ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Հայաստանի մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչներին:
Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալը խոսել է սերտ համագործակցության անհրաժեշտության, համատեղ ծրագրերի ընդլայնման և ֆեդերացիաների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու տարբերակների մասին: Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ պատերազմի և կորոնավիրուսի համավարակի հարուցած դժվարությունները շատ են, սակայն հանձնվելը մարզաշխարհին բնորոշ չէ, ուստի համատեղ ուժերով հնարավոր կլինի դիմակայել մարտահրավերներին. «Սա մեր առաջին հանդիպումն է և համատեղ աշխատանքի սկիզբը: Պատերազմը, համավարակը, տնտեսական խնդիրներն անհետևանք չեն մնացել նաև սպորտի ոլորտի համար: Կան դժվարություններ, բայց հետևողական և տքնաջան աշխատանքի շնորհիվ կկարողանանք վերականգնվել, ապա առաջընթաց գրանցել»:
Հաջորդիվ ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է ոլորտի կարգավորմանն ուղղված իր ծրագրերը, անդրադարձել առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավոր տարբերակներին: Կ. Գիլոյանն ընդգծել է, որ չափազանց կարևորում է միջազգային համագործակցությունների ընդլայնումը և միջազգային սպորտային կառույցներում մեր երկրի ներկայացվածությունը:
«Պետք է վերականգնենք մեր երբեմնի ավանդույթները և ներկայացուցիչներ ունենանք միջազգային կառույցներում, ֆեդերացիաներում: Այդ ներկայացվածությունը միմիայն դրական է ազդելու մեր մարզիկների՝ միջազգային հարթակներում ելույթների և մեր երկրի հեղինակության բարձրացման վրա: Նախարարությունն առաջիկայում կսկսի աշխատանքներն այդ ուղղությամբ՝ համակարգելով միջազգային կառույցների հետ ձեր կապերը»,- ասել է նախարարի տեղակալը և հավելել, որ միջազգային ասպարեզում լավագույնս ներկայանալու համար պարբերաբար կազմակերպվելու են սեմինարներ և վերապատրաստումներ մարզչական, մրցավարական և տեխնիկական անձնակազմերի համար:
Կարդացեք նաև
Կ. Գիլոյանը ֆեդերացիաների ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ շուտով ստեղծվելու է Օլիմպիական խաղերին նախապատրաստվող մարզիկներին հոգեբանական ծառայությունների տրամադրման խումբ. «Մարզիկները, հատկապես նախամրցումային փուլում գտնվողները չեն կարող չունենալ հոգեբանական խորհրդատվության կարիք: Բացի դրանից՝ շուտով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում կգործի մարզիկների համար առանձնացված մասնաշենք, որտեղ նրանք կանցնեն անհրաժեշտ ստուգումները և կստանան պատշաճ բուժումներ»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ իր ուշադրության կենտրոնում են նաև Հայաստանի առաջնությունները մարքեթինգային տեսքի բերելու և դրանով իսկ ֆեդերացիաների ֆինանսական հնարավորություններն ընդլայնելու, վարպետության բարձրագույն դպրոցը վերականգնելու, հավաքական թիմերի բարձրակարգ մարզահագուստի հետ կապված հարցերը, իսկ հեռակա ծրագրերում է միջազգային պահանջներին համապատասխան մարզահամալիրներ ունենալը, ինչը թույլ կտա Հայաստանում հյուրընկալել խոշորագույն մարզական միջոցառումներ:
Հանդիպման ավարտին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կ. Գիլոյանը պատասխանել է ֆեդերացիաների ներկայացուցիչների հարցերին և տեղեկացրել, որ առաջիկայում նախատեսում է նրանց հետ ունենալ նաև առանձին հանդիպումներ, որոնց ընթացքում կլինեն առավել հասցեական քննարկումներ:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ