Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանի համայնքային գրադարանի շենքը հանձնվել է կենտրոնական բանկին, իսկ գրադարանը մնացել անմխիթար վիճակում

Փետրվար 03,2021 19:30

Համայնքապետարանը գրադարանի շենքը մոտ 6 տարի առաջ անվարձահատույց տրամադրել է Կենտրոնական բանկին, որը վերանորոգել է այն և մի քանի տարի օգտագործելուց հետո ամբողջությամբ փոխանցել Սիմոնյան կրթական հիմնադրամին (Թումոյին):

Դիլիջանի Աղայանի անվան կենտրոնական գրադարանը հիմնադրվել է 1908 թվականին։

Գրադարանը, որը վերապրել է երկրաշարժ, պատերազմներ և դժվար ժամանակներ այժմ անմխիթար վիճակում է։

Գրադարանն իր ծաղկումն ապրել է արվեստագիտության դոկտոր Սերիկ Դավթյանի օրոք: 1974 թվականին հատուկ գրադարանի համար կառուցվել է չորս հարկանի տիպային շենք, որտեղ գրադարանն ընդունել է մի շարք ականավոր գրողների և կազմակերպել է բազմաթիվ գրական միջոցառումներ։

1988 թվականի երկրաշարժի ժամանակ վնասվել են շենքի հիմնապատերը, ինչի պատճառով գրադարանն իր աշխատակիցների հետ միասին տեղափոխվել է Դիլիջանի նախկին Մշակույթի պալատի կիսաքանդ շենք՝ հույսով, որ վերանորոգումից հետո կվերադառնան իրենց մշտական տարածք։

Սակայն Համայնքապետարանը գրադարանի շենքը մոտ 6 տարի առաջ անվարձահատույց տրամադրել է Կենտրոնական բանկին, որը վերանորոգել է այն և մի քանի տարի օգտագործելուց հետո ամբողջությամբ փոխանցել Սիմոնյան կրթական հիմնադրամին (Թումոյին):

Չնայած նրան, որ Դիլիջանի և Կենտրոնական Բանկի միջև կնքված պայմանագրերի կետերից մեկը պարտավորեցնում էին վերջինիս շենքի վերանորոգումից հետո հարկերից մեկը վերադարձնել համայնքային գրադարանին, սակայն պայմանագրային այդ կետն այդպես էլ չի իրականացվել և համայնքային գրադարանը մնացել է Մշակույթի պալատի կիսաքանդ շենքում, իսկ Թումոն վերանորոգված շենքի երկրորդ հարկում նոր գրադարան է ստեղծել։

Համայնքային գրադարանում արդեն 46 տարի աշխատող Հասմիկ Հակոբյանը պատմում է, որ սկզբում իրենք Մշակույթի պալատի առաջին հարկում էին, որտեղ պայմաններն ավելի անբարենպաստ էին։

«Տնօրենի ջանքերի շնորհիվ մենք կարողացանք տեղափոխվել երկրորդ հարկ, որտեղ ինչ-որ չափով ավելի բարենպաստ են պայմանները։ Այս տարի Դիլիջանի համայնքապետարանը խոստացել է վերանորոգել գրադարանի տարածքը։ Հուսով ենք կանեն»,- մեզ հետ զրույցում ասաց գրադարանի սպասարկման վարիչ Հասմիկ Հակոբյանը։

Մինչ օրս շենքը չունի ջեռուցման համակարգ, գոնե մեկ վերանորոգված սանհանգույց, իսկ առաստաղը խոնավությունից քանդվում է։ Սենյակներից մեկում անգամ հնարավոր չէ կաթոցներից առաջացած ջրակույտերի միջով քայլել։

Գրադարանի աշխատակիցները նշում են՝ կաթոցներից պաշտպանելու համար որոշ սենյակներում իրենք գրքերը տոպրակներով են ծածկում։

Չնայած անբերանպաստ պայմաններին գրադարանը շարունակում է գոյատևել։ Աշխատակիցներն անգամ ցրտին փոքրիկ վառարանով մի սենյակում հավաքված փորձում են պահպանել ամենահին գրադարաններից մեկի գոյությունը։

Ի դեպ, չնայած այն փաստին, որ գրադարանի նախկին շենքը համարվում է տեղական նշանակության պատմամշակութային հուշարձան, Սիմոնյան կրթական հիմնադրամին հաջողվել է շենքի ճարտարապետական կառուցվածքը փոխելու և նոր հարկ ավելացնելու թույլտվություն ստանալ։

Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728