Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Փաշինյանը «Կոկորդիլոսաբույծին» պաշտոնի նշանակելով, մյուսին մի տեղից այլ տեղ տանելով, պատրանք է ստեղծում, գործ է անում». Գեղամ Նազարյան

Փետրվար 03,2021 16:48

«Այն, ինչ կասեմ՝ հուզական հայտարարություն չէ: Մեր տղերքը մեզնից ամեն օր պահանջում են, որ մենք անենք այն ամեն ինչը, որ այս երկիրը ողնաշարն ուղղի, որ իրենց թափած արյունը հենց այնպես չանցնի գնա»,-այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Գեղամ Նազարյանը, որը նաեւ «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության համակարգողն է:

Նրա խոսքով՝ «Եթե Նիկոլին թվում է՝ «կոկորդիլոսաբույծին» տանում է Գույքի կառավարման կոմիտեի ղեկավար նշանակում, հետո մյուսին մի տեղից տանում է այլ տեղ, պատրանք է ստեղծում, որ ինքը գործ է անում, մենք գիտենք, որ ինքը չի տիրապետում իշխանությանը, որ այս երկիրն անտեր է, խայտառակ վիճակի մեջ է ու չգիտեմ՝ ինքը տերերի պահանջով, թե վախից կառչել է իշխանությունից»:

Գեղամ Նազարյանը գտնում է, որ մեր պետության առանցքը դառնալու են զոհված զինծառայողների ծնողները, պատերազմի միջով անցած տղաները, որոնք հերոսաբար ամեն ինչ արեցին, որ «մեր թշնամիների ծրագիրը ձախողվի». «Ես ուզում եմ հատուկ նշել՝ ծրագրված է եղել, որ ոչ միայն Շուշին հանձնվի, որի համար ամեն հանցագործություն ու դավաճանություն արվեց, այլեւ Ստեփանակերտը, Մարտակերտը… մեր հերոս տղաների ջանքերով մենք փրկեցինք Արցախի այս մի հատվածը, որը մեր ոտքի տեղն է դառնալու հետագա զարգացման համար: Իլհամ Ալիեւը մեզնից լավ է հասկանում ու ճանաչում մեզ: Նա գիտի, դրա համար մեզնից շատ է վախենում ռեւանշից, ուզում եմ ասել՝ ռեւանշը միայն այնպես չէ, որ մեր թուրը կապելու ենք ու վազենք մարտի դաշտ, ռեւանշը լինելու է հզոր պետություն կառուցելով, հզոր երկիր պետք է դառնա Հայաստանը»: Ասաց, որ անում եւ անելու են այնպես, որ երկրում ցանկացած քիչ թե շատ նշանակալի քայլ կամ գործողություն արժանանա իրենց հավանությանը. «Առանց մեր հավանության այս երկրում որեւէ քաղաքական կամ տնտեսական քայլ չի կարող լինել»:

Ըստ Գեղամ Նազարյանի՝ դրա համար առաջին քայլն իշխանափոխությունն է. «Քաղաքական բոլոր ուժերը, մտավորականները պետք է հասկանան, որ այս երկրում արդեն իրավիճակ է փոխվել, եւ առանցքը դարձել են այս պատերազմն անցած, Արցախի մի հատվածը փրկած զինվորականներն ու զինվորները, զոհված տղաները, մենք այսօր ապրում ենք՝ մեր տղերքի պատգամը կատարելով»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728