Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորների թվի ավելացումը կբերի քրեական գործերի քննության ժամկետների կրճատման

Փետրվար 03,2021 23:03

Ազգային ժողովի փետրվարի 3-ին գումարված արտահերթ նիստում քննարկվեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում եւ «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

ՀՀ  արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ նպատակն է թեթեւացնել դատարանների ծանրաբեռնվածությունը, ապահովել մինչդատական քրեական վարույթի գործերի, ինչպես նաեւ կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործերի քննության արդյունավետությունը, ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործումը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը: Նախատեսվում է դատավորների թիվն ավելացնել Առաջին ատյանում, Ընդհանուր իրավասության եւ Վերաքննիչ քրեական դատարաններում: Մինչդատական քրեական վարույթի գործերի եւ կոռուպցիոն հանցագործությունների քննության իրականացումը նախատեսվում է վերապահել ինչպես գործող դատավորներին, այնպես էլ նոր համալրված կադրերին:

Փոփոխությունների արդյունքում դատական համակարգում ընդհանուր առմամբ 17-ով կավելանա դատավորների թիվը, որոնցից առնվազն 8-ը՝ Երեւանում: Վերաքննիչ դատարանի դատավորների թիվը կավելանա 3-ով:  Վերաքննիչ դատարանի 6 դատավոր  կմասնագիտանան մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը: Դատավորներին ընտրելու է ԲԴԽ-ն, նախագծում բառ անգամ չկա, թե նշանակվելու են դատավորներ, որոնք զբաղվելու են հակակոռուպցիոն   գործեր քննելով: Գրիգորյանի համոզմամբ`  խորհրդարանի աշխատանքի որակը շատ դեպքերում ընկնում է այն  պատճառով, որ պատգամավորներից ոմանք պարզապես չեն կարդում օրենքների նախագծերը:

Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորներն անդրադարձան ներքաղաքական իրավիճակին, դատական համակարգում արմատական բարեփոխումների անհրաժեշտությանը, անարդյունավետ գնահատեցին իրականացվող հատվածական փոփոխությունները:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը հայտնեց Անի Սամսոնյանը: Նա նշեց, որ նախաձեռնության հեղինակները թեպետ պնդում են, որ նախագծից հանված է մի շարք գործերով, այդ թվում՝ հակակոռուպցիոն գործերով զբաղվող դատավորներին վերաբերող դրույթը, բայց լրամշակված տարբերակում այն առկա է: Սուրեն Գրիգորյանն ի պատասխան ասաց, որ ԱԺ կայքում տեղադրված վերջնական տեքստում նման դրույթ չկա:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ ունեցավ Ալեն Սիմոնյանը: «30 տարի իշխանության եղած մարդիկ մեզ մեղադրում են երկու տարվա մեջ չարածների համար: Այո՛, չարեցինք: Որոշ մարդկանց բենթլիները, դղյակները չհասցրինք երկու տարվա մեջ դարձնել ԱԹՍ: Այո՛, մեղավոր ենք, կուղղենք, դա էլ կուղղենք, կհասցնենք, վստահ եմ»:

Եզրափակիչ խոսքում Ռուստամ Բադասյանը նշեց, որ նախագիծը հապճեպ չի ընդունվում, դեկտեմբերից դրված է հանրային քննարկման:

Պատգամավորները քննարկված երկու օրենսդրական փաթեթներն ընդունեցին առաջին ընթերցմամբ:

Փաթեթների երկրորդ ընթերցմամբ քննարկումները կանցկացվեն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում, իսկ մինչ այդ դրանք կքննարկվեն գլխադասային հանձնաժողովներում:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728