Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինին կտպավորի միայն Արևմուտքի համարժեք պատասխանը. արևմտյան մամուլի էջերում Նավալնիի գործն է

Փետրվար 03,2021 16:13

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի՝ պայմանական ժամկետը փոխելու որոշումը հայտնվել է արևմտյան հեղինակավոր լրատվամիջոցների էջերում: Դրանցից հատվածներ է առանձնացրել BBC-ն:

Բրիտանական The Guardian-ը գրում է, որ Նավալնին տեղ գտավ շատ մարդկանց, հատկապես երիտասարդ սերնդի սրտերում, որը մոտ երկու տասնամյակ մեծանում է մի երկրում, որտեղ առաջնորդները չեն փոխվում: Նրանցից հեռու է գերտերության նոստալգիան, և նրանք Պուտինին առավելապես դիտարկում են որպես կնքահայրը այն տզրուկների, որոնք կպել են ամեն ինչի, ինչով հնարավոր էր գումար աշխատել Ռուսաստանում, որոնք ճարպեր են հավաքում և փոխարենը ոչինչ չեն տալիս:

Պուտինը մնում է իր տեղում: Ռեժիմի ներսում պառակտման որևէ նշույլ չկա, ոչ էլ իշխանությունը պահելու ստուգված մեթոդներից՝ այլախոհության դեմ պայքարից, թշնամիներին պետական լրատվամիջոցներով վարկաբեկումից, ընտրությունների կեղծումից նահանջելու խթան: Բազմաթիվ ռուսներ կամ հավատում են Կրեմլի ազդակներին, կամ պարզապես անելանելիություն են զգում՝ ընկղմվելով ճակատագրապաշտության մշակույթի մեջ, գրում է պարբերականը:

Այնուամենայնիվ, Նավալնիի գործն անտարբեր չթողեց բազմաթիվ մարդկանց: Հոդվածի հեղինակ Ռաֆայել Բերի խոսքով՝ իր ծանոթ ռուսները պատմել են, որ դեռ շատ վաղ է խոսել, թե ինչով սա կավարտվի, բայց ինչ-որ բան հաստատ կփոխվի: Մասամբ դա բացատրվում է երկարատև տնտեսական լճացմամբ: Մասամբ էլ այն սերնդի ձանձրույթով, որի կենսական հեռանկարները լռվել-մնացել են պուտինյան Ռուսաստանի ճահճում: Մասամբ էլ դա այն խորաթափանցությունն է, որով Նավալնին փառազրկում է դաժան կառավարչի պաշտամունքը՝ ներխուժելով նրա վուլգար պալատ և այդպիսով սեղմելով նրա վերքի վրա, գրում է պարբերականը՝ հավելելով, որ Նավալնին, ի տարբերություն Պուտինի մյուս ընդդիմախոսների, սպառնալիքի տակ է դնում գանգստերի հեղինակությունը, փոքրացնում է նրան մարդկանց աչքում:

CNN-ը կարծում է, որ Նավալնիի դատավճիռը միայն ընդգծում է, թե որքան մեծ է ընդդիմադիր այդ գործչի ազդեցությունը Ռուսաստանի քաղաքական կյանքում: «Բազում տարիներ Կրեմլը հանրայնորեն փոքրացրել է Ալեքսեյ Նավալնիի նշանակությունը՝ նրան անվանելով ոչ այնքան ազդեցիկ բլոգեր, որը վայելում է հանրության ոչ մեծ հատվածի աջակցություն»,- հիշեցնում է հեռուստաալիքը:

Ընդ որում, ըստ CNN-ի, վերջին շաբաթներին անցկացված զանգվածային բողոքի ցույցերը Ռուսաստանի մի քանի տասնյակ քաղաքներում եկան հաստատելու, որ և՛ ինքը՝ Նավալնին, և՛ նրա հակակոռուպցիոն հետաքննությունը Կրեմլի համար դարձել են իսկական և շատ լուրջ խնդիր:

Wall Street Journal-ն իր խմբագրականում ընդգծում է, որ Նավալնիին թունավորելու որոշումը կայացրել է անձամբ Պուտինը, որը, ինչպես և իր մերձավոր շրջապատի անդամները, այժմ պետք է որ վախի մեջ լինեն: «Մենք կցանկանայինք այդ սենյակում հայտնվել այն պահին, երբ անցյալ տարի Վլադիմիր Պուտինը խոսում էր այն մարդու հետ, որն առաջարկել էր թունավորել Ալեքսեյ Նավալնիին,- գրում է պարբերականը:- Պուտինին նախկինում էլ սպառնացել են բողոքի ցույցերը, հատկապես 2012թ., բայց այսօր նրա ժողովրդականությունն անկում է ապրում նավթի ցածր գների և արևմտյան պատժամիջոցների պատճառով թուլացող տնտեսության ֆոնին»:

Պարբերականը հիշեցնում է, որ ԱՄՆ նոր պետքարտուղարը հանդես է եկել շատ կտրուկ ուղերձով՝ ուղղված Ռուսաստանի իշխանություններին՝ պահանջելով Կրեմլից անհապաղ և առանց լրացուցիչ պայմանների ազատ արձակել Նավալնիին: Բայց, ըստ թերթի խմբագիրների, այդ կոչը արդյունքի չի հանգեցնի, եթե Մոսկվայի դեմ նոր կոշտ միջոցների մասին չհայտարարի նաև Սպիտակ տունը: «Պուտինի վրա կարելի է տպավորություն գործել, միայն եթե Բայդենի վարչակազմը կարողանա կազմակերպել Արևմուտքի համարժեք պատասխանը, որը կներառի առավել կոշտ պատժամիջոցներ, այդ թվում Կրեմլի տիրոջ մերձավոր շրջապատի ներկայացուցիչների նկատմամբ»,- գրել է թերթը:

Պարբերականը նաև հիշեցրել է, որ Մոսկվան կարող է օգտագործել հիբրիդային պատերազմի արդեն փորձված տարբերակը: «ՆԱՏՕ-ն նույնպես պետք է պատրաստվի արտաքին սադրանքներին, եթե Պուտինը ցանկանա շեղել ռուսների ուշադրությունը ներքին խնդիրներից: Նա արդեն դա արել է, և նախագահ Բայդենը դա հիանալի գիտի: Այն ժամանակ նա զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը»,- գրում է թերթը:

Ավանդաբար հանրապետականներին պաշտպանող New York Post-ն իր խմբագրականում մանրամասն թվարկում է Ռուսաստանի նախագահի՝ բոլորին հայտնի հանցանքները՝ կանխատեսելով, որ Նավալնիի դատավճիռը Մոսկվայի պաշտոնատար անձինք կրկին կանվանեն «Ռուսաստանի ներքին գործը» և կպահանջեն Արևմուտքից չմիջամտել այդ գործընթացին: Թերթը կարծում է, որ դրան պետք է պատասխանել հնարավորինս կոշտ:

Գերմանական Deutsche Welle-ն զրուցել է Արտաքին քաղաքականության գերմանական միության՝ Ռուսաստանի հարցերով փորձագետ Սարա Պագունգի հետ: Վերջինս կարծում է, որ Ալեքսեյ Նավալնին վտանգավոր է Ռուսաստանի իշխանությունների համար այնքանով, որ ակնհայտ ապացուցում է՝ ռեժիմը պարզապես ի վիճակի չէ վերահսկել ամեն ինչ, իսկ իրական ընդդիմություն ձևավորել հնարավոր է: Նրա խոսքով՝ Նավալնիին վերջին տարիներին, չնայած իշխանությունների բոլոր ճիգերին, հաջողվել է բարձրացնել իր հեղինակությունը ռուսների շրջանում: Եվ դա նրան հաջողվել է, չնայած նրան, որ նրան գրեթե եթեր չէին հատկացնում հեռուստատեսությամբ, և նա գրեթե չէր հայտնվում է խոշոր տպագիր թերթերի էջերում: Ուստի, միանգամայն հասկանալի է, որ ռեժիմի տեսանկյունից վտանգավոր է ազատ արձակել ընդդիմության առաջնորդին աշնանը սպասվող ընտրությունների նախաշեմին, գրում է DW-ն:

Ինչպես գրում է ֆրանսիական Le Parisian-ը, դեռ վերջերս նա մեկն էր, ում անունը երբեք չէր հնչում: Ալեքսեյ Նավալնին կարծես Վոլան դե Մորտը լիներ, որի անունը չէր հնչում ռուսական պետական մեդիամոլորակում:

Վլադիմիր Պուտինը, հատկապես, ջանասիրաբար փորձում էր երբեք բարձր չարտասանել իր ամենամոլի քաղաքական հակառակորդի անունը: Այժմ, բազմաթիվ հանրահավաքներից և ընդդիմության առաջնորդի ձերբակալությունից հետո իրավիճակը փոխվել է:

«Անկասկած, նա ճանաչում է ձեռք բերել: Բայց կա փոփոխություն այն բանում, թե ինչպես են նրան ընկալում Արևմուտքում, որտեղ նա մարմնավորում էր Պուտինի ընդդիմությանը, և Ռուսաստանում, որտեղ առավել լայն քաղաքական դաշտ կա: Վարչակազմի բոլոր հակառակորդները չեն, որ պատրաստ են համախմբվել նրա շուրջ, իսկ ոմանք էլ նրան մեղադրում են, թե նա գործում է միայնակ, չստեղծելով կուսակցություն կամ չդատապարտելով Ղրիմ ներխուժումը»,- պարբերականի հետ զրույցում ասել է Արևմտյան Փարիզի համալսարանի գիտաշխատող Աննա Կոլին Լեբեդևան:

«Նրա ցուցաբերած խիզախությունը (խոսքը Նավալնիի՝ Ռուսաստան վերադառնալու մասին է- խմբ.) նրան բարոյական կշիռ է տալիս, որը նա նախկինում չուներ: Անգամ ամենասկեպտիկ տրամադրություններով ռուսներն այսօր կասեին, որ իրական հակապուտինյան դեմքը հենց Նավալնին է»,- Լեբեդևայի խոսքերն է մեջբերում պարբերականը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728