Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքի իմաստը․ ազգային ազատության առաջադիմական պայքարն ընդդեմ հետամնացության ՄԱՍ 2

Փետրվար 03,2021 20:40

Հոդվածի առաջին մասում  քննարկեցինք, որ չի կարող լինել անձնային ազատություն առանց ազգային՝ նալբանդյանական ազատության։

Հիմա քննարկենք, թե ում և ում որդիների շնորհիվ է այդ ազատությունը առաջադիմելու։

«Ես ուզում եմ, որ մատով ցույց տան, թե ո՞ւմ 18 տարեկան որդու հաշվին են դա ուզում անել». Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակուհին է* այս հարցը հնչեցրել է հարցազրույցում եւ հետադիմական ու վնասակար կոչել հաղթանակի, ազգային ազատության առաջադիմությանը նվիրվելու մասին մտորելը։

«Ժողովը», որի պատգամավորն է ինքը, ազգային է։ Ավելին, փոխխոսնակուհին պատգամավորն է այն Ազգային ժողովի, որի գոյությունը հնարավոր է դարձել տարբեր դարերում մարդկանց տարբեր տարիքի որդիների ազգային առաջադիմության կռիվների շնորհիվ։ Փոխխոսնակուհին պատգամավորի երդումով պարտավորվել է ծառայել «համազգային նպատակների իրականացմանը» և «ազգային արժեքների պահպանմանը», իսկ այժմ հետադիմական է կոչում այդ արժեքներին ծառայելը ու, թեև ինքն իր թիմով է խոստացել ծառայել համազգային նպատակների իրականացմանը, բայց պահանջում է մատնացույց անել, թե ում զավակը պիտի ծառայի։

Նա իր թիմով դրժել է պատգամավորի երդումը և «հայրենիքի հզորացմանը», «Հայաստանի ինքնիշխանությանը», «Սահմանադրությանը», «քաղաքացիական համերաշխության պահպանմանը» ծառայելու փոխարեն արել լրիվ հակառակը։ Բայց փոխանակ հրաժարական տան, հարցազրույցներ են տալիս։

Նա և իր թիմակիցները երդումը չէին դրժի, եթե պատգամավոր լինելուն մոտենային այն նվիրվածությամբ, որով Նալբանդյանն էր նվիրվել, որպեսզի մի օր գոյություն ունենա այս Ազգային ժողովը։ «Երկու տող» հոդվածում Նալբանդյանը գրում է․ «Մենք ազատակամ նվիրեցինք մեզ հասարակ ժողովրդի իրավունքը պաշտպանելուն։ Մեր անձը և գրիչը չնվիրեցինք հարուստներին, նրանք իրենց արծաթի թումբերի տակ միշտ անխոցելի են, նաև բռնակալների իշխանության մեջ»։

Ազգային ազատության նվիրվածությունը արծաթներ՝ պարգևավճարներ, աշխատավարձ չի ենթադրում։ Նալբանդյանական նվիրվածության վարձը հայրենիք ձեռք բերելն էր, որտեղ հնարավոր կլիներ հայրենիքի ազատության ճառագայթը շարունակելու պատգամն անողներին նաև վճարել։

Փոխխոսնակուհու համար ազգային նվիրվածությունն է հետադիմական, իսկ բռնակալ իշխանության մեջ արծաթի թումբերի տակ պարգևավճարի համար պայքարն առաջադիմական է։ Ուխտադրուժ փոխխոսնակուհին պահանջում էր աշխատավարձի բարձրացում, քանի որ, ըստ նրա, 500 հազար դրամով Ազգային ժողովում պատգամ անող լինելը մտավոր և ֆիզիկական կարողությունների շահագործում է։ Հետևաբար, նրա համար Ազգային ժողովի պատգամավոր դառնալը աշխատանքային բնույթի փոփոխություն է, որը կարելի է հոդվածի վերնագիր սարքել ու ընկերասիրություն կոչվող արհեստավարժության ձեռքով հայտնվել աշխարհի փիլիսոփաների կողքը, ինչպես հայտնվել է նա մի գրքում**։

«Երկու տողում» Նալբանդյանը այս տիպն է նկարագրում՝ ասելով, որ հայը խեղճ է, հարստահարված, ողորմելի, աղքատ, մերկ և քաղցած՝ ոչ միայն օտարների ու բարբարոսների ձեռքից, «այլև իր հարուստներից, իր հոգևորներից և կիսագրագետ, ուսումնական կամ փիլիսոփա ասվածներից»։

Այդ խեղճ հայն է, որն «ամենայն արդարացի իրավունքով գրավում է» Նալբանդյանի ուշադրությունը։ Ուխտադրուժ, փիլիսոփա ասված փոխխոսնակներին ընդդեմ է ազգային ազատության առաջադիմության պայքարը, որին բոլոր կարողությունները նալբանդյանները նվիրում են «առանց և վայրկենական երկմտության»։ Այնուամենայնիվ, թեև նալբանդյանականությունը նրանց դեմ է, բայց անազգային փոխխոսնակուհին իր թիմով հանդերձ նալբանդյանական ազգային հիմնը լսելիս ոտքի է կանգնում։

Մեկ մահ ունեցող այդ պատգամավորներին ոտքի է հանում «երանի, ով յուր ազգի ազատության կզոհվի» գաղափարը, բայց այդ միտքը նրանք հետադիմություն են կոչում։

Ահա, սա՛ է հետադիմությունը, հետամնացությունը և քաղքենիությունը, տգիտությունը, կեղծավորությունը, երկերեսանիությունը, երբ ոտքի ես կանգնում այն գաղափարի համար, որը կոչում ես հետադիմություն ու վնասակար։ Այն, ինչը քեզ ոտքի է կանգնեցնում, եթե դրժես, ծնկի կիջեցնի։ Եվ առաջադիմականն է երդումը չդրժելը, ոտքի ելնելը այն գաղափարների համար, որոնց կրողն ես։ Ոտքի՞ է հանել ազգի ազատության համար զոհվելու գաղափարը, հետևաբար, դա՛ է առաջադիմությունը, ոտքի հանողն է առաջադեմը։

Ոտքի՞ է ելել Նալբանդյանի գրած մտքերի ներքո, ուրեմն փոխխոսնակուհին ինքն իրեն պիտի մատով ցույց տա՝ որպես 18 կամ 38 տարեկան զավակ, կամ մայր, ում հաշվին արվելու է դա. ով երդում է տվել, որ իր շնորհիվ է ազգային ազատության պայքարը առաջ գնալու՝ առաջադիմելու։

Ու տարբեր տարիքի ուստրերի և դուստրերի, մայրերի և հայրերի ազգային առաջադիմության պայքարում կա պատասխան փոխխոսնակուհուն և ազգային ազատության պայքարից հետ մնացած՝ հետամնաց իր թիմին, այնպես, ինչպես Նալբանդյանն է պատասխանում Ապոլլոնին․

Ես կընդունիմ կամակար,

Թե բախտ անգութ ոխերիմ

Մատռվակե թույն, լեղի

Յուր սափորից, ինձ բաժին։

Բայց ո՛չ երբեք պիտ’ սողամ

Ոտքիդ տակում ինչպես շատ

Մարդիկ, որ չեն իմանում,

Թե էակներ են ազատ։

Ու քանի որ փոխխոսնակուհու համար էական է տարիքը շեշտելով իր հետամնաց խղճին համոզմունք տալը, ապա պիտի ընդգծվի, որ այդ տիկինը 37 տարեկան էր, երբ դուրս սպրդեց հաղթանակի մասին հետադեմ միտքը, իսկ Նալբանդյանը 37-ը չբոլորած թոքախտից մահացավ աքսորավայրում՝ թողնելով պատգամը հետամնացների դեմ առաջադեմ պայքարի։

* Փոխխոսնակուհու անունը չեմ հիշատակում, քանի որ հոդվածագրիս մատները չեն տպում ազգային հետադիմական արհավիրքի հեղինակներին տրված հայկական անուն ազգանունները։

**Փոխխոսնակուհին ««Աշխատանքի» բնույթի փոփոխությունը անտիկ շրջանից մինչև հետարդիություն» հոդվածում մեջբերում է ֆրանսիացի փիլիսոփա Ալեն դը Բենուային՝ նշելով, որ աշխատանքը մեղքի հետևանք չէ, այլ մեղքի պատճառով է աշխատանքը դառնում տաժանակիր։ Այս տրամաբանությամբ, հետաքրքիր է, թե ինչ մեղք է գործել փոխխոսնակուհին, որ ըստ նրա, իր աշխատանքն այնքան տաժանակիր է, որ դարձել է մտավոր ու ֆիզիկական կարողությունների շահագործում։ Մի մեղքը հայտնի է՝ ուխտադրժությունը։

Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728