Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանա լճի ավազանի համար կառավարությունը մշակում է գետավազանային կառավարման առաջին պլանը

Փետրվար 03,2021 15:22

Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սերանոյին և միջազգային համագործակցության պատասխանատու Անդրեա Բագգիոլիին։

Նախարարի տեղակալը, ողջունելով գործընկերներին, շեշտել է նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը՝ Հայաստանի և միջազգային դոնոր կազմակերպությունների միջև համագործակցության ռազմավարական ուղղությունները և առաջնահերթությունները հստակեցնելու համատեքստում։

Գլոբալ բնապահպանական հիմնախնդիրների հասցեագրման, շրջակա միջավայրի արդյունավետ կառավարման նպատակով ԵՄ աջակցությամբ իրականացվում են մի շարք ազգային և տարածաշրջանային բնապահպանական ծրագրեր։

Կողմերը մասնավորապես անդրադարձել են՝

«ԵՄ-ն Սևանի համար» ծրագրին, որի նպատակն է բարելավել Սևանա լճի ջրահավաք ավազանի ջրի մշտադիտարկման ու կառավարման կարողությունները, բարելավել էկոհամակարգի բարենպաստ և ջրախնա հողօգտագործման ու մշակման փորձառությունների իրականացման կարողությունները, ինչպես նաև՝ բարելավել Սևանա լճի էկոհամակարգի կառավարումը։

ԵՄ «Ջրային նախաձեռնություն+» ծրագրին, որն ուղղված է ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման համակարգի մշակման և իրականացման մարտահրավերների հաղթահարմանը։ ՀՀ կառավարությունն այս ծրագրի օժանդակությամբ Սևանա լճի ավազանի համար մշակում է գետավազանային կառավարման առաջին պլանը, որի նպատակն է երկարաժամկետ կտրվածքով ջրային ռեսուրսների կառավարման կառուցվածքավորումն ու բարելավումը ավազանային մակարդակում։

«ԵՄ-ն շրջակա միջավայրի համար» ծրագրին, որի նպատակն է օժանդակել Արևելյան գործընկերության 6 երկրի բնական կապիտալի պահպանության և տնտեսական աճը խթանելու գործում կանաչ աճին նպաստող հնարավորությունների բացահայտմանը, բնապահպանական ռիսկերի և ազդեցությունների ավելի արդյունավետ կառավարման մեխանիզմների կիրառմանը՝ արդյունքում զարգացնելով կանաչ էկոնոմիկան։

Քննարկվել են նաև 2019թ․ հունիսից Շրջակա միջավայրի նախարարության կողմից մեկնարկած ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի՝  «Շրջակա միջավայր և Կլիմայի փոփոխություն» գլուխների միջոցառումների իրականացման աշխատանքները։

Անդրադարձ է կատարվել ԵՄ-TAIEX փորձագիտական առաքելության շրջանակներում տեղի ունեցած սեմինար-քննարկումներին և Շրջակա միջավայրի նախարարության կողմից մեկնարկած ԵՄ-Թվինինգ տեխնիկական աջակցության գործիքի շրջանակներում «Կենդանական աշխարհի մասին» և «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքների վերանայման գործընթացին։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ նախարարությունը հետաքրքրված է նաև ԵՄ «կանաչ գործարքի» կիրարկման գործընթացին ՀՀ ներգրավման հնարավորությամբ։

Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ կողմերը փաստել են, որ թե՛ օրենսդրական, թե՛ ինստիտուցիոնալ և թե՛ կարողությունների զարգացման առումով արդեն իսկ ունենք իրական առաջընթաց։

Շրջակա միջավայրի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728