Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արարատի մարզ, Արտաշատ քաղաքում շրջել է փողոցներով, շփվել քաղաքացիների հետ։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի ֆեյսբուքյան էջից։
Հինգ րոպեանոց այդ տեսանյութում մարդիկ ողջունում եւ դրական խոսքեր են ասում Նիկոլ Փաշինյանին։
«Հրապարակում պետք է մի հատ իշաոտնուկ սարքեն՝ սաղ նստեն վարչապետ աշխատեն»,-Փաշինյանին ողջունելուց հետո ասաց մի քաղաքացի։ Մեկ այլ քաղաքացի էլ ասաց․ «Դավաճանները նրանք են, ուտողը, լափողը նրանք են, դավաճանը նրանք են, քեզ են թշնամի սարքում, թշնամին իրանք են»։
Մի երիտասարդ էլ ներկայացավ որպես պայմանագրային զինծառայող, եւ Փաշինյանին խնդրեց․ «Լավ ղեկավար եք, կյանքում մեզ մենակ չթողնեք»։
Կարդացեք նաև
Մի տարեց քաղաքացի էլ վարչապետին դիմեց հեռուստաընկերություններից մեկը փակելու խնդրանքով․ «Արմնյուզը փակեք»։ «Դուք փակեք, պուլտը ձեր ձեռն է»,-պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։ «Մենք չենք կարում»,-արձագանքեց նույն քաղաքացին։
Վարչապետը առեւտրի եւ սննդի սպասարկման կետերում խոսելով սեփականատերերի հետ, պարզեց՝ բիզնեսի շրջանառությունը պակասել է, հետեւաբար նաեւ եկամուտը։ Բայց Նիկոլ Փաշինյանը նրանց հույս տվեց՝ կամաց-կամաց կլավանա։
Մի խանութում, որտեղ գնորդ չկար, վարչապետը սեփականատիրոջը հավանաբար «դուխ» տալու համար ասաց․ «Ռուսաստան մեկնելու ճանապարհները, որ բացվեցին, մի հետաքրքիր բան նկատեցինք՝ առաջին օրը ավելի շատ եկել են, քան գնացել։ Լիքը մարդ կա, որ էնտեղ աշխատում են, որ մի տարի է՝ չեն եկել։ Մտածում ենք՝ կանոնավոր չվերթները որ բացվեն, կսկսեն գալ, ու փող կծախսեն գոնե»։
Նիկոլ Փաշինյանն, ինչպես տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից, այսօր Արարատի մարզպետարանում խորհրդակցություն է անցկացրել, քննարկել են 2020 թվականին իրականացված աշխատանքների արդյունքներն ու առաջիկայում նախատեսվող ծրագրերը:
Վարչապետը նշել է, որ նման քննարկումները բոլոր մարզերում պետք է անցկացնեն։
Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ