Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանը՝ ԲՀԿ-ին․ «Որքան էլ վատը լինենք, մարդիկ մտածում են՝ այն ուժերը, որոնք այսօր հրապարակում առաջարկ են ներկայացնում, մեզանից վատն են»

Փետրվար 03,2021 21:12

«Այդպես էլ չսովորեցիք, որ ամեն ինչի համար գոյություն ունի պատեհ ժամանակ, եւ այսօր առավոտից մեզ համոզում եք, որ հենց այս արտահերթ նիստով մենք պետք է քննարկենք  դատական օրենսգիրքը։ Այսօր, երբ առկախված է անվտանգային լրջագույն խնդիր, ռազմագերիների վերադարձի անորոշ ապագա, գահավիժող տնտեսություն, դուք շարունակում եք այն գործելաոճը, որը որդեգրել եք 2018 թվականից, դուք շարունակում եք խաբել ՀՀ քաղաքացիներին, ինչպես խաբեցիք 2018-ին, եւ չասացիք, որ օրինակ՝ գալիս եք թուրքի հետ էժան առևտուր անելու համար։ Իսկ այսօր արդեն հպարտ ժողովրդի զավակներին զոհելուց հետո, առանց քաշվելու հայտարարում եք, որ կարեւոր չէ, թե Արցախը ում պատմական հողն է, թե ով է սկսել պատերազմը»,-այսօր խորհրդարանում հրավիրված արտահերթ նիստում ասաց ԲՀԿ պատգամավոր Շաքե Իսայանը՝ դիմելով իշխանությանը՝ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ անելու մասին նախագծի քննարկման ժամանակ։

Տիկին Իսայանն իր ելույթում նշեց, որ կասկածի տակ է դնում դատական օրենսգրքի բարեփոխման՝ իշխանության ազնիվ մղումները․ «Որովհետեւ, նախկինում քանիցս, երբ իսկապես խիստ անհրաժեշտություն կար, բարձրաձայնել ենք  այս խորհրդարանում,  որ հրատապ է դատավորների թվի ավելացումը, սակայն իշխանության կողմից արձագանքն անորոշ լռությունն էր։ Իսկ հիմա պատերազմից հետո ծանր ֆինանսական ու հոգեբանական կացության մեջ գտնվող երկրում շատ պատահաբար հիշեցիք, որ դատաիրավական բարեփոխումներ եք խոստացել ժողովրդին։ Ուղղակի 2018-ից մինչեւ պատերազմի նախօրեին դատաիրավական բարեփոխման ձեր կոնցեպտում բացառապես մեկ պունկտ կար՝ Սահմանադրական դատարան»։ Շաքե Իսայանը իշխանությանը հորդորեց չխաբել ՀՀ քաղաքացիներին եւ չմանիպուլացնել։

«Իմ քայլ»-ից Ալեն Սիմոնյանն էլ ԲՀԿ պատգամավորներին հիշեցրեց՝ ԲՀԿ-ի հետ կոալիցիոն իշխանության ժամանակ էր հայ-թուրքական արձանագրությունների շուրջ քննարկումները․ «Ասեմ ձեզ ինչն է վերջացել՝ վերջացել է այն, որ  դուք չկարողացաք ձեւավորել առաջարկ ՀՀ քաղաքացիների համար, որ որքան էլ մենք սխալված լինենք, վատը լինենք, մարդիկ մտածում են, որ այն ուժերը, որոնք այսօր առաջարկ են ներկայացնում հրապարակում, մեզանից վատն են։ Նենց որ, երբ մեր մասին խոսում եք, վատ բաներ եք ասում, հլը մտածեք, պատկերացրեք՝ էդ վատերը որ ասում եք՝ բա ձեր առաջարկը ինչքան վատն  է, որ այդքան ասելուց հետո չի ստացվում քաղաքացու համար առաջարկ ներկայացնել»։

Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ իշխանությունը քաղաքացիների հետ ազնիվ է եղել․ «Իրենք մեզ ընտրել են, շատ-շատերը  մեր շատ սխալների պատճառով գուցե հիասթափված են, մենք իրենց հետ կխոսենք, իրենք մեզ կդատեն, կբերեն այս սրահ (նկատի ունի խորհրդարան Ն․Բ․) կամ չեն բերի։ Բայց դուք այդ հարաբերությունների հետ ինչպես անցյալում կապ չեք ունեցել,ապագայում էր կապ չեք ունենալու»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728