Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես չեմ ճանաչում Փաշինյաններին, Աղազարյաններին, Բեղլոյաններին․ նրանց «յան» ազգանունն ինձ ամեն վայրկյան խաբում է»․ Սերժ Սրապիոնյան

Փետրվար 03,2021 20:00

Այսօր Գյումրիում տեղի ունեցավ «Ձայն հայրենեաց» նախաձեռնության ներկայացուցիչների հանդիպումը Շիրակի մարզի մտավորականների հետ։ Հիշեցնենք, որ այս նախաձեռնությունը մտավորականների կամավոր միություն է, որի շուրջ հավաքվել են մեր հայրենիքի ճակատագրով մտահոգ մշակույթի, գիտության, կրթության ոլորտի 300-ից ավելի ներկայացուցիչներ։ Նրանք քննարկեցին երկրի վիճակը, ներկայացրեցին առաջարկներ։

Գրականագետ, ԵՊՀ դասախոս, դոցենտ Սերժ Սրապիոնյանն իր ելույթում ասաց․ «Ձայն հայրենեաց»-ը լավ օրից չէ, որ ստեղծվել է․ «Ձայն հայրենեաց»-ը մեր բոլորի մեջ կա։ Մենք զբաղվում էինք մեր ստեղծագործական աշխատանքով և դրանից հաճույք էինք ստանում։ Փակեցին մեր ստեղծագործական աշխատանքի հնարավորությունները․ մեր ուսերին, մեր հոգու մեջ բարդեցին տասնյակ հազարավոր երիտասարդների խեղված ճակատագիրն ու սպանված կյանքը։

Այսօր մենք առնչվում ենք մեր պապերի նման  15 թվականին մորթված սերունդների դժվարին ճակատագրի հետ հաշտվելու ծանր ընթացքին։ Ես մեծ երկրաշարժի բոլոր զոհերից հայցում եմ ներողություն, բայց հավատացեք այս մի  ցավը մի քիչ կարծես ավելին է, որովհետև երկրաշարժը մեզ չգցեց հուսահատության գիրկը։ Մենք շատ լավ հասկանում էինք, որ երկրաշարժի զոհերին վերադարձ չկա, մենք շատ լավ գիտեինք, որ փլուզվեցին ծննդատներ, որտեղ աչքը բացած մեր մանուկները՝ 2-3 օրական, չկարողացան վերադառնալ կյանք։ Շատ լավ հասկանում էինք, բայց այդ ծննդատները չէին ռմբակոծվել հատուկ նշանառությամբ, չէին ռմբակոծվել թշնամու կողմից։ Դա բնական աղետ էր, իսկ բնական աղետի դեմ ողջ մարդկությունն է անզոր։

Այս աղետը, որ մենք բարդեցինք մեր գլխին, այս աղետի դեմ մենք անզոր չէինք, պիտի կանխեինք և չկարողացանք։ Չկարողացանք, որովհետև հավատացինք ստին, հավատացինք կեղծ գաղափարաբանությանը, հավատացինք ճշմարտանման խաբեությանը և կուրորեն գնացինք այն ճանապարհով, որտեղ մեզ առաջնորդեցին անգաղափար այս մարդիկ։ Ավելին պիտի ասեմ, գուցե նաև թշնամական գաղափարներով տոգորված մարդիկ»։

Գրականագետն ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, որ իրականացվել է մեր  18-20 տարեկան ջահել տղաների կոտորած․ նրանց  համազգեստով, առանց պաշտպանական միջոցների, տարել, լցրել են բաց դաշտերը, ու թշնամուն ուղղորդել դեպի այնտեղ։

«Ես իմ ասած ամեն բառի տակ կստորագրեմ, թող տանեն ինձ պատասխանատվության, բայց ցավն իմ հոգու ներսում է, իմ անձնական ցավը, որը ցավն է բոլոր հայ ջահելների։ Մարդը, եթե այսօր՝ ժպիտը դեմքին, ես պիտի ասեմ՝ ծամելով խոսում է անհայտ կորածների մասին, որոնց ճակատագրի պատասխանատուն ինքը պիտի լիներ, ես այդ մարդու հետ չեմ կարող հաշտվել»,- ասաց Սերժ Սրապիոնյանը։

Ըստ բանախոսի, չակերտավոր ասած՝ ընտրյալների ներկայացուցիչները սկսել են նոր մանիպուլյացիաներ անել։

«Խոսում են մեր թշնամիների հետ հեռակապով և հայտարարում են, որ  մենք՝ իբրև ժողովուրդ, անընդհատ մեր գրականության ու պատմությունից հղումներ ենք անում, մինչդեռ ժամանակն է, որ մոռանանք, թե ով սկսեց պատերազմը, թե ով է տուժել այդ պատերազմում։ Եվ ամեն ինչ պիտի սկսենք այս բարեկամությունից մեր թշնամու հետ, երբ որ մեր երեխաները դեռ դաշտերում, իրենց աճյունները դառնում են հող, երբ որ մեր գերիներն ադրբեջանական բանտերում ենթարկվում են ավելի անմարդկային տառապանքների, քան գերմանական համակենտրոնացման ճամբարներում հրեաներին էին տանջում։ Ու այս մարդկանց հետ մեզ քարոզում են բարեկամություն։ Այն էլ այն դեպքում, երբ բարեկամության ձեռքը չենք չեն մեկնում, ավելին մերժում են»։

Ըստ գրականագետի, այդ «հպարտ ուղենիշով» ոտնահարեցին մեր ինքնասիրությունը, արժանապատվությունը, և այն դեպքում, երբ աշխարհին տվել ենք 5000-ից ավելի հանգուցային գյուտեր, իսկ այսօր գլուխներս կախ՝ քոչվորների առաջ քայլում ենք։

Սերժ Սրապիոնյանն ասաց, որ սա աղետ է, ու այն շարունակվում է՝ մեր սահմանները  խորհրդային հողաչափերի մետրով մոտավոր չափումներով թշնամուն տալով։

Նա նաև նշեց, որ հրադադարից հետո կոնկրետ Շիրակի մարզից 62 զինվոր են գերեվարվել, մինչդեռ այս իշխանությունները 18 գերեվարված թուրքի վերադարձնում են՝ առանց որևէ պայմանի։

«Գիտե՞ք ինչու, որովհետև ոչ թե նրանց չի հետաքրքրում այս մարդկանց ճակատագիրը, նրանց առհասարակ չի հետաքրքրում հայության ճակատագիրը, ոչ միայն այս գերյալների։ Այս վերադարձողները նրանց համար գլխացավանք են, այս վերադարձողները ճշմարտություն են բերելու իրենց հետ։ Ու որպեսզի այդ ճշմարտությունը չհասնի թմրած զգայարաններով մարդկանց, որ կարող է  արթնացնել, հիպնոսի մեջ հայտնված մարդկանց, որ կարող է արթնանան, դրա համար  նրանք հնարավոր ամեն ինչ անում են, որպեսզի գերյալներին մենք չվերադարձնենք»,-ասաց Սերժ Սրապիոնյանը։

Նա նշեց, որ չպիտի մեղադրեն իրենց քաղաքականությամբ զբաղվելու համար, իրենք քաղաքականությամբ  չէին զբաղվում մինչ այս աղետավոր 44 օրը, բայց  ստիպեցին, որ զբաղվեն, և չկա այլ ճանապարհ, քան մարդկության աղբն աղբանոցը նետելը։

Ըստ նրա, հայոց գահի ամենաբարձր աթոռը զբաղեցնող անձն ու նրա մանկլավիկները, որոնք քծնելով ու օտար լեզուն կիրառելով ոտնատակ են տալիս հայոց արժանապատվությունը, պիտի հեռանան։

«Եվ ես արդեն՝ իբր մտածող մարդ, իրավունք ունեմ եզրահանգելու․ գլխավոր, գերագույն նպատակը հայության ոչնչացումն է՝ այս մարդկանց ձեռքով։ Որքան էլ պարադոքսալ հնչի իմ միտքը, ինձ համար ավելի ընդունելի է Ալիևի և Էրդողանի տեսակ թշնամին, որին ես ուղնուծուծով ճանաչում եմ, որի հետ ես գործողությունները ճանաչելու հիմքով կարող եմ կարգավորել։ Ես չեմ ճանաչում Աղազարյաններին և Բեղլոյաններին, ես չեմ ճանաչում Փաշինյաններին և նրանց արբանյակներին, և նրանց «յան» ազգանունն ինձ ամեն վայրկյան խաբում է։ Եվ ամեն վայրկյան այդ «յան» ազգանունի պատճառով, «յան»-ով վերջացող այդ ազգանունի պատճառով ես սայթաքում եմ», -ասաց Սերժ Սրապիոնյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728