Լրահոս
Օրվա լրահոսը

«Լրատվամիջոցներին ուղղված ականներ չկան, ականներ կան միայն անանուն աղբյուրների համար». Արթուր Հովհաննիսյան

Փետրվար 03,2021 17:25

«Նախագիծը, մեր գնահատմամբ, օգնելու է տարանջատել բարեխիղճ լրագրողներին, բարեխիղճ լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպություններին անհատ կազմակերպություններից, որոնք այսօր երբեմն ավելի հայտնի են, քան հենց բուն լրատվական գործունեություն ունեցող կազմակերպությունները»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

Լրագրողների հարցերը վերաբերվում էին իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հեղինակած «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին, որով առաջարկվում է արգելել լրատվամիջոցներին` անանուն աղբյուրներին հղում կատարել:

Պատգամավորը պնդում է՝ լրատվական դաշտը պետք է մաքրել ոչ լրագրողական կազմակերպություններից: Իր գնահատմամբ՝ դրանք խնդիրներ են առաջացնում բարեխիղճ լրատվությամբ զբաղվողների համար: Բացատրում է․«Ի՞նչ է տեղի ունենում այսօր Հայաստանում։ Կան լրատվական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններ, որոնք նույնականացվում են, մարդիկ ճանաչում են, ունեն խմբագրակազմ, լրագրողներ, խմբագիրներ, օպերատորներ, ովքեր առավոտից երեկո քրտնաջան աշխատանք են կատարում, որ հանրությանը ներկայացնեն հավաստի տեղեկություններ։ Եվ հանկարծ այդ ամբողջ աշխատանքին զուգահեռ, հայտնվում են, օրինակ, տելեգրամյան ալիքներ, ֆեյսբուքյան էջեր, որոնք, որեւէ տիպի աշխատանք չկատարելով, գեներացնում են տեղեկատվություն, հետո այդ տեղեկատվությունը հայտնվում է իրական լրատվամիջոցների էջերին։ Եվ այդպիսով՝ իրական լրատվամիջոցները սկսում են փաստացի գովազդել աղբյուրների, որոնց ծագումնաբանության մասին ընդհանրապես որեւէ մեկը տեղեկություն չունի»:

«Եթե մենք չենք գովազդում մաքսանենգությամբ զբաղվողներին, ապա ինչո՞ւ ենք գովազդում մաքսանենգ ճանապարհով մեդիա արտադրանքը մեդիատիրույթ բերողներին։ Հետեւաբար, այս խնդիրն արձանագրելուց հետո գալիս ենք լուծմանը։ Պետությունն ունի պարտավորություն՝ փակելու բոլոր մաքսանենգ ճանապարհները, որոնք իրենց մեջ ռիսկեր են պարունակում։ Մենք ֆիքսում ենք անանուն աղբյուրները, որոնք համացանցում գրանցված կայք են, համացանցային կայքի օգտահաշիվ կամ ալիք ունեն, որի տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից»,- ասում է իշխող ուժի պատգամավորը։

Հաջորդիվ, ըստ նրա, պետք է արձանագրել, որ լրատվամիջոցները չեն կարող հղում կատարել նմանատիպ աղբյուրներին. «Բայց այստեղ շատ կարեւոր է, որ մենք չենք արգելում վերարտադրել այս աղբյուրների տեղեկատվությունը։ Մենք ասում ենք՝ եկեք չգովազդենք այնպիսի աղբյուրների, որոնց ծագումնաբանության մասին որեւէ մեկը տեղեկություն չունի»: Հովհաննիսյանը պարզաբանում է, որ այսպիսով չի սահմանափակվում տեղեկատվություն տարածելու իրավունքը, եւ խոսքը լրատվամիջոցների գաղտնի աղբյուրների մասին չէ։

Հարցին՝ ինչպե՞ս առաջացավ այս նախագիծը առաջարկելու գաղափարը, Արթուր Հովհաննիսյանն պատասխանեց. «Պատերազմի օրերին բազմաթիվ էին աղբյուրները, որոնք ղեկավարվում էին դրսից, որոնց թե՛ ստեղծման նպատակը, թե՛ տարածված տեղեկատվության բովանդակությունը բազմաթիվ խնդիրներ էր առաջացնում երկրում՝ ստեղծելով անկայունության եւ վախի մթնոլորտ, նման աղբյուրների գովազդումը հայկական ռեսուրսների կողմից նպաստում է նրան, որ հանրությունը այդ աղբյուրներին սկսում է նույնականացնել լրատվական գործունեություն իրականացնողների հետ»։

Նախագծի հեղինակը վստահեցնում է`«համառ պայքար» է մղելու, որպեսզի անանուն աղբյուրներին հղում չտալու կետն օրենքի ուժ ստանա. «Լրատվամիջոցներին ուղղված ականներ չկան, ականներ կան միայն անանուն աղբյուրների համար»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728