«Ես շատ զարմացա՝ պարոն Գորգիսյանի հայտարարությունը կարդալով, քանի որ, նա, լինելով երկու գումարումների փորձառու պատգամավոր և ունենալով բավականաչափ լավ կրթություն, չէր կարող չհասկանալ, որ այդպիսի հայտարարության տակ պետք է դնել սկզբնաղբյուրի հղումը, այլ ոչ թե ինձ վերաբերող խոսքեր պարունակող ինչ-որ լրատվամիջոցի նյութ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը:
Ըստ լրատվամիջոցներում հրապարակված լուրերի, Անուշ Բեղլոյանն ասել է, թե մենք պետք է առաջ նայենք, չվերադառնանք անվերջանալի քննարկումներին՝ ով է եղել առաջինը, ում պատմական հողն է: Կամ՝ կարևոր է ընդունել փաստը, որ խաղաղապահներն արդեն այստեղ են։ Ինչն էլ որ նրանց բերել է այստեղ՝ մենք չենք կարող փոխել իրողությունը։ Եվ քանի որ նրանք արդեն այստեղ են ու մնալու են առաջիկա 5 տարին, մենք պետք է օգտագործենք այդ ժամանակը, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ապահովենք անվտանգ կյանքի պայմաններ հայերի և ադրբեջանցիների համար, եթե վերջիններս ցանկանան վերադառնալ:
Այսօր Բեղլոյանը պնդեց, որ այդպիսի հայտարարություններ չի արել. «Առաջին. ես ասել եմ, որ հայ գերիները պետք է անմիջապես վերադարձվեն, հիմնավորել եմ դա և ադրբեջանական կողմը չի կարողացել հակադարձել: Երկրորդ. ես ասել եմ, որ այն հարցը, թե որն է Ղարաբաղի կարգավիճակը, պետք է քննարկվի ոչ թե սեմինարի, այլ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ: Այլ բան չեմ ասել: Միակ նախադասությունը, որի վրա կառուցվել է ողջ սուտը, եղել է ի պատասխան թուրք ներկայացուցչի այն պնդմանը, որ Արցախում վերականգնվել է պատմական արդարությունը: Ես նրան պատասխանել եմ, որ հայերից ավելի լավ պատմական մեջբերումներ անել որևէ մեկը չի կարող: Ի նկատի ունենալով՝ որ Ադրբեջանը երեսուն տարի պատմություն հորինելով փորձում է հստակեցնել Արցախի կարգավիճակը, բայց հայերի անտիկ մեջբերումները ապացուցում են հակառակը: Նաև կոչ եմ արել, որ խոսակցությունն այդ համատեքստում այլևս չշարունակվի: Ես ասել եմ, որ երեսուն տարի այս խոսակցությունները ձեզ բերեցին պատերազմի, հանգեցրին պատերազմի: Ադրբեջանական մամուլը և որոշ մեկնաբաններ, խեղաթյուրողներ աշխատում են իրար հետ: Իմ խոսքերը խեղաթյուրվել են, ինձ վերագրվել են արտահայտություններ, որոնք ես չեմ ասել, կոնտեքստից կտրված արտահայտության վրա հնարվել են այլ խոսքեր: Համատեքստը կարևոր է. ասում եմ, որ ձեր խոսակցությունները, թե ումն է հողը, ով է առաջինն այդտեղ եղել, կարևոր չեն՝ այն համատեքստում, որ հայերից լավ որևէ մեկը հիմնավորել չի կարող: Նորից եմ ասում, դա հումոր էր, ծաղրանք էր և համատեքստում հնչում էր իմ նկարագրած իմաստով»:
Կարդացեք նաև
Վերջում Անուշ Բեղլոյանը հերթական անգամ պնդեց, որ իր խոսքերը խեղաթյուրվել են. «Ես իմ ասածի համար պատասխանատու եմ և չեմ ասել այն, ինչ ինձ վերագրում են, իսկ ինչ ասել եմ, ասել եմ համատեքստում»:
Հիշեցնենք, որ այսօր Ազգային Ժողովի դիմաց կայացած ցույցի ընթացքում ցուցարարները տիկին Բեղլոյանի նկարների վրա «Դավաճան» մակագրությունն էին գրել եւ ոտնատակ տվել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ