Լրահոս
Օրվա լրահոսը

Վերա Գրիգորյան․ Անհետ կորածների հարազատները ոչինչ չեն կարող անել․ ամեն ինչ կառավարության ձեռքերում է (ֆոտոշարք)

Փետրվար 03,2021 18:00

Պատերազմի օրերին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում վնասվել է նաև «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության» շենքը։ Վնասվել են շենքի պատուհանները և պատերը։ Եվ չնայած շենքում ընթացող վերանորոգման աշխատանքներին՝ միության նախագահ Վերա Գրիգորյանը շարունակում է աշխատանքը։

Տիկին Վերան մխիթարվում է այն փաստով, որ պատերազմի ժամանակ չի վնասվել տարիների ընթացքում հավաքած իր արխիվը, որտեղ կա տեղեկատվություն՝ արդեն երեք պատերազմների ընթացքում անհետ կորածների մասին։ Իսկ մնացած աշխատանքները անհետ կորածների հարազատների օգնությամբ կատարել են։

«Ցավոք, անհետ կորածների թիվն ավելացել է։ Փոխանակ արցախյան պատերազմի ժամանակ անհետ կորածների թիվը պակասեր, ճակատագրերը պարզվեին, որը ողջ է՝ վերադարձնեին, որը չկա՝ իսկությունը որոշեին։ Հիմա էլ, ես դաժան մսաղաց կասեի, ոչ թե պատերազմ, այդ ժամանակ էլ մի քանի անգամ ավելացավ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց տիկին Վերան։

Նրա խոսքով՝ անհետ կորածների հարազատները ոչինչ չեն կարող անել․ ամեն ինչ կառավարության ձեռքերում է․ «Իհարկե՛, պետք է աշխատենք, պետք է քարուքանդ եղածը վերանորոգենք, արարենք, հաղթահարենք, պայքարենք, դիմանանք և դիմակայենք, գոյատևենք ու գոյատևեն նաև մեր դիմացինները։ Ահա այսպիսի հույսեր ենք տալիս, որովհետև ես էլ այդպիսի մայր եմ։ Տանս ճրագը կտրված՝ առ այսօր մնացել եմ ականջս՝ ձայնի, աչքս՝ ճանապարհին սպասելով։ Գալիս են մայր Հայաստանի տարբեր շրջաններից, գալիս են մեր Արցախի տարբեր շրջաններից անհայտ կորածների հարազատները ջղայնացած, բարկացած կամ նեղված, հուսահատված, զրուցում ենք, կիսվում ենք։ Արդեն, որ բացատրում եմ՝ ինքս էլ այդպիսի մայր լինելով, մի տեսակ սրտապնդված, գոտեպնդված, սթափված, կարծես արդեն խամրած աչքերում լույսի կտոր բացված գնում են։ Պատկերացրեք, զարմանում եմ, որ գոհ են գնում։ Թեկուզ անհայտ կորածների հարազատներ գոհ են գնում, որովհետև իրենց առջև ես կենդանի օրինակ եմ, վկայություն եմ տալիս, որ ի՞նչ անենք, պատերազմը ունի իր չար, դաժան օրենքները։ Այդ օրենքի ամենադաժան բաժինը մեզ է բախտ վիճակվել, պիտի դիմակայենք և հույսով ու հավատով, մեր իշխանությունների հետ համագործակցելով, որոնք այդ գծով են՝ հանրապետական հանձնաժողովի, Կարմիր խաչի, գերագույն հրամանատարների հետ, պետք է հույսով սպասենք»։

Տիկին Վերան ասում է, որ իրենց միություն ծնողները մեծ խմբերով են գալիս ոչ միայն Արցախից, այլ նաև Հայաստանի Հանրապետության տարբեր հատվածներից։ Իրենք վերցնում են անհետ կորածների կենսագրական տվյալները, տեղեկանքներ են վերցնում, պատրաստում են փաստաթղթերը, որպեսզի հանձնեն համապատասխան մարմիններին։

Նա համարում է, որ քաղաքական մեծ սխալ է բոլորը բոլորի հետ փոխանակելը․ «Մենք ոչ թե հավատում ենք, այլ մարդկային ժեստ ենք անում։ Մեր այդ դիվանագիտությունը համարել ենք մարդկային, բայց իրենք այդպես չեն համարում, իրենք խաբուսիկ ձևով են անում։ Ինչպես խաբուսիկ ձևով պատերազմը փաթաթեցին մեր վզին, նույնպես էլ դա են անում»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728