս դժվարին հոգեվիճակից դուրս գալու պայմանը միասնականությունն է, և մեզ փոփոխություններ են անհրաժեշտ։ Պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավարն անդրադարձ կատարեց պետական ու ռազմական կառավարմանը։

«Պետական կառավարման համակարգը բավականին բարդ, դժվար և նաև փորձառու մարդկանց համար բավականին ուսանելի համակարգ է։ Պետական կառավարման համակարգում կարող են հաջողությունների հասնել այն մարդիկ, ովքեր որ փորձառու են, ովքեր որ բոլոր աստիճանակարգերով անցել են և նաև կունենան հաջողություններ, ովքեր որ գիտեն՝ ում հետ ինչպես աշխատել, ովքեր որ տիրապետում են մարդկային ռեսուրսների կառավարման տեսությանը։ Իսկ մարդկային ռեսուրսների կառավարումն ամենադժվարն է, որովհետև հայ ժողովուրդը և յուրաքանչյուրը մի անհատականություն են, և յուրաքանչյուրի հետ տարբերակված և առանձին մոտեցում է պետք, որպեսզի կարողանանք հասնել հաջողությունների։

Իշխանափոխությունից հետո՝ 2018 թվականին մենք բոլորս կարծում էինք, որ կգան ուժեր և եկել են ուժեր, ովքեր որ հաշվի առնելով նախկին ձեռքբերումները և նաև հաշվի առնելով այն թերությունները, որոնք որ կան՝ կկառուցեն մեր զարգացումը, մեր առաջընթացը։

2018 թվականին իշխանության եկան մարդիկ, որոնք որ հուսադրող էին բավականին։ Համենայնդեպս մենք այդպես էինք կարծում, երբ Երևան քաղաքի հրապարակում էինք, մեզ այդպես էին ասում այսօրվա իշխանավորները։

Այնինչ հետագա հետևությունների ընթացքում ես եկել եմ այն եզրակացության, որ այդ մարդկանց թվացել է, թե միայն ասենք պաշտոնների, աթոռների, աշխատասենյակների զբաղեցումն է կարևոր, մնացած գործը հենց այնպես հալած յուղի նման անցնելու է, գնալու է դեպի առաջ։

Այնինչ կառավարման համակարգով անցած մարդիկ գիտեն, որ հաջողությունների համար, այն էլ մեր պայմաններում, մեր սոցիալ-տնտեսական պայմաններում, ռազմաքաղաքական անվտանգային միջավայրում զոր ու գիշեր աշխատել է պետք։ Որպեսզի աշխատանքը իրենք ցույց տան, փորձեցին համեմատություններ անել հնի և նորի, և հնի ու նորի համեմատության մեջ բավականին բացասական գործունեություն ունեցան հին արժեքների ոտնահարման, ոչնչացման ուղղությամբ»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Նախկին նախարարը նշեց, որ վտանգի պահին մենք միասնական ենք, սակայն խաղաղ պայմանները ոչ միշտ ենք օգտագործում գալիք վտանգները, սպառնալիքները դիմագրավելու համար։

Նա նաև նշեց, որ 30 տարվա պատմությունը նախկին բոլոր ժամանակահատվածներից տարբերվել է նրանով, որ կառուցել ենք պետություն։

Ըստ բանախոսի, նոր իշխանությունները կառավարության կառուցվածքը փոխեցին ու օրինակ՝ գյուղատնտեսությունը, էներգետիկ համակարգը ստորադասեցին, դարձրեցին ենթակա այս կամ այն ենթակառուցվածքին, անփորձառու կադրեր նշանակեցին ու այդ պատճառով չունեցանք հաջողություններ։

«Նույնը վերաբերում է նաև բյուջեին, բյուջեի բաշխումը, պարգևատրումների ասենք համակարգը խոսում է նրա մասին, որ առանց հաջողությունների մարդիկ իրենց նշանակում են պարգևատրումներ։ Ես երկար տարիներ կառավարման համակարգում աշխատել եմ, այդ պարգևավճարը նման է մեդալի կամ նման է շքանշանի։ Եվ ամեն ամիս ինքդ քեզ ներկայացնես շքանշանի, դա ոչ թե սխալ է կառավարման առումով, դա նաև բարոյականությունից դուրս է և բարոյականությունից զուրկ է։

Ես գտնում եմ, որ այս 2,5 տարիներին, և նաև նախկինում, և նաև այսօր պարգևավճարներ ստանալու կարիք ունեն գոնե ամենակարևոր ուղղություններից մեկը։ Բացի ուսուցիչներից, բացի բժիշկներից, ովքեր որ այս դժվարին վիճակում աշխատում են, բացի զինվորականներից, կառավարման համակարգում, որտեղ որ հաջողություն չկա, ոչ մեկը իրավունք չունի այդ պարգևավճարները ստանալ, առավել ևս իրենք իրենց գրեն այդ պարգևավճարները»,- ասաց Սեյրան Օհանյանը։

ՊՆ նախկին նախարարն անդրադարձավ նաև բանակին։

«Թվում է, թե ասենք որոշակի ուշադրության կենտրոնում է բանակը, և բավականին ոչ հեռանկարային և ոչ լուրջ քայլեր ազդեցություն են ունեցել նաև բանակի և՛ հրամանատարական կազմի, և՛ բանակի կառուցվածքի, և՛ նրա զորահավաքային ռեսուրսների վրա։ Եվ ընդհանուր առմամբ այդ ամենը բերել է որոշակի կարգապահության անկման»։

Բանախոսը նաև խոսեց Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններից, նշեց, որ մենք վատթարացրեցինք հարաբերությունները մեր ռազմավարական գործընկերոջ հետ, սկսեցինք խաղալ ՀԱՊԿ-ի արժանապատվության հետ։

«Ամենակարևորն արցախյան հարցում, չհենվելով այն հենքի վրա, որը ձեռք է բերվել այս 30 տարիների ընթացքում, թեկուզ այն անվանում ենք՝ ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակ, նաև բանակցային գործընթացում որոշակի հաջողությունների արդյունքում է, որ արել ենք այնպես, որ մարտական գործողություններ կամ լայնամասշտաբ պատերազմական գործողություններ չլինեն։

Մենք այս վերջին տարիների ընթացքում ոչ լիարժեք, ոչ արդյունավետ կառավարման արդյունքում կանխարգելման իրավիճակից մեր երկիրը հասցրեցինք արձագանքման և հետևանքների վերացման իրավիճակի։ Եվ հիմա մենք՝ բոլորս, մտածում ենք՝ ինչպես պիտի վերացնենք այս հետևանքները, որ կան Հայաստանի և Արցախի շուրջը։ Գիտեք, ամեն ինչ արվեց, որ պատերազմ լինի և պատերազմի ժամանակ էլ ամեն ինչ արվեց, որ կառավարում չլինի։

Տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում, երբ խոսքը վերաբերում է բանակին, բացի բանակային հիմնական գործունեությունից, նաև շեշտադրում կար այլ ուղղություններով գործունեությանը, որոնք պաշտպանական քաղաքականության մաս էին կազմում։ Ասենք՝ զինված ուժերի համալրումը, զինված ուժերը համալրված են խառը համալրման սկզբունքով, բայց տարեցտարի մենք ավելացրել ենք պրոֆեսիոնալ մակարդակը, պայմանագրային զինծառայողների մակարդակը, հատկապես սահմանային իրավիճակներում, որպեսզի և որոշակի առումով սոցիալական խնդիրներ լուծվեն։ Սահմանապահ քաղաքացին, գյուղացին իր երկիրը պաշտպանելուց բացի նաև զբաղվի գյուղատնտեսությամբ և աշխատավարձ ստանալով՝ սոցիալական խնդիրներ լուծվեն»։

Նախկին բարձրաստիճան պաշտոնյան ասաց՝ հասել էինք նրան, որ պետական մակարդակի զորավարժություններ էին անցկացվում Հայաստանում, պատրաստ էինք երկիրը խաղաղ վիճակից պատերազմական վիճակի փոխադրելու։

Նա նշեց, որ այս պատերազմի ընթացքում, ռազմական դրության պայմաններում՝ ըստ սահմանադրության, գերագույն հրամանատարը պիտի հմուտ կառավարմամբ երկիրը մարտական գործողություններում տաներ հաջողությունների։

«Ես գտնում եմ, որ գերագույն հրամանատարի գործն էր, և՛ գործադիր և՛ օրենսդիր մարմինների հմուտ կառավարմամբ մոբիլիզացնել ամբողջ հայությանը, մոբիլիզացնել մեր բոլոր ջանքերը բանակի համալրումը շարունակական դարձնելու, այնինչ բանակի ասենք նախնական համալրման խնդիրները մինչև 44-րդ օրը մոտավորապես 97 տոկոսով է դեռ իրականացվել՝ չհաշված կորուստները և մնացած բոլոր խնդիրները»,-ասաց բանախոսը։

Ըստ նախկին նախարարի, մենք պարտվեցինք նաև այն պատճառով, որ պատերազմական գործողությունների ընթացքում չերևաց դատաիրավական համակարգի գործունեությունը, ստեղծված կարգապահական ու հակաօրինական գործողություններին իրավական գնահատականներ չտրվեցին։

Նա նշեց, որ պատերազմական գործողությունների ժամանակ խիստ միջոցներ չեն ձեռնարկվել այն հատվածներում, որտեղ եղել է մխրճում և ընդհանուր նահանջ, ավելին` սխալներ գործող բոլոր ղեկավարներին խիստ պատժելու փոխարեն խրախուսել են։

«Դեռ ավելին, այդ նահանջի ամբողջ ճանապարհին Արցախի հարավային հատվածում՝ սկսած Հորադիզից մինչև Հայաստանի Հանրապետության սահմաններ, ասենք Գորիս, Կապան, Մեղրի, այդ ուղղությամբ բոլոր ղեկավարները խրախուսվել են, ստացել բարձր կոչումներ և նաև ՀՀ ազգային հերոսի կոչում»։

Ըստ Սեյրան Օհանյանի, այս ամենից կարելի է երկու ենթադրություն անել․ այսօրվա պետության ղեկավարը կամ իրավիճակին ամբողջությամբ չի տիրապետել ու խրախուսել է, կամ տիրապետել է ու հատուկ կատարել է, որպեսզի ունենանք այս նահանջը, այս իրավիճակը։

Ըստ նրա, այս պարտվողական քաղաքականությունը դեռ շարունակվում է։

«Կառավարման ցածր մակարդակի արդյունքում պատերազմ հրահրեցինք, պարտվեցինք։ Եվ ամենավատը գիտեք ինչն է, այս պարտվողական քաղաքականությունը շարունակվում է նոյեմբերի 9-ի եռակողմ ստորագրված փաստաթղթից հետո, այնուհետ հունվարի 11-ին ստորագրված փաստաթղթից հետո։ Սահմանային այն իրավիճակը, որի մասին այստեղ խոսվեց, ապաշրջափակման գաղափարը, այսօրվա հենց մեր դիմաց Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունները, որոնք միայն ու միայն մեկ նպատակ ունեն․ շարունակել հոգեբանական և տարբեր տիպի ճնշումները Հայաստանի Հանրապետության վրա։ Մենք արդյո՞ք պետք է այս ամենը հանդուրժենք։ Իհարկե, այս ամենը հանդուրժել պետք չէ։

Փորձը ցույց է տալիս, որ ղեկավարությունը, որն իր աշխատանքի ընթացքում խելքի չի գալիս, պարզ խոսքերով եմ ասում, և երկիրը տանում է շարունակական անհաջողությունների, շարունակական պարտությունների, այս ղեկավարությունը երբևիցե չի կարող և՛ երկրի ներսում համախմբել ժողովրդին, տանել դեպի միասնականություն։ Ինքը հենց իշխանության գալու առաջին իսկ օրվանից առաջին քայլերը կատարեց պառակտելու և նաև չի կարող բարձր գլխով միջազգային հանրության մեջ մեր երկիրը ներկայացնել և առաջ տանել այն կարևորագույն խնդիրները, որոնք որ կան և անվտանգության և տարբեր սոցիալական հարցերում»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728