Լրահոս
Օրվա լրահոսը

Անուշ Բեղլոյան. Փաշինյանը զբաղված է, դրա համար էլ Արցախ չի այցելում

Փետրվար 03,2021 16:29

Հայաստանի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը վստահ է, որ այսօր մեր անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները, մեր ռազմավարական բարեկամները և մեր զինված ուժերը: Մենք այդ ժամանակը, որը Բեղլոյանը զինադադար է որակում, եւ որը կարող է լինել երկար խաղաղ ապրելու սկիզբ, պետք է օգտագործենք մեր խնդիրները լուծելու, ռազմական ուժ ձեռք բերելու համար, կառուցենք հզոր երկիր: Այս մասին Բեղլոյանն ասաց այսօր լրագրողների հետ զրույցում:

Բանախոսի կարծիքով, նրանք, ովքեր փորձում են այդ խաղաղության ժամանակահատվածում կոչեր անել անհապաղ կամ շուտափույթ պատերազմի, մեզ սպառնում են պատերազմով՝ աշխատում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգով:

Իշխանական պատգամավորը կարծում է, որ քանի դեռ Թուրքիան զորավարժություններ է իրականացնում, չի կարող մեզ համար վստահելի գործընկեր լինել. «Այս պահին յոթից ավել շրջանները պատերազմով հանձնված են Ադրբեջանին: Այս պահին մենք Արցախի բնակչության համար պետք է ապահովենք այնպիսի մթնոլորտ, որպեսզի մարդիկ առանց վախենալու ապրեն Արցախում, և այդ տարածքը չհայաթափվի՝ ռուս խաղաղապահների աջակցությամբ»:

Ադրբեջանի հարցում էլ, պատգամավորը նույն կարծիքին է՝ քանի դեռ Ադրբեջանը շարունակում է հայատյաց քաղաքականությունը, պահում է մեր գերիներին, ապակառուցողական դիրք է բռնել, օրինակ՝ զորավարժությունները, ադրբեջանցիների և հայերի համակեցություն չի կարող լինել: Իսկ հարցին, թե ինչու Հայաստանին չի հաջողվում լուծել ռազմագերիների հարցը, Բեղլոյանը հարցով է պատասխանում. «Ես կարող եմ հարցնել, թե ինչու երեսուն տարի Հայաստանի իշխանությունները չեն կարողացել լուծել Ղարաբաղի հարցը: Գերիների վերադարձը երկարատև պրոցես է: Դուք կարող եք հետևել և՛ պաշտոնական հայտարարություններին, և՛ մեր ներկայացուցիչների աշխատանքին, և՛ ԱԳՆ-ի հաշվետվություններին: Այս պահին գերիների վերադարձի համար Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը բավականին մեծ է, նույնիսկ կարող եմ ասել՝ պատմության մեջ օրինակը չունի»:

Անուշ Բեղլոյանն անդրադարձավ նաեւ Շուշիի հայկական-ոչ հայկական լինելու մասին խոսակցություն-վեճերին. «Շուշին ինձ համար պատմական հայկական քաղաք է, որը հիմնադրվել է հայերի կողմից, որն Արցախի սիրտն է, հպարտությունը և գեղեցկությունն է, որը ռազմական պարտության ընթացքում անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ»:

Արցախյան երկրորդ պատերազմում մեր պարտությունից եւ ռուսական միջամտությամբ ռազմական գործողությունների դադարից հետո կարծիքներ են հնչել, որ արցախյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը, դե ֆակտո, դադարել է գոյություն ունենալուց: Անուշ Բեղլոյանը համաձայն չէ. «Ես հակված եմ հետևել Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի, հայտարարություններին: Քանի դեռ նրանք չեն հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս գալու մասին, նշանակում է, որ նրանց համար այդ ֆորմատն առաջնային է: Արցախի կարգավիճակը դեռևս առկա է կարգավորման՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների ֆորմատով: Հայաստանի համար սկզբունքային է, որպեսզի բանակցությունները շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ֆորմատով»:

Նոյեմբերի 9-10-ի կապիտուլյացիոն հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախ չի այցելել: Ըստ վարչապետի քաղաքական թիմի անդամ պատգամավորի՝ դա պայմանավորված է վարչապետի աշխատանքային գրաֆիկով: Մեր պատգամավորները բազմիցս գնացել են Արցախ: Անուշ Բեղլոյանն առաջարկում է վարչապետի Արցախ այցի մասին հարցը տալ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակին:

Անուշ Բեղլոյանի խոսքով՝ ճանապարհների ապաշրջափակումը քննարկման հարց է, չկա որեւէ պարտավորեցնող միջազգային փաստաթուղթ, իսկ հարցով զբաղվող հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խումբը չունի որևէ պարտավորեցնող կարգավիճակ, ընդամենը երկխոսությունների և քննարկումների հարթակ է եւ մենք ամեն վայրկյան կարող ենք համաձայնել կամ հրաժարվել:

Վերջում Անուշ Բեղլոյանը պնդեց, որ այսօրվա իշխանությունը ոչ թե Արցախն է հանձնել, այլ փլատակներ և փլուզված դիվանագիտություն է ժառանգություն ստացել եւ ի հավելումն. «Մենք ունեցել ենք բանակ, որի մարտունակությունը ավելի բարձր է գնահատվել նախկին իշխանությունների կողմից, քան իրականում եղել է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728