Անհայտ ծագման աղբյուրներին հղում տալու արգելքն ընդունելի չէ և արդյունավետ չի կարող լինել։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասում է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին, համաձայն որի՝ լրատվամիջոցներին արգելվում է հրապարակել տեղեկատվություն՝ հղում կատարելով անհայտ ծագման էջերին կամ ալիքներին։
Ըստ Նավասարդյանի՝ սա բացի անիմաստ սկանդալներից, այլ բանի չի կարող հանգեցնել։
Ինչ վերաբերում է նախագծի հեղինակների պնդումներին, թե սա արվում է, որպեսզի ավանդական լրատվամիջոցներն ու անհայտ ծագման աղբյուրները հանրության աչքում մեկ հարթության մեջ չդրվեն, Նավասարդյանն ասում է․ «Ոչ թե օրենսդիր մարմնի ներկայացուցիչները պետք է մտածեն ավանդական լրատվամիջոցների համբավի մասին, այլ դա լրատվամիջոցների գործն է, թե ինչպես են իրականացնում կոմունիկացիան սպառողների հետ»։
Նավասարդյանի խոսքով՝ առաջարկվող նախագծում փոփոխությունն այն մասին է, որ դու կարող ես տեղեկությունից օգտվել, բայց աղբյուրին չես կարող հղում կատարել․ «Սա ես աբսուրդային լուծում եմ համարում, որևէ բանի չի կարող նպաստել, ամեն դեպքում պատասխանատվությունը պիտի լինի կոնկրետ բովանադակության համար, այլ ոչ թե աղբյուրի օգտագործման համար»։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: